Ապատեղեկատվություն ինտերնետում. «bing.com» կայքի աշխարհի քարտեզում Հայաստանի ու Ղարաբաղի տարածքների վրա գրված է Ադրբեջան

ՄՇԱԿՈՒՅԹ | | September 22, 2009 18:38

www.bing.com/maps  կայքում տեղադրված է աշխարհի քարտեզը, որի վրա Հայաստանը երևում է միայն մի քանի տասնյակ անգամ մոտեցնելիս: Փոխարենը` քարտեզը միջին չափով դիտելիս տեսնում ես, որ Հայաստանի` «աղջկա տեսքով» տարածքի վրա գրված է Ադրբեջան, իսկ ԼՂՀ տարածքի վրա՝ Խանկենդի (Ադրբեջանում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը կոչում են Խանկենդի):

Աշխարհի մասշտաբով գործում են ինտերնետային մի քանի հեղինակավոր կայքեր, որոնք քարտեզներ են տարածում կամ տրամադրում այլ կայքերի. դրանցից են ` yandex.ru –ն, mail.ru-ն, www.bing.com/maps/-ը, Google-ը և այլն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անկախ փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ կան կայքեր, որտեղ դրված քարտեզներն ընդամենը նյութը  պատկերավոր դարձնելու համար են, ու կայքի պատասխանատուները խորամուխ չեն  լինում դրա ճշգրտության մեջ. «Մարդիկ հիմնականում գտնում են հին քարտեզներ ու դրանք օգտագործում իրենց հրապարակումներում և ոչ ոք, հիմնականում, ժամանակ չունի՝ստուգելու քարտեզի ճշգրտությունը»:

Փորձագետի խոսքով`կան կայքեր, օրինակ՝ Google-ը, որն առանց հավաստիությունը ստուգելու ոչ մի քարտեզ չի տեղադրում: Չի տեղադրում նաև Ղարաբաղի քարտեզն առանձին` պատճառաբանելով, որ ճանաչված չէ:

« yandex-ն ու mail-ը սեփական քարտեզներ չունեն և օգտագործում են Լոնդոնում տեղակայված քարտեզագրական միության տվյալները,- «Անկախ»-ին ասաց Մարտիրոսյանը,-Եթե միության քարտեզների մեջ փոփոխություններ մտնեն հօգուտ մեզ, ինչի ուղղությամբ հիմա աշխատում ենք, ապա շատ ինտերնետային կայքերում մենք կունենանք մեր ցանկալի քարտեզները»:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն ու նախագահականում գործող Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը համատեղ ջանքերով կարողացել են Google-ում մի շարք քարտեզներ փոխել`ադրբեջանական հերթական խարդավանքին այդպես հակահարված տալով:

Տեղեկատվության կենտրոնից «Անկախ»-ին փոխանցեցին, որ ԱԳՆ-ի հետ համատեղ այժմ իրենք զբաղվում են մեծ կայքերով, ինչպիսիք են yahoo-ն, bing-ը, yandex-ը և այլն՝ քարտեզները ճշտելով: Ճշտելու հարցում նրանց հետ համագործակցում է քարտեզագրության մասնագետ սփյուռքահայ Ռուբեն Գալիջյանը:

Դիտվել է 1991 անգամ:
Print Friendly

Leave a Reply