“Անկախում” իր առաջին քայլերն անող լրագրողն արժանացել է “Լավագույն ուսանողական աշխատանք” անվանակարգի առաջին տեղին

ԷՍՍԵ | | December 29, 2011 20:45


Ի՞նչն է այսօր ավելի կարևոր` դիպլոմ ունենալը, թե՞ կրթված լինելը: Հարյուր անգամներ ծամված “օժիտի համար դիպլոմ” արտահայտությունը մի սառեցնող ապտակ է գիտելիքի ձգտող մարդու դեմքին: Դե իսկ «տղաների համար ծառայությունից պլստալու միջոց»-ը աքացի է կրկին գրագետ մարդկանց համար:

Հաստատ ձեր շրջապատում կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր սովորելու մեծ տենչ ունեն: Եվ այդ ցանկությունը գալիս է մի նոր արհեստ ունենալու, նոր ուսմունքին տեղյակ լինելու անհրաժեշտությունից: Տեղին է հիշել գերմանացի մանկավարժ Ադոլֆ Դիստերվեգի կարծիքն այն մասին, թե կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

Ի՞նչ արժեք ունի այսօր կրթությունը: Չեմ ասում գին: Գին ունի լոլիկը, որ վաճառում են շուկայում, կամ շրջազգեստը` նորաոճ հագուստի խանութում: Կրթությունն արժեք է, ձեքբերում: Անդրադառնանք նրանց, ովքեր գնահատում են այս արժեքը, ովքեր այդ դիպլոմն իրենց ապագա ամուսնու մորը չեն նվիրելու` ապացուցելու համար, որ մի բան «արժեն»:

Ոսկեհատ Նալբանդյանը 37 տարեկան է: Ծնունդով Ստեփանավանի շրջանի Կուրթան գյուղից է: Ունի երկու տղա, որոնցից մեկը` ուսանող: Բայց արի ու տես, որ այս ընտանքիում երկու ուսանող կա, երկրորդը հենց Ոսկեհատն է: Նա սովորում է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի “Տարրական կրթություն և մեթոդիկա” բաժնի չորրորդ կուրսում:

Ինչպե՞ս եղավ, որ այս տարիքում նստեց ուսանողական սեղանին, սկսեց պարտաճանաչորեն դասերի հաճախել, գերազանց սովորել ու դարձավ համալսարանի օրինակելի ուսանողներից մեկը: Ոսկեհատի մանկության երազանքն էր դառնալ մանկավարժ ու դասավանդել երեխաներին, ինչպես իր առաջին ուսուցչուհին: Երազել էր երկար, շատ երկար: Ոչ մի րոպե սովորելու, բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը նրան չէր լքում: Եւ ահա նրա երազանքն իրականություն է դառնում մոտ 25 տարի անց: Ամուսինը, որն ամուսնության առաջին տարիներին դեմ էր կնոջ սովորելուն, հանկարծ փոխում է վերաբերմունքը: Հիմա էլ երեկոյան ժամերին, երբ Ոսկեհատը հարցնում է տղաներին, թե դասերը սովորե՞լ են, վերջիններս ուսանող մոր հարցին հարցով են պատասխանում.“ Իսկ դու՞”:

Ոչ պակաս սովորելու ցանկություն է ունեցել Տաթևիկ Բալասյանը, ում ԲՈՒՀ դիմելու հիմնական “մեղավորը” եղել է, ոչ ավել ոչ պակաս…. իր սկեսրայրը: Տաթևիկը ծնվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, նախնական կրթությունը ստացել այդտեղ: Ամուսնացել է վաղ հասակում` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, և տեղափոխվել նույն մարզի Լուսաձոր գյուղ:

«Բախտս բերեց, որ ամուսնուս` Տիգրանի ընտանիքում ուսումը գնահատող մարդիկ են,-պատմում է:-Սկեսրայրս էլ մի օր ասաց` աղջիկ ջան, դու պետք է համալսարանում սովորես, գիտեմ, որ շատ ես ուզում»: Երեք երեխաների մոր համար անսովոր էր իրենից տասը տարով փոքր պատանիների նման դիմել բուհ, հանձնել քննություններ: Իսկ սկեսրայր Արամայիսն ասում էր.“Ամենքն իրենց համար են սովորում”: Ու սկսվեց: Մի կողմից հսկայական տնտեսությունը` կովեր, խոզեր, ընտանի թռչուններ, մյուս կողմից` ուսումն ու ընտանեկան հոգսերը: Բայց ընտանիքը հաստատապես որոշել էր, որ նա պետք է բարձրագույն կրթություն ստանա: Այսօր բազմազավակ մայրը սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանասիրական ֆակուլտետում, միաժամանակ մնալով իր երեխաների հպարտության առարկան, զուգահեռ էլ աշխատում է գյուղի գրադարանում:

Այս կանանց պես նորն իմանալու, աշխարհը բացահայտելու մեծ ձգտում ունի նաև Արմեն Բայադյանը, 33-ամյա սարկավագը:

Դպրոցն ավարտելուց տարիներ անց որոշում է հոգևորականի ճանապարհով գնալ: “Աղանդների դեմ պայքարն ինձ եկեղեցի բերեց”,-իր որոշումն այսպես է մեկնաբանում զրուցակիցս: Սրան հաջորդում է իրավագետի մասնագիտության ուսուցումը: “Ինչո՞ւ հենց իրավագիտություն”` հարցիս պատասխանեց, որ հեթանոսության ժամանակաշրջանում դատավոր էր համարվում քրմապետը, իսկ քրիստոնեության ընդունումից հետո` կաթողիկոսը: “Իրավագիտությունը ուղիղ  առնչություն ունի կրոնի հետ”,-հավելում է Արմենը:

Երրորդ մասնագիտությունը, որ Արմենը սովորել է ԵՊՀ-ում, սոցիոլոգի մասնագիտությունն էր: Պարզվում է, որ մեր երրորդ հերոսը հոգևոր գործունեության ընթացքում ունեցել է նաև սոցիալական ուղղվածության խնդիրներ և որոշել է յուրացնել նաեւ այս գիտելիքները: Չբավարարվելով այսքանով` նա մինչ օրս շարունակում է սովորել, հարստացնում սեփական մտքի գանձարանը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մասնակցելով տարաբնույթ սեմինարների` սովորել է և´ ժեստերի լեզուն, և´ գործավարություն, և´ գործնական հոգեբանություն: Ասում է, որ վերջինի մեջ խորանալ է ուզում, որն էլ երևի թե իր երկարատև ուսումնառության վերջնականգառը կլինի: «Սակայն ինչ իմանամ»,-այստեղ խորամանկ ժպտում է:

Միգուցե դժվար է հասկանալ այս երիտասարդին, ով անընդհատ ուսանողի կարգավիճակում է, ով գուցեև խտացրել է իր մեջ ամենաբազմազան գիտելիքներն ու ուսմունքները: Բայց նրա բազմակողմանի զարգացվածությունը ոչ թե ինքնադրսևորման նպատակ է հետապնդում, այլ աշխարհճանաչողության և աշխարհընկալման:

Տաթևիկը, Ոսկեհատն ու Արմենն այն եզակի մարդկանցից են, ովքեր կրթությանն ու ուսումնառությանը վերաբերվում են ամենայն լրջությամբ: Նրանց կարելի է վերագրել “Ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում” նշանաբանը, որով առաջնորդվում են գուցեև իրենց կամքից անկախ:

Սովորելու համար երբեք ուշ չէ, կարևորը ցանկությունն է ու նաև միջավայրի աջակցությունը: Սովորող մարդիկ գովեստի ու բարձր գնահատանքի են արժանի: Նրանք սովորում են` մեկն իր մանկության երազանքն ի կատար ածելու համար, մյուսը գրականության հանդեպ մեծ սեր ունենալու մղմամբ, իսկ երրորդներն էլ պարզապես գրագետ կոչվելու ցանկությունից:

Եւ հետո, հիշենք, որ բոլորը սովորելու հավասար իրավունք ունեն: Տարիքային սահմանն էլ ոչ մի դեր չի խաղում:

Քրիստինե Տեր-Մաթեւոսյան

 

 

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply