Ցմահ դատապարտյալի գիրքը` ազատության մասին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 15, 2011 21:43

Այսօր «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում կայացավ ցմահ ազատազրկման դատապարտված 35-ամյա Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսը: Արդեն 15 տարի ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանը 1996 թ-ին դատապարտվել էր մահապատժի (2003-ից` ցմահ ազատազրկման)` սպանության մեղադրանքով: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ ինքը մարդասպան չէ:

Գրքի վաճառքից ստացված հասույթը հեղինակը փոխանցելու է քաղցկեղով տառապող երեխաներին: Գրքի տպագրությունն ու շնորհանդեսը իրականացել են «Սարգիս Խաչենց ու Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի շնորհիվ:Ազատազրկված-հեղինակը գիրքը նվիրել է մորը:

Շնորհանդեսի ժամանակ նրա մայրը կարդաց որդու նամակը` ուղղված ներկաներին, որտեղ մասնավորապես նշված էր. «Երբ այս տողերը կարդացվեն, իմանալով որ դուք լսում եք, ես ինձ ազատ կզգամ ձեր կողքին, բանտի կիսամութ ու փոքր խցում նստած` մտքով ու հոգով կհայտնվեմ լուսավոր մանկության վարդագույն քաղաքում, Աբովյանով կզբոսնեմ, երևակայածս արվեստի կամուրջը ինձ կբերի ձեզ մոտ, կողքից ուշադիր կնայեմ, հետո մեկ առ մեկ կմոտենամ յուրաքանչյուրիդ, կզրուցենք…»:

Գրքում ներկայացված են բանտում գրված նրա պատմվածքները, հրապարակումները, նամակներն ու էսսեները: Մոր խոսքով, Մհերի գիրքը ազատության մասին է և ազատության տենչ է:

Մհեր Ենոքյանը նաև նկարում է: Շնորհանդեսին ներկայացված էին նրա գրաֆիկական աշխատանքները: Գրքի ձևավորումը, կազմումն ու սրբագրումը ևս հեղինակինն է:

Շնորհանդեսին` բազմաթիվ արվեստագետների շարքում, ներկա էր նաև հայտնի դերասան-բեմադրիչ Վարդան Պետրոսյանը, ով ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ է: Վերջինս նշեց, որ նախաձեռնության կողմից բազմաթիվ նամակներ են ուղղել համապատասխան կառույցներին` այդ թվում նաև ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Հայաստանում վերաբացվեն ցմահ դատապարտյալների գործերը և ուսումնասիրեն` հաշվի առնելով  դատական սխալների հավանականությունը: Վարդան Պետրոսյանի խոսքով, Մհերի գործունեությունը մեր իրականության մեջ աննախադեպ է:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը երկու անգամ փախուստ է կատարել բանտից` 2004 և 2009 թվականներին: 32 օր մնալով ազատության մեջ` նա չի կատարել որևէ հանցագործ արարք: «Որդիս հանցագործ չէ,-ասում է նրա մայրը,-լինելով ծայրահեղ պայմաններում` նա ռոմանտիկ ու կարոտով շրջել է Երևանում, գնացել սահադաշտ, քայլել կենտրոնական փողոցներով»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով, Մհերի քրեական գործը զավեշտի է նման և վկայում է ծածկադմփոցի մասին:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply