Վարչապետը հանդիպել է Լիբանանի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 16:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին: Միշել Սուլեյմանի և Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո, բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարևորվել են հայ և լիբանանցի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովները, որոնք կարող են խթանել երկկողմ ներդրումները: Ընդգծվել է համագործակցության արդյունավետ մակարդակը բանկային ոլորտում, որտեղ առկա է ներդրումների մեծ ներուժ, ինչպես նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում ու գյուղատնտեսության զարգացման առումով: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու համար: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության առկա ներուժի օգտագործմանը, ինչին կարող է նպաստել ավիաչվերթների պարբերականության ավելացումը։

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply