Պաշտոնական այցով Հայաստանում է Լիբանանի նախագահը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 16:27

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը կնոջ՝ Վաֆաա Սուլեյմանի հետ:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծառ տնկել Հիշողության պուրակում:

ՀՀ նախագահի նստավայրում Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունները:

Ողջունելով Լիբանանի նախագահին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը պարտավորեցնում է ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանի ու Լիբանանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանին պարգևատրել է Պատվո շքանշանով:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Լիբանանի արժանիքների բարձրագույն աստիճանի շքանշանով:

Լիբանանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ լիբանանյան կողմի ցանկությունն է երկու երկրների միջև հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Նախագահ Սուլեյմանը կարևորել է լիբանանահայ համայնքի դերը ինչպես հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման գործում, այնպես էլ իր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, կառավարման և այլ բնագավառներում:

Բանակցություններից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև 2012-2014թթ. համար մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև շրջակա միջավայրի բնագավառում համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև «Համապատասխանեցման վկայականների փոխճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման բնագավառում համագործակցության մասին» արձանագրություն, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Լիբանանի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

 

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply