Երեւանը Ամանորին կներկայանա աննկարագրելիորեն լուսավորված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 16:21

Ամանորյա եռուզեռն արդեն սկսվել է, եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները մտահոգված են անելու ամեն ինչ, որպեսզի տոնը նշվի հավուր պատշաճի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա խոսքով’ քաղաքը տոնական օրերին աննկարագրելիորեն լուսավորվելու է: Նրա խոսքով’ լուսավորությունն այս տարի կավելանա մոտ հիսուն տոկոսով: Քաղաքը կներկայանա երեւանցիներին նոր ձեւավորմամբ: «Եթե նախորդ տարի Երեւանի քսանվեց փողոցներ էին ձեւավորվել, ապա այս տարի այն մոտ հիսուն տոկոսով աճել է եւ հասել է երեսունութի»,- ասաց նա: Վարչության պետը նշեց, որ հանրապետության գլխավոր տոնածառը անցյալ տարվա նման կունենա երեսունմեկ մետր բարձրություն, կազմված կլինի սանիտարական էտման արդյունքում բերված շուրջ վեց հազար ճյուղերից, ինչպես նաեւ կզարդարվի չորս հազարից ավելի խաղալիքներով:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբր տոնածառը գրեթե պատրաստ է եւ այն կտեղադրվի համապատասխան ժամկետից շուտ’ Արազ Բաղդասարյանը նշեց, որ ձեւավորման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: «Այժմ կան լուսավորման հետ կապված փոքրիկ տեխնիկական հարցեր, որոնք լուծվում են»,- նշեց նա’ հավաստիացնելով, որ տոնածառը «կներկայանա» ամբողջությամբ դեկտեմբերի քսանին’ տոնածառի լույսերի վառման արարողությանը: Բացի Հանրապետության հրապարակի կենտրոնական տոնածառից’ բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառեր:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply