Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 7, 2011 17:03

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ու Վերականգնման վարկերի բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավարները:

Շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարեւորել է գերմանական քաղաքների և Երևանի  միջև տեղական ինքնակառաման համակարգում գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հեռանկարները։

«Հաշվի առնելով Ձեր փորձն ու հաջողությունները քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում`վստահ եմ, որ այն հաջողությամբ կկիրառեք նոր քաղաքապետի պաշտոնում»,-նշել է դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` քաղաքապետը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, նշելով, որ Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է քաղաքային գործընկերային ձեւաչափով համագործակցության ակտիվացման եւ գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը`սերտ մասնակցություն ակնկալելով քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ համատեղ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես ծրագրերում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Որպես Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատգամավոր`քաղաքապետը փաստել է, որ գերմանացի գործընկերների հետ ձեւավորված հարաբերությունները պետք է դառնան ավելի գործնական եւ ամրապնդվեն համատեղ իրականացվող ծրագրերով:

Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն իր հերթին նշել է, որ Հայաստանում  ներկայացված գերմանական կազմակերպությունները մեծ փորձ ունեն քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների համակարգման ոլորտում եւ պատրաստակամություն է հայտնել իր առաքելոթյան շրջանակում նպաստել փոխադարձ կապերի ամրապնդմանն ու գերմանական կողմի մասնակցությանն այդ ծրագրերում:

Տարոն Մարգարյանը նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռնարկել է Վերականգնման վարկերի բանկի հետ, կունենան իրենց շարունակությունը եւ հույս է հայտնել, որ կգտնեն նաեւ համագործակցության այլ եզրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply