Երևանցիներին գոհահացնելը պետք է լինի «Երևան Ջուր» ընկերության թիվ մեկ խնդիրը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 2, 2011 12:58Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլին և «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին : Շնորհավորելով մայրաքաղաքում ընկերության հնգամյա գործունեության կապակցությամբ, քաղաքապետը նշել է, որ այս ընթացքում եղել են թե ձեռքբերումներ և թե բացթողումներ։ Այդուամենայինիվ Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենի վերջին փոփոխությունից հետո մատուցվող ծառայությունների առումով դրական տեղաշարժ է արձանագրվել:
Խոսելով «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարման մասին, Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի արդյունքում կբարելավվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, օպերատիվ լուծում կստանան առկա խնդիրները, որոնցից գլխավորը մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:
«Հույս ունենք, որ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ձեր խոստումը կապահովեք հնարավորին կարճ ժամկետում: Սա թե մեր, և թե մեր համաքաղաքացիների հիմնական ակնկալիքն է ձեզանից: Եվ դա պետք է լինի առարկայական, այլ ոչ թե փաստաթղթային տեսքով: Համոզված եմ դուք էլ կհամաձայնեք, որ ձեր աշխատանքի իրական գնահատականը տվողը պետք է լինեն երևանցիները, ովքեր իրականում պետք է զգան դրական փոփոխությունները: Կարծում եմ նախ և առաջ պետք է հասնել նրան, որ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պահպանվի նաև ամռանը, ինչն էլ կհանդիսանա ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագույն գրավականը» – նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են այս հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ընկերությանը:
«Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլն իր հերթին նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա, անդրադառնալով Երևանի քաղաքապետի նշած թերացումներին ու դիտարկումներին, պարտավորվել է հաշվի առնել ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` դրանք շտկելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը մի շարք առանցքային խնդիրներ արդեն լուծված կլինեն և քննարկում կծավալվի նոր ծրագրերի շուրջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն