Աղջիկ փախցնելու ավանդույթն ու դրա զոհերը. 5 կնոջ պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | December 1, 2011 16:12

Թվում է, թե վաղուց մեր կյանքից վերացել է աղջիկ փախցնելու արատավոր երևույթը կամ  վերածվել հարսանեկան ծախսերից խուսափելու մի տարբերակի, որի դեպքում աղջիկը տեղյակ է, որ իրեն պիտի  «փախցնեն», և այդքանով ավարտվում է ամուսնական արարողությունը կամ որ հարսնացուն ինքնակամ փախչում է սիրած տղայի հետ, քանի որ ամուսնությանը խոչընդոտողներ կան: Սակայն բռնի կերպով աղջիկ փախցնելը շատ վայրերում` հատկապես հեռավոր մարզերում ու գյուղերում, դեռևս արդիական է` իր ավանդական ու «դասական» բոլոր դրսևորումներով: Ներկայացնում ենք 5 կնոջ պատմություն, որոնց ճակատագրերը խաթարվել են հենց անբնական ու հակաբարոյական այդ երևույթի պատճառով:

«Երազում էի բժշկուհի դառնալ, բայց…»

«Դպրոցում սովորում էի գերազանց: Երազում էի բժշկուհի դառնալ: Ավարտեցի, ընդունվեցի բժշկական ինստիտուտ, և թվում էր, թե արդեն իրականություն է դառնում իմ երազանքը, սակայն 5-րդ կուրսում իմ ապագա ամուսինն ինձ բռնի կերպով փախցրեց:

Նա ինձնից 20 տարով մեծ էր և հիվանդ: Ես նրան չէի ճանաչում և գաղափար անգամ չունեի նրա մասին: Փողոցում հանկարծակի հարձակվեց, բռնի ուժով մտցրեց մեքենան և տարավ անհայտ ուղղությամբ: Ես հանկարծակիի եկա, շատ վախեցա, և կոպտություններին չդիմանալով` գիտակցությունս կորցրեցի: Հետո հայտնվեցի անծանոթ բնակարանում: Ինձ սկսեցին սպառնալ, որ եթե չենթարկվեմ, հանրապետությունից կհանեն, կվնասեն եղբորս, և ամենակարևորը` իմ ինստիտուտն ինձ համար հիշողություն կդառնա: Եվ ես ստիպված ենթարկվեցի:

Պարզվեց, որ իմ ամուսինը հոգեկան հիվանդ է, տառապում է մոլագար խանդով: Ես անմիջապես հղիացա: Միակ երազանքս երեխա ունենալն էր, դրա հետ էի կապում վերջին հույսս: Սակայն կրկին բռնության ենթարկվեցի: Ամուսինս ինձ տարավ բժշկի: Բժիշկն ինչ որ հաշվարկներ արեց և իմ ծննդաբերության օրը նշեց 4 օր շուտ, քան մեր հաշվարկածն էր: Սա բավական էր, որ նա ինձ տուն տաներ և ահավոր ծեծի ենթարկեր: Մարմինս ամբողջովին կապտուկներով էր ծածկվել: Մի քանի օր անց ինձ տարավ բժշկի և պահանջեց պտուղը հեռացնել:

Հետո նորից հղիացա, 2 զավակ ունեցա: Բայց շարունակում էի ապրել իսկական դժոխքում: Հիմա արդեն ամուսնուս չեմ մեղադրում` հասկանալով, որ նա հոգեկան հիվանդ է. ինձ նույնիսկ զուգարան չէր թողնում մենակ գնալ, իսկ քնելուզ առաջ մահճակալներից մեկը քաշում էր դռան մոտ, գլխի տակ էլ կացին դնում, որ իմ «սիրեկանին» սպանի: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նա չընդունեց մեր երկրորդ երեխային` հայտարարելով, թե իրենից չէ: Նույնիսկ հիվանդանց չեկավ և հրաժարվեց երեխային անուն դնելուց: Փոքրիկին հիվանդանոցից տուն բերելուց հետո նա կռիվ սարքեց, կացինը ձեռքին հարձակվեց ինձ վրա և հայտարարեց, որ ինձ էլ կսպանի, երեխային էլ, բժշկին էլ: Սկեսուրս մի կերպ ինձ ու երեխաներիս փախցրեց, նստեցրեց մեքենան, բերեց իմ հայրական տուն, թողեց դռան առջև և հեռացավ: Ծնողներիս օգնությամբ ոտքի կանգնեցի, ուսումս շարունակեցի, ավարտեցի: Հիմա աշխատում եմ: Ինձ թվում է, որ դա մի դաժան և սարսափելի երազ էր»:

 

«Պարզվեց, որ քեռիս ինձ փախցրել է աներձագի համար…»

«Ծնվել և մեծացել եմ գյուղում: Գեղեցիկ աղջիկ էի: Ինձնով շատերն էին հետաքրքրվում և ցանկանում ինձ հետ ամուսնանալ: Բայց ծնողներս ուզում էին, որ ավարտեի քոլեջը, հետո ամուսնանայի: Մի օր քեռիս իր աներձագի հետ` վերջինիս ավտոմեքենայով, եկավ Վարդենիս` քոլեջ, և ասաց, որ տատս է մահացել, ու ինքը եկել է ինձ տանելու: Ես շատ էի սիրում տատիկիս և շատ հուզվեցի: Ամբողջ ճանապարհին լաց էի լինում և հարցնում, թե ինչպե՞ս  եղավ, որ իմ առողջ տատիկը հանկարծակի մահացավ: Երբ հասանք գյուղի ծայրը, քեռիս իջավ մեքենայից և աներձագին բարի բախտ մախթելով` գնաց: Ես սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց պարզվեց, որ քեռիս ինձ փախցրել է աներձագի համար:

Ապագա ամուսինս մեքենան կատաղի արագությամբ քշեց, և հեռացանք գյուղից: Նա բռնությամբ տիրացավ ինձ, որից հետո եկանք գյուղ ու սկսվեց իմ տառապալի կյանքը: Ամուսինս հարբեցող, աշխատածը վատնող, բռի, անկիրթ ձկնորս է: Նա ինձ արգելեց իմ հարազատների հետ կապ ունենալ: Ես դարձա ստրուկ, տնից դուրս գալու իրավունք չունեմ: Ավելի անտանելի է սկեսուրս` մի անկիրթ ու խելագար կին, որի ամբողջ հետաքրքրությունը գուշակների մոտ գնալը, սրան-նրան թուղթուգիր անելը և իր ընտանիքը թուղթուգրից ազատելն է:

Ընտանիքը մեծ է, երկու եղբայր միասին են ապրում: Ամբողջ տան, գոմի, բակի, հողամասի հոգսերը երկու հարսներիս վրա է: Առավոտյան պետք է շատ շուտ արթնանանաք, կովերը կթենք, գոմն աղբից մաքրենք, հողը մշակենք, երեխաների խնամքը հոգանք: Իսկ երեկոյան, երբ մեր ամուսիններըը հարբած տուն են գալիս, և ինչ որ բան պակաս է լինում, սկսվում են ծեծուջարդն ու հայհոյանքները: Հիմա էլ ամուսինս կապվել է ուրիշ կնոջ հետ և օրերով տանը չի լինում: Երևի լավ է, որ տանը քիչ է լինում, որովհետև գալիս է միայն ինձ վիրավորելու և ստորացնելու համար»:

 

«Ես խուճապի մեջ էի, հասկացա, որ հատուկ են կազմակերպել….»

«24 տարեկան էի, երբ հանդիպեցի մեկին, որը կարծես իմ երազած տղամարդն էր: Ամեն ինչ շատ լավ էր, հանդիպում էինք, ես սիրահարված էի: Մի օր հյուր էինք գնացել իր ընկերներից մեկի տուն, որն ապրում էր Վանաձորում: Եկավ մեր տուն, ծնողներիցս թույլտվություն վերցրեց: Ուշ էր արդեն, ուզում էինք վերադառնալ, բայց նա ասաց, որ չենք կարող վերադառնալ, քանի որ մեքենան անսարք է: Ես խուճապի մեջ էի, հասկացա, որ հատուկ են կազմակերպել: Քիչ անց հյուրերն ընկերոջ հետ հեռացան, մենք մնացինք մենակ: Ես սիրում էի նրան, բայց չէի ցանկանում, որ դեպքերն այդպիսի ընթացք ստանան: Նա փորձում էր ինձ բռնաբարել, ես պաշտպանվում էի, խնդրում, բայց նա ավելի ուժեղ էր հարվածում: Բռնաբարելուց հետո նա փախուստի դիմեց:

Երկար ժամանակ չէի կարողանում պատմել  ինձ հետ պատահածի մասին: Բայց ծնողներս գլխի էին ընկնում, թե ինչ է կատարվել: Երբ իմացան, պարտադրեցին, որ ոստիկանություն դիմեմ: Ոստիկանությունում ասացին, որ նա ազատազրկված է եղել բռնաբարության համար»:

 

«Լույսերը մնացին հետևում, և մեքենան կանգ առավ մի քարայրի մոտ…»

«Ծանոթացել էի մի երիտասարդի հետ, որն ինձանից մի քանի տարով փոքր էր: Նա հավատացնում էր, թե սիրում է ինձ, բայց այդ մասին ավելի շատ էր խոսում, երբ հարբած էր լինում: Իսկ հարբած հաճախ էր լինում: Մի օր էլ նա ինձ համոզեց, որ դուրս գանք և մեքենայով զբոսնենք: Սկզբում ծանոթ փողոցներով էինք անցնում, հետո լույսերը մնացին հետևում, և մեքենան կանգ առավ մի քարայրի մոտ: Նա կոպտորեն մեքենայից ինձ դուրս հանեց և փորձեց համբուրել: Ես դիմադրեց, նա խփեց դեմքիս, հրեց, գցեց ձյան վրա…բռնաբարելուց հետո կրկին ինձ նստեցրեց մեքենան և բերեց տուն: Բակում իջեցնելով` պառնաց, որ կսպանի, եթե որևէ մեկն իմանա: Հայհոյեց ու հեռացավ:

Որքան էլ ծանր ու ամոթալի էր վիճակս, ամեն ինչ պատմեցի ծնողներիս: Նրանք սկզբում շատ վրդովվեցին, հետո որոշեցին մի օր սպասել այն հույսով, որ գուցե հայտնվի: Երկու օր հետո դիմեցինք ոստիկանություն: Նույն օրը երեկոյան ինձ տարան այդ տղայի տուն` ծնողներիցս թուղթ վերցնելով, որ չեն բողոքում: Արդեն մի քանի ամիս է` նրանց տանն եմ ապրում: Իմ ամուսնացուն օրերով տանը չի գիշերում, իսկ եթե տանն է, նույն ննջարանում չենք քնում: Զրույցներից հասկանում եմ, որ սպասում են` ոստիկանությունում գործը փակեն, նա թողնի-գնա Ռուսաստան, իսկ ինձ էլ հետ տանեն հորս տուն»:

 

«Ինձ քաշքշելով տարան մեքենայի կողմն ու ստիպողաբար մտցրին մեքենայի մեջ…»

«9-րդ դասարանի աշակերտուհի էի, երբ մի օր մի տղա մոտեցավ ինձ և սեր խոստովանեց: Նա ասում էր, որ առանց ինձ ապրել չի կարող և անպայման ինձ հետ է ամուսնանալու: Ես նրան կոպտեցի և ասացի, որ կրկնվելու դեպքում հայրիկիս տեղյակ կպահեմ: Այդ օրվանից նա ինձ չէր անհանգստացնում, բայց ստվերի նման հետևում էր ինձ:

Դպրոցն ավարտեցի: Պատրաստվում էի բուհի ընդունելության քննություններին: Մի օր` ուշ երեկոյան, պարապմունքից տուն է ի վերադառնում, երբ հանկարծ մի ավտոմեքենա ճանապարհս կտրեց, չորս տղա դուրս ցատկեցին և քաշքշելով ինձ տարան մեքենայի կողմն ու ստիպողաբար մտցրին մեքենայի մեջ: Նրան հետ էր նաև ինձ հետապնդողը: Նա դուրս շպրտեց պայուսակս, փողոցում մնաց նաև կոշիկս: Նա մի ձեռքով փակել էր բերանս, մյուսով բռնել ոտքս: Այնպես ամուր էր բռնել, որ ոտքս թմրել էր: Տեսնելով, որ չի կարողանում ինձ հանգստացնել, բռնեց մազերիցս, ապտակեց ու ասաց. «Ափսոս է՞ր, որ ամեն ինչ նորմալ ձևով լիներ: «Չե՜մ ուզում, պիտի սովորե՜մ…». հիմա կտեսնենք` ոնց կսովորես»:

Նրանք ինձ տարան հեռավոր մի գյուղ, որտեղ անգամ լույս չկար: Ճրագի լույսի տակ սեղան էին գցել ու խմում էին «նորապսակների» կենացը: Իսկ ես, մյուս սենյակում փակված, լաց էի լինում: Հանկարծ նա հարբած ներս մտավ, դուռը փակեց, ինձ հրեց, գցեց անկողնու վրա ու սկսեց համբուրել: Տեսնելով, որ նորից դիմադրում եմ, և չի կարող ոչնչի հասնել, ձեռքերս ու ոտքերս կապեց մահճակալից, իսկ բերանս մի մեծ շոր խցկեց: Պատառոտեց շորերս, սկսեց կոպտորեն համբուրել, կծել: Ես, չդիմանալով, այդ ամենին, ուշաթափվեցի:

Երբ սթափվեցի, կողքիս մի կին էր նստած: Մնացածը հարբած-քնած էին: Խնդրեցի ծնողներիս տեղյակ պահի, ասացի, որ ես միևնույնն է, ես այդ սրիկայի հետ չեմ ապրի և կբողոքեմ: Կինը երևի զգուշացավ, չգիտեմ, համենայդեպս, հայտնել էր հորս:

Լույսը չբացված` հայրս եկավ ու ինձ տուն տարավ: Մի շաբաթից ավելի նորմալ չէի կարողանում քայլել, ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր: Մենք չբողոքեցինք, քանի որ նրա ծնողները շատ խեղճ մարդիկ էին: Մի ամիս հետո ընդունվեցի ինստիտուտ, իսկ երկու տարի անց ամուսնացա սիրածս տղայի հետ»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Դիտվել է 5156 անգամ:
Print Friendly

Leave a Reply