Բնապահպանները պահանջում են ԱԺ օրակարգից հանել «ամբողջությամբ թերի» նախագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 15:10

Այսօր խորհրդարանի դիմաց հավաքված մի խումբ բնապահպաններ և իրավաբաններ պահանջում էին ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը: Բնապահպանների խոսքով, նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաև ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով:

Մինչ հասարակական նախաձեռնության ակտվիստների հետ հանդիպելը, խորհրդարանում հանդիպեցինք Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով հայտնեց. «ՀԿ-ները մասնակցել են օրինագծի քննարկմանը, շատ առաջարկություններ հենց նրանցից ենք վերցրել, բայց այսօր էլ ոչինչ ուշացված չէ, մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկ քննարկելու, ընդունելու և այդ փոփոխությունը կատարելու: Փոխնախարարի հետ այս հարցով հանդիպում արդեն տեղի է ունեցել, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ես ևս կհանդիպեմ նրանց հետ»,-ասաց նա:

Նախաձեռնության ակտիվիստ, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը չի հերքում, որ հանդիպում և քննարկում եղել է` նշելով, որ նոյեմբերի 25-ին մի շարք բնապահպաններ հանդիպել են Բնապահպանության փոխնախարարի հետ` բանավոր ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկները, սակայն. «Որոշվեց, որ մենք մինչև դեկտեմբերի 10-ը պետք է գրավոր ներկայացնենք մեր առաջարկները, և համատեղ նորմալ նախագիծ մշակելուց հետո նոր այն գնա խորհրդարան, իսկ մի քանի օր առաջ պատահաբար տեղեկացանք, որ օրինագիծն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է,-«Անկախ»-ին հայտնեց Վերմիշյանը,-սա նշանակում է, որ այդ գործընկերային հարաբերությունները չկան. մի բան մեզ ասում են, մեկ այլ բան իրականացնում»:

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Ստյոպա Սաֆարյանը` հորդորելով պայքարել մինչև վերջ` անգամ դատական կարգով պահանջելով հետ կանչել օրենքի նախագիծը ԱԺ օրակարգից: Պատգամավորները խոստացան նաև խորհրդարանի ամբիոնից հնչեցնել քաղաքացիական նախաձեռնության անդամների պահանջը, այն է` նախագիծը հանել ԱԺ օրակարգից և կազմակերպել հանրային լսումներ: «Մենք` որպես պատգամավորներ, այդ հարցն արդեն բարձրացրել ենք` նշելով, որ օրենքի նախագծում կան ակնհայտ հակասություններ, բայց ես արդեն մեր նախագահության տոնայնությունից տեսնում եմ, որ նրանք օրինագիծն առաջին ընթերցմամբ կանցկացնեն»,-ասաց Ալավերդյանը:

Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց. «Հայտարարությունները մեր ձեռքում են, բայց կոճակները` նրանց»,-ասաց պատգամավորը` «նրանց» ասելով ի նկատի ունենալով խորհրդարանական մեծամասնությանը` հանրապետականին:

Նախաձեռնության անդամները համամիտ չեն Արամ Հարությունյանի այն հայտարարությանը, թե նախագիծը միայն մեկ նպատակ ունի` գործարար միջավայրի բարելավումը: Բնապահպաններն օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են նոյեմբերի 25-ին տարածած հայտարարության մեջ. «Նախագիծն ամբողջությամբ թերի է, քանի որ չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման և դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը, չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես` շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը, բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի ու փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:

 

 

 

 

 

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply