Լավ է ուշ, քան երբեք…

ԷՍՍԵ | | November 26, 2011 7:00

23 տարի առաջ` 1988 թ. նոյեմբերի 21-30-ը սկսվեց Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակ քաղաքի 40 հազար հայության ջարդն ու բռնագաղթը, որն ասես սումգայիթյան ոճրագործության և Շուշիի հայաթափման տրամաբանական շարունակությունն  էր: Իսկ ավելի ուշ`1990 թ. հունվարի 13-19-ը գումարվեցին Բաքվի,Գետաշենի ու Մարտունաշենի հայության ջարդն ու տեղահանությունը:

Երբ 1988 թ. Արցախի հիմնախնդիրը կրքեր բորբոքեց, ու արցախահայությունն իր անկոտրում կամքն արտահայտեց` իր բնօրրանում անկախ պետականություն կերտելու, ոտնահարված իրավունքները պաշտպանելու և արժանապատիվ ապրելու համար, ադրբեջանցի ղեկավարներն ու պատմաբանները հոխորտացին, թե միայն Բաքվում 350 հազար հայ է բնակվում: Դրանով ակնարկում էին, որ այդքան պատանդ ունեն ձեռքի տակ, եթե համարձակվենք Արցախի հիմնահարցը բարձրացնել:  Այդ ոճրագործների ասեղը թելեց նաև արդեն 500 հազար հայի ճակատագրով «մտահոգ» Գորբաչովը: Սա առաջին դեպքն էր, երբ ադրբեջանահայության քանակի մասին ճշգրիտ տվյալ էր ասվում: Թեև այդ իրադարձություններից հետո պտտվում էր հայր Ալիևի «մեր ոսկե ձեռքերը, ուղեղները գնացին, եկան ոսկե ատամներով կանաչի վաճառողները» տրտունջը:

Ինչևէ, ինչպես կյանքն ու անցած տարիները ցույց տվեցին, երկրաշարժ ու ավեր, այնուհետև պատերազմ տեսած երկիրն ավելի հոգատար գտնվեց իր հայրենակիցների հանդեպ, քան մեր հարևանները: Մինչ օրս էլ լռելյայն փորձում ենք տնավորել մեր փախստականներին: Լավ, թե վատ, արդեն ուրիշ խնդիր է, և առաջիկայում դրան անդրադառնալու առիթ դեռ կունենանք: Բայց քանի որ լռության ենք մատնում մեր փախստականների խնդիրը, Բաքուն ավելի է լկտիանում,  մատի փաթաթան  դարձրած, առիթ-անառիթ շահարկում է իր փախստականների խնդիրը` նրանց մինչ օրս պահելով վրանային ավանում: Հույսը չի կորցնում, որ դրանով օրերից մի օր կրակից շագանակներ կհանի:

Դժվար չէ հասկանալ, որ հակամարտության քաղաքական  պատկերը մեր իսկ օգնությամբ աղավաղվել է ի վնաս մեզ: Բավական է ասել, որ տարիներ ի վեր մի բառ չենք արտաբերել ադրբեջանահայության մասին: Աշխարհին չենք ասել, որ շուրջ 500 հազար փախստականներ  ունենք, որ հենց ադրբեջանահայությունն է, ըստ էության, ղարաբաղյան հակամարտություն կոչվածի պատճառը, որ դա միայն Ղարաբաղի հարց չէ, այլ ողջ Խորհրդային Ադրբեջանում է եղել այդ հակամարտությունը: Ոչ մի անգամ չենք բարձրաձայնել, որ հակամարտության հիմնական զոհը ադրբեջանահայությունն է, որն իր բնօրրանից բռնի ուժով տեղահանվել է առանց բարոյական, նյութական, քաղաքական փոխհատուցման:

Սրանք, ըստ էության, շրջանառությունից դուրս մղված փաստարկներ են, որոնց մասին մինչ օրս չենք հիշում: Էլի ուշ չէ, քանի դեռ  միջազգային քաղաքական ասպարեզում շարունակ հակամարտության կարգավորման ուղիներ են փնտրվում: Այն տպավորությունն է, որ մեր հաղթանակը ժամանակավոր է, որ խնդրի լուծման, կարգավորման բանալին դեռ դրսում պիտի փնտրենք, որտեղ շարունակ փոխզիջումների տարբերակներ են «մշակում»: Մի՞թե նորից օձ պիտի տաքացնենք մեր ծոցում:

Չենք մոռացել  Ադրբեջանում, ԼՂՀ-ում տասնամյակներ շարունակ մոլեգնած ազգային խտրականության, վայրագ շովինիզմի դրսևորումները: Հազարավոր օրինակներ կարելի է թվարկել, բայց ավելի լավ է փաստել Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի հանձնակատար Արկադի Վոլսկու խոստովանությունը, որը, ի դեպ, ժամանակին աչքի էր ընկնում իր հակահայ քաղաքականությամբ, բայց Արցախյան հիմնահարցի պատճառները հետևյալ կերպ է ներկայացրել արցախցու ցավին ու հոգսին անտեղյակ հասարակությանը. «Հիշենք թեկուզ` ինչպես է ծագել ու զարգացել Ղարաբաղյան շարժումը: Ինչո՞ւ մարդիկ Հայաստանի հետ միանալու հարց դրին: Նրանք տեսնում էին, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը մարզը հետզհետե փակուղի մտցնում, ձգտում խզել հայ բնակչության բնական կապը Հայաստանի հետ, մշակույթի, լեզվի ոլորտում որոշակի խոչընդոտներ է հարուցում հայալեզու մտավորականության դեմ: Մեր երկրում  ուղևորության ժամանակ և ոչ մի տեղ չեմ հանդիպել մարդկանց ճակատագրի հանդեպ այնպիսի բարձիթողի վերաբերմունքի ու արհամարհանքի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում է» (Ա. Վոլսկի, Խաղաղություն Ղարաբաղի հողում, «Պրավդա», 15. 01.1989 թ.):

Մինչդեռ Վոլսկին այնքան էլ տեղյակ չէր ողջ եղելությանը, որ Ադրբեջանը յոթ տասնամյակ շարունակ ճզմում, քամում էր երկիրը, փորձում կտրել նրա արյունատար երակները, գյուղերը թողնում անբարեկարգ ճանապարհներով, անդպրոց, հազար ու մի պակաս-պռատով: Միակ բացառությունը թերևս Մարտունու շրջանի Ճարտար գյուղը կարելի էր համարել, որը դեռևս IV դարում հանրահայտ բնակավայր է եղել: Բացառություն` բառի բուն իմաստով: Օրինակելի մի գյուղ, որի աննախադեպ զարգացումը բնակիչներն իրենց ղեկավար Սուրեն Ադամյանի հետ էին կապում, բայց նաև այլ պատճառ էլ կար. այն, որ մինչ 1924 թ. Ճարտար գյուղը շրջկենտրոն է եղել: Շատ բան կարելի է թվարկել, բայց միայն ասենք, որ գյուղում գործել է վարդագույն տուֆից կառուցված հիասքանչ մշակույթի պալատ, որն իսկը Երևանի օպերային թատրոնի մանրակերտն է, հինգ գրադարան, երկու ութնամյա և մեկ միջնակարգ դպրոց, կենցաղ-սպասարկման տարբեր օբյեկտներ: Երանի կենդանի լիներ գյուղի երկարամյա նախագահն  ու նրան մի հարց տայի, թե այդ ամենն  ինչպե՞ս  հաջողվեց:

«Եթե 10-15 տարի հետ դառնանք, Հայաստանն ու Ադրբեջանը միանգամայն հավասար պայմաններում էին: Ներկայումս Ադրբեջանը հարուստ և ուժեղ երկիր է, սակայն կարելի՞ է արդյոք դա կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ոչ, չեմ կարծում, քանի որ, եթե նույնիսկ Հայաստանն ավելի  աղքատ ու թույլ է, Ղարաբաղի պաշտպանության համար կանի իր ուժերից եկած ամեն բան»,- Armradio-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալին` հավելելով, որ Հայաստանը չպետք է զիջի Ղարաբաղը:

Սար ու ձոր չընկնենք ու վերհիշենք 1988 թ., երբ երկիրն ասես հոգեվարքի մեջ էր, բայց փրկության, հաղթանակի բալասանը ճիշտ ժամանակին եկավ:

Թեև հրադադարից 17 տարի է անցել, սակայն  խնդրի կարգավորման բանակցային գործընթացի սայլը ոչ միայն տեղից չի շարժվում, այլև  փոխզիջումների գնալու մասին նույն երգն է շարունակ երգվում:  Հետևաբար, եթե ուզում ենք պահպանել մեր հաղթանակի գոնե այսօրվա իրավիճակը, քանի դեռ ուշ չէ, ինչո՞ւ բանակցային սեղանին չդնենք մեր փախստականների խնդիրը, և ոչ  միայն,   նաև Նախիջևանի, պատմական Գանձակի, Շահումյանի, Գետաշենի ու Մարտունաշենի կորուստները` անսալով ոչ միայն ռազմական մարտավարության, այլև դիվանագիտության չգրված օրենքներին. պահանջիր առավելագույնը, որ գոնե նվազագույնը ստանաս:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply