Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | November 24, 2011 13:22

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն»  կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կազմկոմիտեի անդամները նախ ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները: Տարոն Մարգարյանը լսելով բոլոր հարցերն ու առաջարկությունները`կազմկոմիտեի ներկայացուցիչներին է ներկայացրել գործընթացի նպատակը եւ փուլային մոտեցումները: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջնահերթ լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը: Սեփականատերերի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ Աբովյան փողոցի այդ հատվածը շուտով երեւանցիներին կներկայանա իր ամբողջ տեսքով: Գործընթացին  կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող եւ պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միեւնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող եւ գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու: Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի, առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր  առեւտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:

«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միեւնույն  է՝  խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաեւ շահեկան կրպակատերերի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաեւ պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաեւ կրպակատերերի շահերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply