Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումը լրջորեն կնպաստի հայ-հոլանդական հարաբերությունների զարգացմանը Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նիդերլանդներ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 20:44

Նոյեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ:

 

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ուրի Ռոզենտալը շնորհավորեց Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հիմնադրման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այն լուրջ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումն երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման եւ ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում: Նախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

 

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը  բարձր է գնահատում մեր երկրի զարգացմանը Նիդերլանդների կողմից ցուցաբերվող աջակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի շրջանակներում:

 

Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել:

 

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. այս ենթատեքստում Նիդերլանդների ԱԳ նախարարը բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:

 

Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափում ընթացող համագործակցության շուրջ:

 

Քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:

 

Նույն օրը  Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հաագայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը:

 

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Հայ-հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից՝ սկսած 4-րդ դարում Սուրբ Սերվանտիուսի կողմից Նիդերլանդներում քրիստոնեության տարածումից, հայ վաճառականների կողմից Նիդերլանդներ կակաչի ներկրումից, 360 տարի առաջ Ամստերդամում հայկական տպագրատան հիմնումից, հայերեն լեզվով առաջին Աստվածաշնչի տպագրումից եւ այս երկրում հայ համայնքի հաստատումից:

 

Դա եղել է անցյալում, իսկ այսօր Նիդերլանդներում բացվում է անկախ Հայաստանի դեսպանություն, եւ բարձրացվում է Հայաստանի դրոշը: Մեր դարավոր հարաբերությունների պատմության մեջ այս օրը մարմնավորում է նոր սկիզբ»:

 

Նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ դեսպանությունը կարեւոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդերլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:  Խոսելով հոլանդահայ համայնքի մասին` նախարար Նալբանդյանը կարեւորեց նրա դերը` որպես երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ:

 

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Նիդերլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին եւ պատասխանեց նրանց հարցերին:

 

Հաագայում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հարցազրույց տվեց հոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին: Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարեւորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել եւ չեն կարող դրվել: «1915 թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ  հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի պնդումներին, թե 2005 թ. ՀՀ նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, ապա պետք է նշել, որ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը ուղարկվել եւ հրապարակվել է 2005թ. ապրիլի 25-ին: Թե՛ միջազգային հանրությունը, եւ թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից»:

 

 

 

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply