Արմեն Այվազյանը կրկին չներկայացավ դատարան` խուսափելով Հայկ Դեմոյանի հարցերից

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 21, 2011 17:21

Նոյեմբերի 18-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ Արմեն Այվազյանի հայցով հերթական դատական նիստը:

Ինչպես բոլոր նախորդ նիստերում, այս նիստում ևս դատարանում ներկա չէր հայցվոր Արմեն Այվազյանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստում Հայկ Դեմոյանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ որպես պատասխանող կողմ, նա Արմեն Այվազյանին ուղղվելիք երեք հարց ունի, որոնց պատասխանը նա չի կարող ակնկալել Հայցվորի ներկայացուցչից: Այս նիստին ևս Հայցվոր Ա. Այվազյանը գերադասել էր չներկայանալ դատարան և այսպիսով խուսափելով Պատասխանող կողմի հարցերից:

Նիստի սկզբում դատավոր Ռուբեն Ներսիսյանը ներկայացրեց կողմերի տրամադրած և գործին առնչվող տեսագրությունները: Սկզբում ներկայացվեց “Վերադարձ դեպի Հայաստան” հեռուստահաղորդման տեսագրությունը, որտեղ հեռուստադիտողներից մեկը ուղիղ եթերում վիրավորում է ստուդիա հրավիրված Հայկ Դեմոյանին և մատնանշելով նրա երիտասարդ տարիքը և հայտարարում, որ այդ պաշտոնին արժանի է Արմեն Այվազյանը: Ի պատասխան իր հասցեին հնչեցված անպարկեշտ արտահայտություններին, Հ. Դեմոյանը հիշատակում է Ա. Այվազյանի կողմից թուրքական քարոզչությանը տուրք տալու և հրապարակային` մամուլով և հեռուստատեսությամբ, թուրքական ապատեղեկատվությունը հայկական լսարանի շրջանում տարածելու փաստերը:

Հիշեցնենք, որ Ա. Այվազյանը բազմիցս հղում տալով թուրքական մամուլի ապատեղեկատվությունը, պնդել է, թե իբր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ՀՀ իշխանությունները հրահանգել են անջատել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը:

Այնուհետև ներկայացվոց “Երկիրմեդիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում Ա. Այվազյանի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը բացեիբաց հղում տալով թուրքական մամուլի հրապարակմանը, հաստատում է դրանում առկա տեղեկատվության ստույգությունը` լույսերի անջատման դրվագով:

Այնուհետև դատավոր Ռ. Ներսիսյանը կողմերին հնարավորություն տվեց լրացուցիչ տեղեկություներ ու մեկնաբանություններ ներկայացնելու համար:: Հայցվոր կողմը որևէ լրացուցիչ նյութ կամ փաստարկ չներկայացրեց: Իր խոսքում Պատասխանող Հ. Դեմոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Ա. Այվազյանի կողմից “Երկիր” շաբաթաթերթում հրատարակված հոդվածի վրա, որտեղ հեղինակն առաջին անգամ հիշատակում է թուրքական մամուլի հաղորդած սադրիչ և ստահոդ ապատեղեկությունը, որին ի պատասխան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2008 թ. սեպտեմբերին տարածել էր հաղորդագրություն` թուրքական քարոզչության սադրանքներին տուրք չտալու կոչով: Սակայն, ի պատասխան այդ հորդորին, Ա. Այվազյանը շարունակել է թուրքական տեսակետի տարածումը Սփյուռքում և հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով:

Նիստի վերջում դատավոր Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ գործով դատավճիռը կկայացվի ս. թ. դեկտեմբերի 2–ին:

Լուսինե Մաթևոսյան

 

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply