Ռուսական բուլվարային դետեկտիվը հաղթում է արդի հայ գրականությանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2009 15:42

grqerՉնայած արտասահմանյան գրքերը (միջին արժեքը` 3000-8000 դրամ) համեմատաբար թանկ են «հայկական արտադրության» գրքերից (միջին արժեքը`1000-4000 դրամ), այդուհանդերձ արտասահմանյան գրականությունն ավելի լավ է վաճառվում:

Հայաստանի գրողների միությունը բողոքում է, որ հայ ժամանակակից գրողների գրքերը ստվերում են:

Կորյունի 8 հասցեում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութի խորհրդատու-վաճառող Տաթևիկ Աղաբաբյանը կարծում է, որ արդի հայ գրականությունն ունի գովազդի պակաս. «Օրերս ստացել ենք «18-33. անթոլոգիա. արդի հայ արձակը» (կազմողներ` Արքմենիկ Նիկողոսյան և Լիլիթ Գալստյան) 3500 դրամ արժողությամբ գիրքը, որում շոշափված են երիտասարդությանը հետաքրքրող հարցեր: Սա վերջին շրջանում հրատարակված լավագույն գրքերից մեկն է, եթե ոչ միակը, բայց գնող չկա»:

Աղաբաբյանն ասում է, որ ամենաշատը սպառվում է հիմնականում ռուս հեղինակների (Դանցովա, Մարինինա) «բուլվարային» դետեկտիվ գրականությունը:

«Գրքերի աշխարհ» -ում ամենաշատ վաճառվող գրքերից են (բացի դետեկտիվ գրականությունից) Մարկ Արենի «Վայրի վարդեր»-ը, Օրհան Փամուքի «Ձյուն»-ը և Ստեֆանի Մայերի «Сумерки», «Новолуние» ստեղծագործությունները:

Տաթևիկն ասում է, որ Հայաստանում չկա գրքի գովազդ հասկացությունը, իսկ ինտերնետը ողողված է արտասահմանյան գրքերի գովազդով:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է` «քանի որ գրքերը չեն գովազդվում, ընթերցողները չեն իմանում` ինչ բովանդակության են և խուսափում են փող տալ, գնել, որ հետո չպարզվի` այն չէր, ինչ ուզում էին»:

Տաթևիկի կարծիքով` ժամանականից հայ գրականությունն ունի նաև որակի և մտածողության թարմացման կարիք. «Ահավոր վիճակում են հատկապես հայերեն չափածո գործերը` դատարկ, անիմաստ հանգերի շարան»:

Դիտվել է 2157 անգամ:
Print Friendly

Leave a Reply