Սփյուռքահայ ներդրողներին կանխամտածված “քցել” են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 18, 2011 17:18

Սփյուռքահայ Էդմոն Խուդյանին, Հարթունյաններին, Նաջարյաններին և այլոց կանխամտածված “քցել” են ու ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր դոլարներ` համոզված են նրանց փաստաբանները:

“Խոսքը բոլորին հայտնի` Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` Շահումյանի դպրոցի հետևում գտնվող 13 հարկանի շենքի և կողքի 5 հարկանի շենքի մասին է: Այս շենքը կառուցելու համար ներդնելով մի քանի միլիոններ` նա մեկ դրամ հետ չի ստացել: Գումարները ակնհայտորեն յուրացվել են տնօրենի կողմից, մեր կարծիքով` ակնհայտորեն յուրացվել են մյուս գործընկերների կողմից, ովքեր որևէ կոպեկ չներդնելով, այդ գումարները յուրացրել են: Խոսքը 5, 6, 7 միլիոն դոլարների մասին է: Խնդիրն այն է, որ Էդմոն Խուդյանն այդ գումարները վերցրել է տարբեր մարդկանցից: Դրանք տարբեր գումարներ են` 700 հազար դոլար, 300 հազար դոլար և այլն, նա այդ գումարները ներ է դրել Հայաստանում: Նա ակտիվ քարոզարշավ է տարել, որպեսզի բազմաթիվ ներդրողներ բերեն և իրենց գումարները Հայաստանում ներդնեն, որպեսզի զարգացնեն Հայաստանի տնտեսությունը: Այդ մարդու կողքին համախմբվել են տասնյակ մարդիկ և իրենց գումարները բերել ու ներդրել են Հայաստանում: Այսօր բոլոր այդ մարդկանց մոտ մեկ հարց կա, թե ինչպես անեն, որ իրենց ներդրած գումարներից գոնե մի մասը ետ ստանան և այլևս Հայաստանի հետ գործ չունենան”,- ներկայացրեց Խուդյանի փաստաբան, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները ներկայացրեցին գործեր, որոնց դեպքում տուժողները սփյուռքահայ ներդրողներն են: Այս մարդկանց ներդրումները խաբեությամբ կամ վստահության չարաշահմամաբ, կամ այլ եղանակներով փոշիացվել են: Փաստաբանների հավաստմամբ` գործել է պրոֆեսիոնալ մոդել, երբ ներդրողին համոզել են ներդրումներ կատարել ինչ-որ բիզնեսում, այնուհետև ընկերությունները տարբեր մեքենայություններով հասցնելով սնանկության, այդ մերդրումները փոշիացվել են:

“Այս երկու գործերում էլ գործող անձիք 90 տոկոսով նույնն են: Երկու գործերով փոխկապակցված գլխավոր գործող անձիք են Վլադիսլավ Մանգասարյան` Էդմոն Խուդյանի պարագայում նրա  հիմնական գործընկերն ու վստահելի մարդն է եղել, Հարթունյանների գործով` հիմնական գործող անձը հասարակական գործիչ Սևակ Արզարունի` հանդես է գալիս նաև որպես Արծրունի, 2004 թվականից հանդիսացել է Հարթունյանների ներկայացուցիչը, նրանց բոլոր իրավունքներով ու լիազորություններով, և յուրացրել է նրանց գումարները”,- ասաց փաստաբանների պալատի անդամ և 2010 թվականի հունիս ամսից Էդմոն Խուդյանի շահերի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ այս մարդկանց թիկունքում պետական ազդեցիկ պաշտոնյաներ են կանգնած, քանի որ Խուդյանի պարագայում քրեական գործը հարուցվել է մայիս ամսին, տնօրենի կողմից կանխամտածված սնանկության տանելու փաստի առթիվ, տնօրենը մինչը այսօր չի հարցաքննվել: Այդ ընկերությունները պետբյուջեին հարկերի տեսքով միլիոնների չափով պարտքեր ունեն, բայց մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել չվճարելու համար:

 

 

 

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply