Ի՞նչ է վարձույթի պայմանագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 25, 2011 7:00

«Վարձույթ» եզրույթը քաղաքացիական իրավունքին հայտնի է շատ վաղուց: Հաճախ այն օգտագործվում էր որպես գույքային վարձակալության պայմանագրի անվանումներից մեկը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 2-րդ պարբերությունը նվիրված է վարձույթին, որը ներառում է 629-634 հոդվածները: Վարձույթի հարաբերությունները կարգավորվում են նաև վարձակալության մասին ընդհանուր դրույթներով: Օրենսգրքի 629 հոդվածի 1-ին կետի համաձայն` «վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք»:

Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: Վարձույթի պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի տարբերություն վարձակալության պայմանագրի, որը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով, վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:

Վարձույթի պայմանագիր կնքող վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ:

Վարձակալի կողմից վարձակալության հանձնված գույքից օգտվելը ամբողջությամբ կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս վարձատուն պարտավոր է թերությունների մասին վարձակալի դիմելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ վարձույթի պայմանագրով, տեղում անհատույց վերացնել գույքի թերությունները կամ այդ գույքը փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման այլ գույքով:

Եթե վարձակալած գույքի թերությունները վարձակալի կողմից գույքը շահագործելու և պահպանելու կանոնները խախտելու հետևանք են, ապա վարձակալը վարձատուին վճարում է գույքը վերանորոգելու և տեղափոխելու արժեքը:

Վարձույթի պայմանագրով վարձավճարը սահմանվում է պարբերաբար կամ միանվագ մուծվող որոշակի կայուն գումարի տեսքով:

Վարձակալի կողմից գույքը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վարձատուն նրան է վերադարձնում ստացած վարձավճարի համապատասխան մասը` այն հաշվարկելով գույքը փաստացի վերադարձնելու օրվան հաջորդող օրվանից:

Վարձույթի պայմանագրով վարձատուն պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգում:

Վարձույթի պայմանագրով արգելվում են վարձակալին հանձնված գույքը ենթավարձակալության հանձնելը, իր իրավունքները և պարտականություններն այլ անձի փոխանցելը, այդ գույքն անհատույց օգտագործման տրամադրելը, վարձակալության իրավունքների գրավը, և դրանք, որպես գույքային ավանդ, տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների կանոնադրական կապիտալ մուծելը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2087 անգամ:
Print Friendly

Leave a Reply