«Գալիք» համալսարանն ուսանողների գլխին գալիք է դարձել »

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2011 16:09

Գալիք համալսարանի Կառավարման ֆակուլտետի 2011-ի շրջանավարտները մինչ օրս դիպլոմ չես ստացել, փոխարենը համալսարանում պարտաճանաչ կերպով նրանցից պահանջում են 24 հազար դրամ վճարել դիպլոմի համար, որը գուցե և երբևէ չստանան:

Համալսարանի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Հռիփսիմե Խաչատրյանը պատմում է, որ դեռ անցած սեպտեմբերին ուսանողների մեջ լուրեր են սկսել շրջանառվել, որ Գալիք համալսարանի կառավարման ֆակուլտետի լիցենզիան կասեցվել է: Ուսանողները ԿԳՆ-ից տեղեկացել են, որ կասեցվել է 5-ամյա ուսումնական ծրագրի լիցենզիան, իսկ բակալավրիատի ծրագիրը երբևէ լիցենզավորված չի էլ եղել: Համալսարանում էլ ուսանողներին հանգստացրել են, թե խնդիրները հարթվել են: Ուսանողները հանգիստ վճարել են 182 հազար դրամ ուսումնական վարձը և շարունակել ուսումը: Համալսարանի ղեկավարությունը ոչ մի անգամ չի իրազեկել ուսանողներին, որ դիպլոմներ չեն հատկացվելու նրանց:

«Երբ հարցրել  ենք, թե դիպլոմները երբ կտան, միշտ ասել են սպասեք, կամ թե` դիպլոմի գումարը վճարել եք, որ դիպլոմ եք ուզում»,- ասում է կառավարման ֆակուլտետի առանց դիպլոմի շրջանավարտ Լիլիթ Մանուկյանը:

«Գալիք համալսարանը  ուսանողների գլխին գալիք  է դարձել» ,- ասում է ծնողներից մեկը:

Համալսարանի 51 շրջանավարտները փաստի առջև են կանգնել` 4 տարի վճարել են ուսման համար, սովորել, սակայն հիմա ոչ դիպլոմ ունեն, ոչ էլ կարող են կրթությունը մագիստրատուրայում շարունակել կամ մասնագիտությամբ աշխատել:

Համալսարանում էլ առիթից օգտվելով առաջարկել ու հաոզել են անդիպլոմ շրջանավարտներին կրթությունը իրենց մոտ շարունակել` այս պարագայում դիպլոմի բացակայությունը խոչընդոտ չէ:

Հռիփսիմեն պատմում է, որ ավարտելուց հետո ակնկալում էր աշխատանքի անցնել ավիացիայի վարչությունում, որտեղ և ուսումնական պրակտիկան էր անցել.«Պետական հիմնարկ է, առանց դիպլոմի չեն կարող աշխատանքի ընդունել: Ինձ որոշակի ժամանակ տվեցին, որ դիպլոմս ներկայացնեմ: Չներկայացրեցի, այլ մասնագետի ընդունեցին: Մինչդեռ կարող էի ես աշխատել ու մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստանալ»:

Ուսանողները հանդիպում են ունեցել նաև ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ով ուսանողներին ասել է, թե նախարարությունը տվյալ գործում անելիք չունի: Խորհուրդ է տվել իրենց խախտված  իրավունքները վերականգնել դատարանի միջոցով` հավելելով, որ կաջակցի նրանց:

Գևորգ Հարությունյան, Հռիփսիմե Խաչատրյան, Լիլիթ Մանուկյան

«Գալիք» համալսարանը ոչ միայն չի ապահովել նախարարի համապատասխան հրամանի կատարումը, այլև  կասեցված մասնագիտությունների գծով կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց` ոտնահարելով ուսանողների իրավունքները:… ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում, առարկաների տարբերության պարագայում հնարավորություն տալ այդ ուսանողների քննությունները հանձնել անհատական մշակված ժամանակացույցով մինչ ուսումնական կիսամյակի ավարտը, քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները»,- ասված է ԿԳՆ տարածած հայտարարության մեջ:

Բուհի 51 շրջանավարտները նշում են, որ պատրաստվում են դատարան դիմել ու պահանջել փոխհատուցել իրենց կրած վնասները. «Ինչքան սպասեցինք, հերիք է»:

Գալիք համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Հարությունյանը նշում է, որ 2010-ին համալսարանում ստուգումներ են իրականացվել ու պրոֆեսորադասախոսական կազմի անհամապատասխանության պատճառով ժամանակավորապես կասեցվել է Կառավարման ֆակուլտետի գործունեության լիցենզիան: «Խախտումը վերացնելուց հետո մենք այդ մասին իրազեկել ենք նախարարությանը: Վերջինս , ըստ օրենքի, հնգօրյա ժամկետում պետք է կամ չեղյալ հայտարարեր լիցենզիայի կասեցումը կամ ընդհանրապես զրկեր լիցենզիայից: Նախարարության կողմից արձագանք չենք ստացել, ուստի և շարունակել ենք բնականոն գործունեությունը»: (Խոսքը Լիցենզավորման մասին օրենքի 34-րդ հոդվածի մասին է, որը սահմանում է. « Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին պատշաճ ձեւով լիցենզավորված անձին չի հայտնում»):

Հարությունյանը նշում է, որ իրենք անակնկալի են եկել, երբ տարեվերջին նախարարությունը պետական քննական հանձնաժողովի կազմը չի հաստատել` պատճառաբանելով, թե ֆակուլտետի լիցենզավորումը կասեցված է:

Համալսարանի ղեկավարությունն, անգամ, դրանից հետո չի իրազեկել ուսանողներին իրավիճակի մասին և անցկացրել է պետական ավարտական քննություններ:

ԿԳՆ լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը «Անկախ»-ի հետ զրույցում, սակայն, ասաց, որ նախարարությունը թերությունները շտկելու մասին ծանուցումը ստանալուց հետո ուսումնասիրել է փաստաթղթերը և պարզել, որ էլի թերություններ կան: Մովսիսյանը հավաստիացնում է, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում գրավոր կերպով մերժել են Գալիք համալսարանի` լիցենզիայի կասեցումը դադարեցնելու մասին հայցը:

Համալսարանի ներկայացուցիչը հայտարարում է, թե իրենք պատրաստվում են նախարարությանը դատի տալ անգործության համար, քանի որ իրենք գործել են օրենքով սահմանված կարգով, իսկ «նախարարությունը չի հաստատել ավարտական քննական հանձնաժողովի կազմը և դիպլոմներ չի հատկացրել».  «Համալսարանի գործարար համբավն է նժարի վրա»:

Հարությունյանի խոսքով` գործընթացի ձգձգման պատճառը վարչարարությունն է, որը շատ է ժամանակ խլում: Եվ չնայած ֆակուլտետի գործունեությունը այժմ անօրինական է համարվում, այն շարունակում է գործել: Չորրորդ կուրսի ուսանողները շուտով կհամալրեն անդիպլոմավոր շրջանավարտների շարքերը:

Հարցին, թե արդյոք ներկայիս չորրորդ կուրսեցիներին գոնե իրազեկել են խնդրի մասին, որպեսզի վերջիններս որոշեն` կրթությունը այլ բուհում շարունակել, թե մնալ, Հարությունյանը նշում է, թե բուհը պարտավոր չէ ուսանողներին իրազեկել իր ներքին խնդիրների մասին:

 

 

 

Դիտվել է 2033 անգամ:
Print Friendly

Leave a Reply