Ինչպե՞ս ներկայացնել այսօր հայ գրքի 500-ամյա պատմությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 15, 2011 7:00

Երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանին մեր հասարակության  ճնշող մեծամասնությունը ճանաչում է որպես բանասերի, շատերը նաև` որպես պատմաբանի, հրապարակախոսի, հասարակական գործչի և այլն: Եվ շատ քչերը գիտեն, որ մինչ լեզվաբանությամբ, գրականությամբ ու պատմությամբ զբաղվելը նա  երկար տարիներ պրպտել է մատենագիտության ու գրքագիտության ոլորտներում:

Բանն այն է, որ ճակատագրի բերումով համալսարանն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել հանրային (ներկայիս ազգային) գրադարանում, որտեղ էլ հմտացել է այս ճյուղերում,   ընդունվել ու ավարտել Մոսկվայի  գրադարանային ինստիտուտն ու անցել գիտական խոր ուսումնասիրությունների: Եվ փաստ է, որ նրա տպագրած ավելի քան 50 գրքերի ու մոտ 700 հոդվածների ու այլ գիտական աշխատանքների շուրջ մեկ երրորդը մատենագիտական, գրադարանագիտական ու գրքագիտական աշխատություններն են:  Նա է նաև գիտական  գետնի վրա դրել ազգային հետադարձ մատենագիտության գործը, կազմավորել ազգային գրադարանում հայ գրքի մատենագիտության բաժինը և նախաձեռնել հայ գրքի մատենագիտության հատորների կազմումն ու հրատարակումը, որոնցով այնպես հպարտանում ենք այսօր: Վերջապես, նրա գրչին են պատկանում հայ մատենագիտության և հայ գրքի պատմության հիմնարար աշխատությունները, որոնք եզակի են ու մինչ օրս չգերազանցված: Եվ երևի դեռ երկար տասնամյակներ էլ այդպես էլ կմնան, քանի որ, եթե ժամանակին Հայաստանում բանիմաց մատենագետներին ու գրքագետներին մատների վրա կարելի էր հաշվել, ապա այսօր այդ թվարկումն էլ անհնարին է դարձել:

Հայ գիրքը 500-ամյա պատմություն ունի, բայց Հայաստանում այսօր գրքագիտություն, ըստ էության, գոյություն չունի: Սակայն Իշխանյանին հիշելու շարժառիթը հայագիտության այս  հերթական պարադոքսը մատնանշելը չէ, սա առանձին խոսակցության նյութ է: Առիթը հայ գրքի 500-ամյա հոբելյանն է, որը մեր հանրապետությունը պատրաստվում է մեծ շուքով տոնել:

Եթե տոնում ենք հայ գրքի տպագրության 500 տարին, ապա, բնականաբար, հոբելյանական նախաձեռնությունների առաջնահերթություններից մեկը պիտի լինի թե՛ մեր հասարակությանը, թե՛ օտարներին հայ գրքի 500-ամյա անցած ուղին մի ամփոփ հրատարակությամբ ներկայացնելը: Ահա Ռաֆայել Իշխանյանը, այս տեսանկյունից, այս տոնական իրադարձությունների գլխավոր գործող անձ է դառնում, քանի որ, կրկնում ենք, նրա «Հայ գրքի պատմություն» (Եր., 1977) և «Հայ գիրքը» (Եր., 1981) աշխատությունները մինչ օրս մնացել են եզակի ու  անփոփոխ պահպանել գիտական բարձր արժեքը: Գրել նոր աշխատություն, կնշանակի կրկնել նրա աշխատանքները, ինչը, անկասկած իմաստ չունի և պատշաճ էլ չէ: Սակայն միանգամայն տեղին կլինի վերահրատարակել դրանք, քանի որ տպագրվել են 70-80-ական թթ. և դեռ  գրախանութ չհասած արդեն մատենագիտական հազվագյուտ օրինակ էին, քանի որ տպագրվել էին այն ժամանակների համար չափազանց փոքր տպաքանակով («Հայ գրքի պատմությունը» տպագրվել է 1000 օրինակով, «Հայ գիրքը»` 3000):

Մենք փորձեցինք պարզել` Հայ գրքի տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների անցկացման պետական հանձնաժողովն արդյոք այս  կապակցությամբ ինչ-որ բան նախատեսե՞լ է, թե՞ ոչ: Քանի որ այդ պետական հանձնաժողովի նախագահը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, դիմեցինք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին: Նրանք ասացին, որ իրենք միջոցառումների ցանկը չունեն, և այդ հարցով հարկ է դիմել մշակույթի նախարարության համապատասխան բաժին, քանի որ պատասխանատուն մշակույթի նախարարությունն է: Սակայն մշակույթի նախարարությունից էլ հայտնեցին, որ հանձնաժողովի միջոցառումների ցանկը դեռ պաշտոնապես հաստատված  չէ:  Այնինչ մինչև 2012 թ., այսինքն` հոբելյանական տարին, ընդամենը երկու ամիս է մնացել: Պետական հանձնաժողովի ստեղծման հետ կապված հավաքների մաժորային մթնոլորտն ու խոստումները և ներկայիս անորոշ վիճակը առնվազն տխուր մտորումների են մղում: Բայց սա էլ թողնենք այլ խոսակցության, և առաջնորդվելով «չկա չարիք առանց բարիքի» իմաստությամբ` համարենք, որ Ռաֆայել Իշխանյանի հիշյալ աշխատությունների վերահրատարակման ակնարկը ճիշտ ժամանակին է, քանի որ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նշեցինք, դեռ հաստատված չէ:

Հայ գրքի տպագրության սկզբնավորման 500-ամյակի տոնակատարությունը հիանալի առիթ է, որ մեր ընթերցողը տեղեկանա, թե ինչ փառավոր ճանապարհ է անցել հայ գիրքը, և ինչ պայծառ երախտավորներ ենք ունեցել այս ասպարեզում: Եվ այդ խնդրի լավագույն լուծումը, համոզված ենք,  արդեն իսկ քննություն բռնած վերոհիշյալ մեկ-երկու հրատարակության թարգմանությունն ու վերահրատարակությունն է:

 

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply