18-միլիարդանոց վեճի թեմա էլ ունենք

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 11, 2011 14:00

2012 թ. պետական բյուջեի նախագիծը, որ ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, մի աննախադեպ նորույթ է ներառում: Կառավարությունն առաջարկում է տարեկան 18 միլիարդ դրամ գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և պետական ծառայողներին` որպես սոցիալական ապահովության փաթեթ: Այդ գումարը պետք է բաժանվի բոլոր քաղծառայողների միջև հավասարաչափ և պետք է ծախսվի 4 ուղղությամբ` բժշկական ապահովագրության համար, հիպոթեկային վարկ ստանալիս տոկոսագումարների սուբսիդավորման համար, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում զբոսաշրջությամբ զբաղվելու համար և, վերջապես, կրթական նպատակներով:

Թեև այս հարցի քննարկմանը մասնակցող շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դեմ չէ քաղաքացիական և պետական ծառայողների սոցիալական հարցերի լուծմանն այդքան գումար տրամադրելուն, տեսակետները, թե ինչպես ծախսել այդ գումարները, էականորեն տարբերվում են:

«Քանի որ այս պահին հստակ չէ, թե իրենից ինչ է ներկայացնում մեկ անձի հաշվով այդ փաթեթի ընդհանուր մեծությունը, շատ դժվար է այս պահին գնահատել դրա արդյունավետությունը: Սա հատկապես կարևորում եմ, որովհետև, նախ, եթե խոսքը բոլոր հանրային ծառայողների կամ պետական բյուջեից աշխատավարձ ստացող անձանց մասին է, ապա նրանք շուրջ 180 հազար մարդ են, իսկ 180 հազար անձի դեպքում, կոպիտ հաշվարկներով, մեկ անձին բաժին է ընկնում միջինը 100 հազար դրամ: Սակայն այդ 100 հազար դրամով  չեն կարող Հայաստանի պայմաններում հանգիստ կազմակերպել, եթե հատկապես խոսքը ոչ թե միայն տվյալ պետական ծառայողի, այլև նրա ընտանիքի մյուս անդամների մասին է: Այդ գումարն այնքան էլ շոշափելի գումար չէ, որպեսզի հնարավոր լինի կրթական վճարի դիմաց օգտագործել, մյուս կողմից, այն նաև այնպիսի գումար չէ, որ կարողանաս հիպոթեքային վարկավորման շրջանակներում օգտագործել, որովհետև, նախ, հայտնի է, որ բանկերը միջինից բարձր եկամուտներ ունեցողներին են վարկավորում, իսկ քաղաքացիական ծառայության համակարգի պետական ծառայության մակարդակում այդպիսի աշխատավարձեր ստացողներ չկան, իսկ քանի որ օրենքով նրանք չեն կարող այլ գործունեություն իրականացնելով` հավելյալ եկամուտ ստանալ, բացի գիտական և մանկավարժական գործունեությունից, ստացվում է, որ այդ ծրագիրը որևէ շոշափելի արդյունք չի տա: Ինչ վերաբերում է բժշկական ապահովագրության փաթեթին, ապա առնվազն պետք է հստակեցնել, թե այդ փաթեթի մեջ ինչ հիմնական ծառայություններ են մտնում, և ինչ բազային  փաթեթ է դա»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Այսինքն` եթե այն ներառում է այնպիսի հիվանդությունների ապահովագրություն, ինչպիսիք այսօր տարածված են` սկսած չարորակ նորագոյացություններից և  վերջացրած  սիրտ-անոթային հիվանդությունների  ախտորոշումով և այնուհետև բուժման ծրագրով, ապա ակնհայտ է, որ այդ գումարը չնչին է նման մակարդակի ապահովագրություն իրականացնելու համար (թե՛ քաղծառայողի, թե՛ նրա ընտանիքի անդամների): Ուստի և Արծվիկ Մինասյանն առաջարկում է, որ նշված 18 միլիարդ դրամ գումարը ծախսվի քաղծառայողների և պետծառայողների բազային աշխատավարձերի բարձրացման վրա: Մասնավորապես` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը ներկայումս 40 հազար դրամ է, և եթե 18 միլիարդ դրամի 14 միլիարդը ծախսվի այդ բազային աշխատավարձերի բարձրացման վրա, ապա այն կկազմի շուրջ 63-64 հազար դրամ: Այսինքն` պատգամավորի համոզմամբ, գոնե կհաղթահարվի կենսապահովման նվազագույն բյուջեի այն մեծությունը, որն այսօր պահանջվում է, և քաղաքացիական ծառայողները փաստացի այդքան աշխատավարձ ստանալու հնարավորություն չունեն:

Այս տեսակետին դեմ է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: «Եթե մենք, մասնավորապես, այդ 18 միլիարդը հատկացնեինք աշխատավարձերի բարձրացմանը, ապա ակնհայտորեն դա կլինի ոչ սոցիալական ուղղվածության, որովհետև ավելի բարձր աշխատավարձ ստացող ծառայողները կստանային նույն տոկոսով, բայց ավելի մեծ գումարների հավելում, և ավելի ցածր աշխատավաձ ստացողները` նույն տոկոսով, սակայն ավելի փոքր հավելումներ: Սոցիալական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ տոկոսները կլինեն տարբեր, սակայն բոլոր աշխատողները կամ ծառայողները կստանան նույն քանակի դրամական հավելում: Եվ 50 կամ 60 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 100-120 հազար դրամ տարեկան հավելումը էական գումար է: Ավելի փոքր կլինի այդ հավելումը, իհարկե, տոկոսային առումով 300-400 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողների համար, բայց հենց այդպես էլ նախատեսված էր: Եվս մեկ հանգամանք. եթե սա գնար, որպես աշխատավարձի հավելում, ապա, բնականաբար, բոլոր պետական հարկերը, մասնավորապես եկամտահարկը, պետք է պակասեցվեին: Այս պարագայում այդպիսի նվազեցումներ չեն կատարվելու»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ ՀՀԿ ներկայացուցչի` մեր բոլոր քաղաքացիներն իրենց հնարավորությունների սահմաններում արդեն իսկ լուծում են և՛ առողջապահության, և՛ հիպոթեքային, և՛ կրթության, և՛ տուրիզմով զբաղվելու խնդիրները: Այսինքն` քաղծառայողը ստանում է 50 հազար դրամ և դատապարտված է լուծելու այդ խնդիրները: «Նույնիսկ 50 հազար դրամ աշխատավարձ ստացողն առողջապահական խնդիրներ է ունենում, և եթե ամսական այդքան աշխատավարձ ստացողներին տալիս ենք տարեկան 120 հազար դրամ, նա, կարծում եմ` ակնհայտ է, ավելի հեշտ կլուծի այդ խնդիրները».- ավելացրեց Գագիկ Մինասյանը:

Նրան համակարծիք է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նրա կարծիքով էլ, եթե այդ գումարները տրամադրվեն քաղծառայողներին և պետծառայողներին աշխատավարձի ձևով, ապա էական ազդեցություն չեն ունենա,  և տվյալ անձանց` հիշյալ 4  տեսակի կարիքներն էլի կմնան չլուծված հարցերի տիրույթում: «Եթե մենք այդ գումարների բաժանումը կատարում ենք 100 հազար մարդու կտրվածքով, ապա մեկ մարդու համար այդ գումարը կազմում է տարեկան 180 հազար դրամ: Սա, ըստ էության, գոնե Հայաստանի Հանրապետության համար փոքր գումար չէ, և նախատեսված չէ առձեռն վերցնելու և առօրյա ծախսերի համար օգտագործելու նպատակին ծառայեցնելու համար: Այն բաժանվում է 4 ուղղություններով: Այդ գումարները քաղաքացիական ծառայության կամ պետական ծառայության մեջ գտնվող մարդու համար համապատասխան գերատեսչությունները կամ կառույցները ուղարկում են այդ 4 ուղղություններից որևէ մեկով,  ըստ ստացողի հայեցողության: Այսինքն` այդ գումարները, օգտագործման առումով, կանոնակարգված են: Չկա այնպիսի միտում ու հնարավորություն, որ մարդը մեկ կամ երկու օրում այդ փողը ծախսի-վերջացնի»,- պարզաբանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորի համոզմամբ, նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ապահովագրական համակարգերը Հայաստանում դեռևս կայացած չեն, և կայացած չեն, քանի որ չկան գումարներ ապահովագրական կառույցներ ստեղծելու համար: Փաստորեն սա միջոց է նաև աստիճանաբար կայացնելու ապահովագրական համակարգերը, մինչև մարդկանց վարձատրության չափն ավելի կբարձրանա, և մարդիկ իրենք հակված կլինեն այդ ապահովագրական վճարներն անելու: Եվ այդ մշակույթը կմտնի մեր իրականություն:

 

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply