Հանրային ակտիվությունը կտանի դեպի բարեկեցիկ ապագա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2011 18:07

Այսօր Հայաստանի բնակչությունն իր կենսամակարդակով և սոցիալական վիճակով դեռևս շատ հեռու է աշխարհի առաջատարներից: Սոցիալական անտեսվածությունը, հասարակության բևեռացումը, բաց ու հրապարակային բանավեճերի բացակայությունը, իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության պակասը պարտադրում են տարբեր ոլորտներում քաղաքականության մշակում և լուծումների առաջարկմանը` հատկապես հանրային սեկտորի կողմից: Քաղաքացիական հասարակության զարգացումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, հայաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչների համոզմամբ, Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման միակ ուղին ու գրավականն են: Իսկ սոցիալական նորմալ պայմաններ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ազատ կամարտահայտման հնարավորություն ունենալը մեր երկրի քաղաքացիների իրավունքներն են, որոնք ամրապնդված են նաև սահմանադրությամբ:

 

Սոցիալական ներկայիս խնդիրներից հայաստանյան”Հրայր Մարուխյան”ու Գերմանիայի Դաշնության”Ֆրիդրիխ Էբերտ”հիմնադրամներն առաջնահերթությունը տալիս են երեք ոլորտների` առողջապահության, բնակարանային ապահովվածության և զբաղվածության: Դա ամենևին չի նշանակում, թե մնացած ոլորտները դուրս են հետաքրքրության տիրույթից: Տվյալ հիմնադրամներն այս երեք ոլորտների մասին հետազոտություններ և խորքային ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում կազմվեց”Սոցիալական բարեփոխումները Հայաստանում” ուսումնասիրությունների ժողովածուն և հրավիրվեց կոնֆերանս:

 

ՙՄեր նպատակն է ուսումնասիրություններ անցկացնել և քաղաքականություն մշակել, որպեսզի դրանով օժանդակենք ոչ միայն օրենսդիրներին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում կարողանան ճիշտ արձագանքել քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոփոխություններին: Մենք հավատում ենք, որ հաջող համագործակցությունը քաղաքական գործիչների և գիտնականների միջև կհանգեցնի տարբեր տեղեկությունների ընդհանրացման, ավելի առաջադիմական և սոցիալապես ավելի պատասխանատու քաղաքականության՚,- նշեց”Հրայր Մարուխյան”հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը:

 

ՙՀրայր Մարուխյան”և”Ֆրիդրիխ Էբերտ”հիմնադրամներում համոզված են, որ մատչելի, հասանելի առողջապահություն, բնակարան, աշխատանք ունենալու իրավունքների իրացումը այն հիմնահարցերն են, որոնցով Հայաստանի կառավարությունը պարտավոր է լրջորեն զբաղվել առաջիկայում, եթե ուզում է մեղմել սոցիալական անտեսվածության, հիասթափության, արտագաղթի և իշխանության նկատմամբ անվստահության վտանգները:

ՙՄենք վստահ ենք, որ անհրաժեշտություն կա ավելի ընդգրկուն քննարկում կազմակերպել այս խնդիրների շուրջ, մասնավորապես` սոցիալական ապահովության և զբաղվածության խնդիրների վերաբերյալ: Մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ուսումնասիրությունները: Նրանք ուսումնասիրել էին սոցիալական բացառման խնդիրները որոշ անդամ երկրներում: Ուսումնասիրեցին, թե ինչ աստիճանով են քաղաքացիները զրկված իրենց տնտեսական, քաղաքական, իրավական և ընկերային իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանն այն 7 երկրների շարքում է, որտեղ քաղաքացիները զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու և արժանապատիվ կյանքով ապահովվելու իրավունքներից: Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ Հայաստանում բնակչությունը զրկված է նաև ինքորոշման իրավունքից. Հայաստանում շատ են խոսում ինքնորոշումից, երբ խոսում են ազգերի ինքնորոշման մասին, բայց ես կարծում եմ, որ ինքնորոշումը պետք է շատ հաճախ քննարկվի, երբ խոսում ենք սոցիալական և քաղաքական խնդիրների մասին՚,- ասաց”Ֆրիդրիխ Էբերտ”հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Մաթեուս Յոբելիուսը:

 

Այս ուսումնասիորւթյունը ավարտին հասցնելու համար հետազոտողները աշխատել են 6 ամիս, իսկ արդյունքում նախաձեռնողները ակնկալում են, որ այս ծրագիրը, լինելով առաջինը, նոր ուսումնասիորւթյունների դուռ կբացի և կօգնի փակելու այն բացը, որ կա կառավարության գործունեության և քաղաքացիների ակնկալությունների միջև:”Հրայր Մարուխյան”և”Ֆրիդրիխ Էբերտ”հիմնադրամները հավատացած են, որ հանրային համաձայնեցված քաղաքականության միջոցով հնարավոր է ախտորոշել ու լուծել առկա խնդիրները` նպաստելով քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, արդարացի, սոցիալապես կայուն հասարակության ձևավորմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply