Ավանդապահ աղջկա հաղթանակը. դիստրիբյուտորի համար ճգնաժամն անցողիկ անկում է

ԷՍՍԵ | | September 11, 2009 16:05

Օրիֆլեյմի ցանցային մարկեթինգի մի օղակը դառնալով` ես հաղթահարեցի իմ անձնական հոգեբանական ճգնաժամն ու կարճ ժամանակում տուն գնեցի: Ես սկսեցի յոթ տարի առաջ զրոյից ու հասա հաջողության, և այսօրվա տնտեսական ճգնաժամը, թեև եկամուտներս երեք անգամ կրճատվել է, բայց մտահոգություն չի պատճառում:

Առաջինն ինձ օգնել է Լեոնիդ Յակուբովիչն ու իր «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հաղորդաշարը, երբ ես` տակավին դպրոցական, նախանձով նայում էի, թե ինչպես է հաղթողը ստանալու բնական շվեդական կոսմետիկայի սրվակներով լի զամբյուղը, երբ Յակուբովիչը կկարգադրի. «Орифлейм, в студию!»:

Իրականում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ աչքերս բացեցի ու հասկացա, որ ես չեմ կարողանում հարմարվել շրջապատող իրականությանը: Օրիֆլեյմը պարզապես հետո կամրջեց ինձ ու կողքիս աշխարհը:

Որպես մի սովորական հայ աղջիկ` ես մեծացել էի խոհանոցում տեղ գտնելու ու հարմար տղամարդու կողքին կանգնելու գիտակցությամբ: Ու փողոցում քայլելիս շուրջս պիտի չնայեի ու գլուխս կախ գնայի, ես չէի որոշելու իմ ճակատագիրն ու նայելու տեղ չունեի: Այդպես էլ առանց կողքերս նայելու դպրոցն ավարտեցի, ընդունվեցի համալսարան, անցա ցուրտ ու մութ տարիների միջով, ապրեցի Ղարաբաղով, վերապրեցի Բալզակի «Խորտակված պատրանքները», չգտա ինձ հարմար տղամարդուն ու ինձ գտա հայրական տան խոհանոցում: Որոշեցի գլուխս բարձրացնել ու զննել աշխարհն ու նկատեցի նոր երեւույթ` ցանցային մարկետինգ:

Սա արտադրանքն ուղիղ վաճառքով սպառելու մեթոդ է, երբ սպառողն ապրանքը գնում է ոչ թե խանութից, այլ անմիջապես արտադրող ֆիրմայից` միջնորդի միջոցով, որ կոչվում է դիստրիբյուտոր` հայերեն` առաքիչ: Վաճառքի այս կերպն արտադրողին ազատում է իրացման հետ կապված բազմաթիվ ծախսերից ու հնարավորություն ընձեռում այդ գումարներն ուղղել ապրանքի որակի լավացմանը, ինչպես նաև բարձր տոկոսներ վճարել դիստրիբյուտորներին:

Այստեղ փող կարելի է աշխատել երկու եղանակով: Ֆիրմայից ապրանքը գնում ես ներքին գնով ու վաճառում կատալոգում ներկայացված գնով: Բացի այդ ֆիրման քեզ վճարում է` բիզնեսում այլ մարդկանց ընդգրկելու համար: Եվ կախված ֆիրմայի մարկետինգ պլանից` դիստրիբյուտորը կարող է աշխատել ամսական հազար դրամից մինչև մի քանի հազար դոլար:

Այսօր ցանկացած ցանցային դիստրիբյուտոր կհավաստի, որ «Վիժնի» (սննդային հավելումների ֆիրմա) շկոլան վերջն էր:

«Արա կամ ասա այն, ինչից վախենում ես, – սովորեցնում էր «Վիժնի» Սոնան, – վերջում կնայես մարդու աչքերի մեջ ու կլռես: Ով առաջինը խոսեց, նա պարտված է»:

«Արտաքին տեսք, ժպիտ, մաքուր կոշիկներ, շփվելու եւ լսելու ունակություն. ամենահաջողակ մարդը նա է, ով լրիվ հրաժարվում է բացասական մտքերից». այսպիսի թեմաների շուրջ բազմաթիվ դասախոսություններ եմ լսել, գրել, մտովի կրկնել:

Ու սկսվեց խելահեղ վազքը: Կազմեցի մարդկանց ցուցակներ` ծանոթ ու անծանոթ, Զբաղվածության կենտրոնից, զանգեր, հանդիպումներ: Ու մի անգամ մի աղջկա «Վիժն» առաջարկելուց ինքն ինձ կատալոգ ցույց տվեց` վրան գրված էր «Օրիֆլեյմ»: Նայեցի այդ աղջկա աչքերի մեջ` ուղեղս շաղափեց տարիների խորքից հնչող հրամայականը. «Орифлейм, в студию»:

Դա սկիզբն էր վերջի: Իմ հին կյանքի վերջի: Դա 2002-ի փետրվարն էր: Զինված «Վիժնի» դպրոցով ու «Օրիֆլեյմի» կոսմետիկայով` սկսեցի գլուխս բարձր քայլել:

Հայտնաբերեցի, որ ոչ մի շրջապատող իրականություն էլ չկա: Կա իրականության ներդրված մեկնաբանություն: Ճշմարտություն էլ չկա: Կա ճշմարտության ներդրված մեկնաբանություն: Բայց դու կարող ես ստեղծել իրականության ու ճշմարտության քո մեկնաբանությունը, քո աշխարհն ու ինքդ քեզ:

Ու աշխարհիս տան առաջին քարը շարեցի «Օրիֆլեյմով»:

Ինձ սովորեցրել էին հեռահար ու մոտիկ նպատակներ դնել ու ձգտել Արևին, որ հասնեմ գոնե Լուսնին: Եվ ես ուզեցի ունենալ սեփական բնակարան: Ուզեցի՛:

Որպես կանոն՝ նպատակը գրվում է մեծ թղթի վրա ու փակցվում՝ ինչ-որ աչքի ընկնող տեղ: Տնեցիներիս ու մոտիկներիս աչքին գժի տպավորություն չթողնելու համար նպատակս գրել էի տետրիս վերջին էջում ու շուտ-շուտ կարդում էի: Գրել էի. «Ուզում եմ ունենալ բնակարան: Մինչև 2003թ. վերջը»:

Ռիչարդ Բախն ասում է. «Պնդելով, որ դու ինչոր բան չես կարող, դրանով ինքդ քեզ զրկում ես ամենակարողությունից»:

Խնայողություններիցս մոտ 300 դոլար ներդրեցի «Օրիֆլեյմի» մեջ: Վերցրեցի շրթներկ, օծանելիք, ցերեկային ու գիշերային քսուքներ, լվացվելու հեղուկներ:

Բոլորն ինձ ասացին. «Աննա՛, դու 1500 դրամով շրթներկ կամ 8000 դրամով օծանելիք չես վաճառի: Մարդիկ հացի փող չունեն»: Հիշեցի «Վիժնի» Սերվեր Չոմակովին. «Ինձ ասում են` չեմ կարող, ես հարցնում եմ` իսկ դու ուզո՞ւմ ես: Ցանկացողը փնտրում է հնարավորություն, չցանկացողը` պատճառ»:

«Օրիֆլեյմն» ինձ համար դարձավ ապրելակերպ: Մի քանի տարի դրան նվիրել եմ համարյա ամբողջ օրս:

Առաջին դիստրիբյուտորս Գայանեն էր, ով ինձ հետ է մինչ օրս: Հետո եկան Նորա տոտան, Նուշիկը, Գոհարը, Սոֆյան

Ես ինձ հայտնաբերեցի սովորեցնողի դերում: «Ուրիշի փոխարեն մի՛ որոշիր: Դու առաջարկի՛ր, ինքը կորոշի` կուզի, թե ոչ», – ասում էի իմ դիստրիբյուտորներին:

Ցանցիս կառուցմանը զուգահեռ զբաղվում էի նաեւ վաճառքով: Շատ էի վաճառում: Դարձել էի քայլող խանութիկ: Մեծ տարողությամբ պայուսակ էի կրում, որի պարունակությունը կարող էր բավարարել անգամ ամենաքմահաճ հաճախորդիս պահանջը: Իսկ վաճառում էի ում ասես` ծանոթ, բարեկամ, հարեւան, ընկերուհի կամ նրա հարևան: Կարող էի որեւէ պատահական տեղում, իբր պատահաբար, հանել կատալոգն ու ցուցադրաբար ինչոր բան նայել: Դա անմիջապես ուշադրություն էր գրավում: Կամ միտումնավոր ինչոր բան էի մոռանում մի տեղ` հետագայում կրկին այցելելու պատրվակ ունենալու համար: Իսկ վաճառում էի Հայաստանում գործող «նիսյա» սկզբունքով, ու դրա շնորհիվ հաճախորդներս դառնում էին մշտական կամ հետագայում պայմանագիր կնքում ինձ հետ:

Դրա շնորհիվ իմ ապրանքի շրջանառությունը մեծացավ, ցանցս էլ աճեց: Եթե 2002-ին ունեի 4-5 դիստրիբյուտոր և վաստակում էի մոտ 100 դոլլար, ապա 2004-ի վերջում ցանցս բաղկացած էր 30-40 հոգուց, ամսական միջին եկամուտս տատանվում էր 120.000-150.000 դրամի մեջ:

Բնակարանը գնեցի: Իհարկե ոչ 2003-ին, այլ 2004-ի գարնանը, բայց գնեցի: Այդ ժամանակ այն արժեցավ 4450 դոլար: Ա՛յ դա իսկական հրաշք էր:

Իմ «Օրիֆլեյմն» էլ է ընկել տնտեսական ճգնաժամը, ու եկամուտս ծիծաղելու չափ ընկել է` մինչեւ 25.000 դրամ: Բան չկա, էսպիսի՞ ճգնաժամեր եմ հաղթահարել:

Դիտվել է 4624 անգամ:
Print Friendly

Leave a Reply