Եվրահանձնաժողովը Հայաստանի մասին. «Պետք է ունենալ համարձակություն` ղեկավարին ասելու, որ ներքին համակարգը չի աշխատում»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Քրիստինե Վարդանյան | June 9, 2009 14:39Եվրամիությունը Հայաստանի համար ստեղծել է խորհրդատվության խումբ, որն օգնելու է տեղում կիրառել Եվրահանձնաժողովի կողմից մշակված պետական ներքին Ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) նոր մոդել. այս մասին այսօր «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ-ում և Հայաստանում» թեմայով կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դե Լուզենբերգեռը:
Սեմինարը կազմակերպել էին Հայաստանի ֆինանսների նախարարությունն ու Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտը:
Լուզենբերգեռը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի «DIJI BUDJET» կազմակերպությունն այցելել էր Հայաստան` երկրի ներքին ֆինանսական համակարգում փոփոխություն մտցնելու նպատակով, ինչը հնարավորություն տվեց երկկողմանի ֆինանսական հարաբերությունների ընդլայնմանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց ՊՆՖՀ համակարգի կիրառման ֆրանսիական, շվեդական, հոլանդական, բուլղարական փորձը:
Եվրահանձնաժողովի ՊՆՖՀ վարչության ղեկավար Ռոբերտ Գիելիսսեն ասաց, որ վստահելի ֆինանսական կառավարումը պետք է լինի հարկատուների գումարներով կատարվող գործարքների հիմքը. «Առաջին հերթին պետք է ունենալ համարձակություն` ղեկավարին ասելու, որ ներքին համակարգը չի աշխատում, և պետք է ոչ թե բարձր աշտարակից ինչ-որ մեկին բերել, ով միայն կերգի ու ոչինչ չի անի, այլ համակարգում կատարել փոփոխություններ: Պաշտոնյաները պետք է պատասխանատու լինեն իրենց յուրաքանչյուր գործողության համար»:
Գիելիսսենն իր զեկույցը եզրափակեց կարծիքով, որ պետք է փոխել մշակույթը և նման կարծրացած մտածողությունը. «Ես ունեմ բյուջե, որը պետք է ծախսեմ, եթե չծախսեմ, ինձ գումար չեն տա, եթե չտան, ուրեմն կկորցնեմ կարևորությունս` որպես կազմակերպություն և որպես անհատ»:
Հայաստանի և ԵՄ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` պետական հատվածում միջազգային չափանիշերին համապատասխան ներքին հսկողության համակարգ ստեղծելու համար: