Ի՞նչ է լիազորագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 5, 2011 7:10

Տարբեր իրավահարաբերություններում այլ անձի անունից հանդես գալու համար ներկայացուցիչը պետք է ունենա իրավունքների և պարտականությունների հստակ սահմաններ: Իսկ դրանք լավագույնս ձևակերպվում են գրավոր ձևով և ամրագրվում լիազորագրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի համաձայն` «լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար»:

Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորությունը կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են`

1) հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից,

2) զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից,

3) ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:

Աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, հեղինակների ու գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ, այդ թվում` դրամական և ծանրոցային, ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում կամ սովորում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ (կազմակերպության ցանկությամբ):

Հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից:

Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարելու իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների, ֆաքսիմիլ կամ այլ կապի միջոցով:

Ինչ վերաբերում է լիազորագրի գործողության ժամկետին, ապա այն չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

Նոտարի վավերացրած արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 6425 անգամ:
Print Friendly

Leave a Reply