Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 26, 2011 17:31


Հոկտեմբերի 25 ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը, որին մասնակցում են 50 երկրների 200 քաղաքներից ավելի քան 350 պատվիրակ: Երևանի քաղաքապետի և երևանցիների անունից ողջունելով հյուրերին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում : Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ: Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ: Միաժամանակ նկատել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգն ունի ձևավորված օրենսդրական դաշտ, զարգացման հստակ ուղղվածություն, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնց արդյունավետ գործունեությունը համակարգի ժողովրդավարական զարգացման երաշխիքն է: Մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինները հիմնական օրենքով որոշակիորեն տարանջատվել են պետական կառավարման մարմիններից և առանձնացել որպես ինքնուրույն օղակ: Այս տարին Հայաստանի Հանրապետության համար հատկանշական է նրանով, որ նշվում են անկախության 20 և տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակները: Նարեկ Սարգսյանը նաև նշել է, որ 2009 թվականին Երևանը Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջինն էր, որտեղ տեղի ունեցան քաղաքապետի և ավագանու ընտրություններ: Նշենք, որ Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Միջազգային Ասոցիացիային Երևանն անդամակցում է 1998 թվականից: Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի միջև հարաբերությունները նոր թափ ստացան 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 29-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Վեհաժողովի շարջանակում, 2009թ. հոկտեմբերի 1-ին, ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի պաշտոնում նշանակվել է Պիեռ Բայեն, ով 2010թ. հուլիսի 3-6–ը աշխատանքային այցով եղել է Երևան: Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի մակարդակով տեղի ունեցած առաջին այցի նպատակը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր և, մասնավորապես, ՖՔՄԱ–ին ներկայացված մայրաքաղաքի ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող թիվ 48, 78 և 119 դպրոցներին աջակցության նախագծի մանրամասները տեղում հստակեցնելը:
2010թ. հոկտեմբերին Լոզանում կայացած ամենայա 30-րդ Վեհաժողովի ժամանակ բյուրոն միաձայն որոշել է ՖՔՄԱ–ի ամենամյա 31-րդ Վեհաժողովն անցկացնել 2011թ. հոկտեմբերինª Երևանում:
ՖՔՄԱ–ի 31-րդ Վեհաժողովի նախապատրաստման և կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 3-ը Երևան է ժամանել ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեն: Այցի շրջանակում Պիեռ Բայեն հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ: Ասոցիացիայի մշտական քարտուղարն այցելել է նաև №48, №78 դպրոցներª լինգաֆոնային դասարաններում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար: Այցի ընթացքում քննարկվել են Ալ. Սենդարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի, Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի ֆինանսավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ նախնական համաձայնություն է ստացվել ՖՔՄԱ–ի կողմից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply