Երևանի և Փարիզի քաղաքապետերը ստորագրել են բարեկամության և համագործակցության համաձայնագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2011 19:15

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյեն իր ելույթում նշել է, որ երևանյան հանդիպումները կայանում են  ընտանեկան մթնոլորտում է, առավել ևս, երբ այդ ընտանիքն առավել մեծացել է Ֆրանկոֆոնիայի 31–րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ: Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, Փարիզի քաղաքապետը նշել է, որ փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր. «Բարձր հիմքերի վրա դրված մշակութային ոլորտում մեր համագործակցությունից զատ` նախատեսում ենք իրականացնել լուրջ տնտեսական ծրագրեր: Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,– ասել է Բերտրան Դելանոյեն:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես հայ – ֆրանսիական, այնպես էլ երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում. «Ստորագրված փաստաթուղթը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանը և ես վստահ եմ , որ այս հանդիպումից հետո մեր բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվենե,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է  լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում:

Մեկ անգամ ևս ողջունելով հանդիպմանը ներկա Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի անդամներին` Երևանի քաղաքապետը համոզմունք  է հայտնել , որ երևանյան վեհաժողովը կանցնի գործնական և արդյունավետ մթնոլորտում և ֆրանկոֆոն քաղաքների միջև գործակցության նոր հեռանկարներ կբացվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply