Ինչպե՞ս է կատարվում քննչական փորձարարությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 31, 2011 7:05

Քննչական փորձարարությանն առնչվող հարաբերությունները մանրամասն կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, որի 34-րդ գլուխն էլ հենց վերնագրվում է «Քննչական փորձարարություն»: Ըստ նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի` «գործի համար նշանակություն ունեցող տվյալները ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն»: Այսինքն` քննչական փորձարարության բովանդակությունն է կազմում փորձի արդյունքում ապացույցների ստուգումը, որն արժանահավատության կասկած է հարուցել, և այն պայմաններում, որն առավելագույն չափով մոտ է քննվող դեպքին:

Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները: Անհրաժեշտության դեպքում քննիչը քննչական փորձարարության կատարմանը կարող է մասնակից դարձնել կասկածյալին, մեղադրյալին, վկային, մասնագետին, բժշկին և այլ անձանց: Քննիչն իրավունք ունի կիրառելու տեխնիկական միջոցներ:

Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:

Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որում մանրամասն շարադրվում են փորձարարության հանգամանքները և արդյունքները: Արձանագրության մեջ նշվում է տեխնիկական միջոցների կիրառման մասին: Արձանագրությանը ծանոթանում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք այն հաստատում են իրենց ստորագրություններով և իրավունք ունեն պահանջելու նրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Պլանները, սխեմաները, գծագրերը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման արդյունքներն արտացոլող նյութերը կցվում են արձանագրությանը:

Ընդ որում, արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարություններ, դատավարական այլ գործողություններ կատարելուն:

Ըստ 121-րդ հոդվածի 2-րդ մասի` «որպես ապացույց կարող են օգտագործվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կատարված քննչական փորձարարության  արձանագրությունները»:

Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա ՀՀ քրդատ. օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` «դատական ծախսերը բաղկացած է նաև փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից»:

Քննչական փորձարարության տեսակ է համարվում, օրինակ, փորձի կատարումն այն նպատակով, թե արդյոք վկան կամ տուժողը կարո՞ղ էր տեսնել կամ լսել այն, ինչի մասին նա խոսում էր հարցաքննության ժամանակ, և այդ ճանապարհով ստուգել նրա ցուցմունքները: Քննչական փորձարարության մեկ այլ տարածված տեսակ է համարվում որոշակի եղանակով (օրինակ` պատուհանով) ինչ-որ շինություն մուտք գործելու կամ ինչ-որ տարայում իր տեղավորելու, կամ որոշակի ժամանակում որոշակի տարածություն հաղթահարելու հնարավորության ստուգումը: Քննչական փորձարարությունը կատարվում է նաև կասկածյալի, մեղադրյալի` որոշակի աշխատանք (օրինակ` կեղծ թղթադրամներ պատրաստելու) կատարելու հնարավորության մասին տված ցուցմունքները ստուգելու նպատակով:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply