«Արի տուն» ծրագրով Հայաստան եկած սփյուռքահայերն այսօր քոչարի էին սովորում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 9, 2009 17:36

Արի տուն«Արի տուն» ծրագրի շրջանակներում Երևան ժամանած սփյուռքահայ երիտասարդներն այսօր Ստեփան Շահումյանի անվան դպրոցի սպորտդահլիճում սովորում էին հայկական պարեր պարել. շուրջ  30 երիտասարդներ, ձեռք-ձեռքի տված, մեծ ոգևորությամբ սկսեցին պարել:

Երիտասարդների մեծ մասը վրացահայեր են: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում:

Գեորգին, ով Բաթումիից է, շատ է հավանել Երևանը: Ասում է, որ կուզենար մնալ և ապրել Հայաստանում, սակայն հարազատներն ու բարեկամները Վրաստանում են:

Առաջին անգամ Հայաստանում է նաև  18-ամյա Առնո Քարայանը`Ստամբուլից: Երիտասարդ լրագրող է, աշխատում է «Ակոսում»: Ընտանիքից նա միակն է, ով ոտք էր դրել Հայաստան: Մի քանի րոպե զրուցելուց հետո հասկացա, որ Առնոն հարցերիս մեծ մասը չի հասկանում, պարզապես յուրաքանչյուր հարցիս «այո է» պատասխանում:

«Տանը հայերեն չենք խոսում,-ասաց նա,-հայերեն խոսել սովորել եմ դպրոցում` Մխիթարյան վարժարանում: Հիմա ուզում եմ հայերենս լավացնել»:

Արի տունՏուն վերադառնալուց հետո փորձելու է տանը հայերեն խոսել և հայերենը դարձնել ընտանիքի գլխավոր լեզուն: Այն հարցին, թե կցանկանա՞ մնալ Հայաստանում, Առնոն կտրուկ «ոչ» պատասխանեց. նա չկարողացավ հայերենով բացատրել, թե ինչու:

Ի տարբերություն Առնոյի` իրանահայ Արին Կարապետյանն ուզում է ապրել Հայաստանում:

«Եթե աշխատանքի հարցը լուծվի, վստահ կմնամ,-ասաց նա,-ինձ Երևանը շատ է դուր գալիս, արդեն չորրորդ անգամ եմ այստեղ»:

Երկշաբաթյա ծրագիրը սփյուռքահայ երիտասարդների համար  հագեցած է` այցելություններ գիտական, կրթական, մշակութային, մարզական և այլ հաստատություններ, հայրենագիտական դասընթացներ, հայկական պարերի ուսուցում և այլն:

Ծրագրի պատասխանատուներն ակնկալում են, որ այդ երիտասարդները ծրագրի ավարտից հետո կրկին կուզեն հայրենիք գալ:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply