Աշխատանքային պայմանագրի տեսակները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 20, 2011 7:00

Ինչպես և բոլոր պայմանագրերը, աշխատանքային պայմանագիրը  նույնպես կնքվում է որոշակի և անորոշ ժամկետով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ,

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս կնքելու որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, մասնավորապես` «որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ»:

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով,

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ,

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ,

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ,

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ,

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները այդ ժամանակահատվածում կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին: Հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար վճարվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակիի չափով:

Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 9909 անգամ:
Print Friendly

Leave a Reply