Դատական հայց «Հրապարակ» օրաթերթի դեմ` ընթերցողների մեկնաբանությունների պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 17, 2011 7:15

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ զրպարտության և վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ` թերթից պահանջելով 18 մլն դրամ:

Այս հայցն աննախադեպ է նրանով, որ վերաբերում է ոչ թե լրատվամիջոցի կողմից հրապարակված հոդվածին, այլ ընթերցողների կողմից հոդվածի ներքո տեղ գտած մեկնաբանություններին:

Բանն այն է, որ օգոստոսի 10-ին թերթի էլեկտրոնային կայքում զետեղված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածի տակ 6 մեկնաբանություն է հրապարակվել, որոնք, ըստ փաստաբանի, զրպարտություն և վիրավորանք են պարունակում իր հասցեին: Փաստաբանը յուրաքանչյուր մեկնաբանության դիմաց պահանջում է 3 մլն դրամ:

Օրինակ` ոմն Անահիտ հոդվածի տակ փաստաբանի հասցեին գրել է. «…Ստորագույն արարք, եթե ինքը ագահ չլիներ, գումարը պետք է վերադարձներ… Ինչ վերաբերում է սեմինար պարապմունք և նման ողորմելի ստերին, ավելի լավ է նման ցնդաբանությունների փոխարեն ներողություն խնդրի իր բոլոր վերևում կարծիքներ գրած նախկին պաշտպանյալներից, գումարները վերադարձնի ու հրապարակավ ուտի իր փաստաբանական արտոնագիրը»: Մեկ ուրիշն էլ` Գարի անունով, ավելացրել է. «Էս անդուր լակոտ փաստաբան կոչեցյալը ոչ այլ ինչ է, եթե ոչ ստահակ ու ստախոս…»:

Փաստաբանը կարծում է, որ դրա համար պատասխանատվություն պետք է կրի թերթը, մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը զարմանում է, որ մեկնաբանությունների շուրջ կարող է նման աղմուկ առաջանալ. «Բայց դա ընդունված ավանդույթ է, քոմենթների իմաստը հենց դա է,-ասում է նա,-նույն հաջողությամբ Ֆեյսբուքում հրապարակված նյութերի համար կարող են դատի տալ, բայց դա, ինչպես նաև մեկնաբանությունները, չեն համարվում զանգվածային լրատվամիջոցների մաս, ուստի չեն կարող կարգավորվել ԶԼՄ օրենսդրությամբ»:

Օհանյանն ասում է, որ իրենք հետևում են բոլոր մեկնաբանություններին և հեռացնում սեռական բնույթի հայհոյանքները կամ խմբագրում անգրագետ գրվածքը. «Դե, ցենզուրայից դուրս բաները չենք տեղադրում, բայց, օրինակ, իմ հասցեին ինչ ասեք, որ չեն գրել, չենք հեռացրել»,-ասում է նա:

Իսկ ո՞րն է այդ «ցենզուրան», որի դեպքում, ըստ թերթի խմբագրի, իրենք ստիպված են լինում չհրապարակել մեկնաբանությունները կամ խմբագրել դրանք: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ոլորտում խառնաշփոթ է, և ամեն խմբագրություն ինքն է որոշում` ինչն է «ցենզուրայից դուրս», ինչը` ոչ:

Երևանի մամուլի ակումբի իրավաբան-խորհրդատու Իռեն Ալոյանն ասում է, որ մեկնաբանությունների հարցն այժմ քննարկվում է ողջ աշխարհում. «Առայժմ նման հրապարակումների վերաբերյալ առանձին օրենսդրական դաշտ գոյություն չունի, արտերկրում այդ հարցը կարգավորվում է էթիկայի նորմերով»: Նա կարծում է, որ Հայաստանում ևս լրատվամիջոցները պետք է էթիկայի նորմեր մշակեն, և այդ խնդիրները ոչ թե հասնեն դատարան, այլ լուծվեն հենց այդ միջոցով:

Եթե բացեք BBC-ի կամ աշխարհի որևէ այլ հայտնի լրատվամիջոցի կայքը և ուսումնասիրեք այն, կգտնեք բազմաթիվ սուր քննադատություններ, սակայն երբևէ չեք նկատի անձնական վիրավորանք կամ սադրիչ հայտարարություններ պարունակող մեկնաբանություններ:

Ինտերնետային քննարկումների վերաբերյալ BBC-ն հատուկ  կանոնագիրք ունի, որում, օրինակ, նշվում է. «Մի գրեք անօրինական, զրպարտություն և վիրավորանք պարունակող, ռասիստական, ազգայնամոլական, սպառնալիք պարունակող կամ նման բովանդակությամբ այլ մեկնաբանություններ», «Մի շեղվեք քննարկվող թեմայից, մի հանդես եկեք ուրիշի անուններով կամ կոպիտ, ոչ պատշաճ կեղծանուններով» և այլն: Նշվում է, որ այդ նորմերը չպահպանելու դեպքում մոդեռատորն իրավունք ունի հեռացնելու մեկնաբանությունները:

Հայաստանում նման նորմեր, ինչպես երևում է, գոյություն չունեն: «Հետք»  էլեկտրոնային օրաթերթը, որն առաջիններից է «ներմուծել» մեկնաբանությունների մշակույթը հայաստանյան լրատվական դաշտ, նույնպես հատուկ կանոնակարգ չունի: «Աշխատում ենք հայհոյանքներ, անձնական վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները հեռացնել, բայց երբեմն դրանք սպրդում են կայք,-ասում է թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը,-ամեն դեպքում այդ հարցը պետք է կարգավորվի ժամանակի ընթացքում»: Նա կարծում է, որ վերահսկողություն պետք է, բայց միաժամանակ կասկած է հայտնում, որ դա կդառնա մահակ թույլերի դեմ: «Թույլ» ասելով` նկատի չունի միայն մարդկանց, այլև լրատվամիջոցներին:

Որոշ լրատվամիջոցներ էլ ընդհանրապես չունեն մեկնաբանությունների հատված, սակայն ընթերցողներին հնարավորություն են տալիս «արտահայտվելու» իրենց ֆեյսբուքյան էջերում:

News.am լրատվական կայքի հայկական բաժնի խմբագիր Արթուր Խեմչյանն իրենց կայքում մեկնաբանությունների հատվածի բացակայությունը բացատրում է հետևյալ կերպ. «Մենք օրական 100-150 լուր ենք տեղադրում, և շատ դժվար է հետևել, որ մարդիկ չափը չանցնեն,- ասում է նա,- եթե վստահ լինեինք, որ մեր հասարակության մեջ բանավեճի մշակույթը ձևավորված է, ապա կունենայինք: Իսկ այն բոլոր կայքերը, որոնք ունեն մեկնաբանությունների հատված, միշտ խնդիրներ են ունենում»:

www.ankakh.am կայքը, որ մեկնաբանությունների և կարծիքների հնարավորություն է տալիս իր ընթերցողներին, մինչև վերջերս գրեթե չէր վերահսկում կայքում տեղ գտած մեկնաբանությունները, սակայն կայքի խմբագրությունը ստիպված եղավ ներքին կանոնակարգ մշակել, երբ որոշ ընթերցողներ, կեղծանուններով հանդես գալով, սկսեցին անձնական վիրավորանքներ և զրպարտություն պարունակող մեկնաբանությունների հեղեղ տեղալ: Այժմ ամենագլխավոր խնդիրը կայքի համար քննարկվող թեմայի շուրջ առողջ բանավեճ ծավալելու հնարավորության ստեղծումն է: Ինչ վերաբերում է զրպարտանք,   վիրավորանք, սադրիչ հայտարարություններ պարունակող մեկնաբանություններին, ապա, ըստ այդ կանոնակարգի, դրանք անմիջապես հեռացվում են:

Եթե լրատվամիջոցների քննարկումներն այս կամ այն չափով վերահսկվում են, ապա նույնը չի կարելի ասել սոցիալական ցանցերի մասին: Նշենք միայն, որ օրերս Դոմինիկյան Հանրապետությունում ֆեյսբուքում կատարած մեկնաբանությունները երկու աղջիկների միջև ծեծկռտուքի պատճառ դարձան, որի հետևանքով աղջիկներից մեկը մահացավ:

 

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply