Հայի վերջին խելքը…

ԷՍՍԵ | | October 10, 2011 15:09

Գաղտնիք չէ որ, անկախության և ազատականացման բերկրաթմբիրում (էյֆորիա) թավշյա հեղափոխության ընտրյալները, ինչպես ասում են, ձեռքի հետ շատ արժեքներ դեն նետեցին, շատ կառույցներ, գործարաններ անհարկի փակեցին, երկրի հարստությունը (հաստոցներ, երկաթգծեր) փոշիացրին:

Փակվեց ատոմակայանը, որի վերագործարկումը երկրի վրա շատ թանկ նստեց, «Նաիրիտ» գործարանը, որը մինչև օրս խելքի չի գալիս, որովհետև շարունակ նոր տեր ունենալու փնտրտուքի մեջ է: Օրերս էլ մամուլի, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց Եղվարդի ջրամբարը: Հեռուստաէկրանին հայտնված սյուժեից հայտնի դարձավ, որ ջրամբարի շինարարությունը սկսելու, տարածքը հանգստյան գոտի դարձնելու ծրագիր կա: Եղվարդցի մի քանի բնակիչ  էլ ոգևորված հաշվարկում էին կառուցվելիք ջրամբարի օգուտները` հավանաբար մոռանալով, որ ժամանակին հենց իրենք թելեցին ՀՀՇ-ի այն ակտիվիստների ասեղը, որոնք ձեռնամուխ եղան ջրամբարի շինարարության դադարեցմանը: Ու սկսվեցին հալածանքներն այդ կառույցի ու շինարարների նկատմամբ: Հանրապետության գրեթե բոլոր թերթերը, գործին տեղյակ ու անտեղյակ մարդիկ քարկոծեցին և՛ շինարարներին, և՛ շինարարությունը:

Ամենից լավ եղվարդցիները կհիշեն, թե ինչ խաղեր խաղացին կառույցի գլխին: Հիմա էլ երազում են այն կառուցված տեսնել: Ինչը, ըստ էության, անհնար է, գոնե մոտ  ժամանակներս, որովհետև թանկ հաճույք է: Այնպես որ գոնե երազելը վնաս չէ:

Երազը` երազ, բայց չպետք է մոռանանք, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ջուրը նավթից էլ թանկ կլինի: Մերձավոր Արևելքը շատ հարուստ է նավթով և ջուր գրեթե չունի: Երկու ամենամեծ գետերը` Տիգրիսը և Եփրատը, հոսում են Իսրայելին թշնամի արաբական երկրների տարածքով: Բացառություն է Թուրքիան, որն էլ ջուր է մատակարարում հրեական պետությանը, ինչը Իսրայելի արտաքին քաղաքականության գլխավոր մեխն է:  Օրերս Իսրայելը սպառնաց Պաղեստինին, որ եթե ՄԱԿ-ի անդամ դառնա, շատ բանից, այդ թվում նաև ջրից կզրկվի:

Այդ առումով մեր վիճակն էլ նախանձելի չէ, թեև այդ մասին բարձրաձայնել չենք սիրում: Լավ չէ, որովհետև մեր ջրային պաշարի առյուծի բաժինը երկրից դուրս է գալիս աշխարհագրական դիրքի պատճառով: Շատ  հողատարածքներ պապակ են մնում, որովհետև ոռոգման ջուրն այսօր թանկ հաճույք է գյուղացու համար: Փոխարենը մեր հարևաններն են լիանում:  Թվերի լեզվով չխոսեմ, քանզի դրա առիթը մենք քանիցս ունեցել ենք: Այդ ջրերը հանրապետությունում պահելու համար հարկավոր էր  ջրամբարներ կառուցել: Այդպիսին էր Խորհրդային Հայաստանի ջրային համակարգի որդեգրած ուղեգիծը, որի շրջանակներում էլ պիտի կառուցվեր նաև Եղվարդի ջրամբարը:

Կան բաներ, որ ժամանակը չի ջնջում հիշողությունից, այնուհանդերձ ուզում եմ թարմացնել այդ ջրամբարի հետ կապված որոշ մանրամասներ, մանավանդ որ անկեղծանալու հիմնավոր պատճառ կարծես թե ունեմ: Ժամանակին հետամուտ էի այդ խնդրին: Երկու հեռուստահաղորդում պատրաստեցի` ընդդիմախոսների և կառույցի հեղինակների մասնակցությամբ, հանդիպեցի Տեր-Պետրոսյանին, Հրանտ Բագրատյանին, որին էլ հանձնարարված էր որոշել ջրամբարի տնտեսական արդյունավետությունը: Մինչ Բագրատյանը հօգուտ ջրամբարի շինարարությունը վերսկսելու որոշում կկայացներ, բանը բանից անցավ: Ընդդիմադիրների ջանքերով մեխանիզմները շարքից դուրս եկան, հոսանքալարեր կտրվեցին,  պատվարը պայթեցնելու փորձ արվեց, էներգետիկ տեռորը  երկիրը պատեց, ֆինանս էլ չկար:

1985 թ. Ծաղկավանք սարի փեշերին` Եղվարդի հարևանությամբ, սկսվեց այդ ջրամբարի շինարարությունը, որի համար Խորհրդային Միությունը տրամադրել էր 174 մլն ռուբլի:

Առաջին հերթին Սևանը փրկելու անհրաժեշտությունից էր ծնվել այդ գաղափարը: Այն տարեկան ոռոգման նպատակով Սևանից դուրս եկող 94,2 մլն խմ ջուր տնտեսելու, ինչպես նաև աննպատակ Թուրքիա գնացող 50 հազար խմ ջրի ճամփան կտրելու  (մի հաշվող լինի, թե տարեկան քանի միլիոնի օգուտ ենք տալիս մեր հարևան Ադրբեջանին ու Թուրքիային),  հազարավոր հեկտար հողատարածքներ ոռոգելի դարձնելու հնարավորություն կտար:

Ջրամբարի ծավալը` 228 մլն խմ, հայելու մակերեսը` 1000 հա, խորությունը` 45 մ, նախահաշվարկային արժեքը` 1984 թ. գներով` 174 մլն ռուբլի:

Ու մարդիկ աշխատեցին նվիրումով: Ավարտեցին 3,5 կմ երկարությամբ 2-րդ պատվարի առաջին հերթը: Պատվարի վերջնամասում ավարտին էր մոտենում ջրթողի շինարարությունը, հարևանությամբ գցվում էր Արզնի-Շամիրամ տանող խողովակաշարը: Օր օրի ուրվագծվում էր նաև թիվ 1 պատվարի բարձրությունը: Քանի որ ժամանակին տեղի ընտրության հարցում այլընտրանք չի եղել, ուստի 1000 հա հողը ջրի տակ չթողնելու համար նախատեսվեց բուսահողը հանել և տեղափոխել քարքարոտ տարածքներ:

Այդ օրերի դեպքերին, իրադարձություններին առնչվող հարուստ արխիվ ունեմ: Բայց ընդամենը մեկ հիշեցում. այդ ամենի գլխին էր կանգնել հհշամետ իշխանությունը, իսկ գլխավոր դերակատարներն էին ժողովրդի մասին մտածող Կարեն Սիմոնյանը, որ ժողովրդի դժվարին օրերին անվերադարձ փախավ  «հա՜յդե Փարիզ», Խաչիկ Ստամբոլցյանը, Գրիգոր Ավագյանը (նա  ուզում էր տեղանքը փորձադաշտ դարձնել): Իսկ լուսահոգի Վահագն Դավթյանն էլ մի առիթով դառնացած խոստովանեց ու մի քանի «լավ խոսք» ասաց ՀՀՇ-ի հասցեին, որ «այդ ստահակներն» իր հեղինակությունը, անունը չարաշահեցին: Հենց այդպես էլ ասաց ու մի խորհուրդ էլ տվեց. «Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»: Ինքը չարաչար սխալվեց այդ հարցում…

Ամեն դեպքում մեր հարևանները մեր ջրի կարիքն ունեն: Ցանկացած պահի էլ կարող էինք նրանց դարձի բերել, եթե ժամանակին խելամիտ գտնվեինք ու չտրվեինք զգացմունքայնությանը: ՀՀՇ իշխանությունների անհեռատես քայլը, չափից ավելի «հայրենասիրությունը» որքա՜ն թանկ արժեցավ ազգի համար:

Ամեն ինչ քանդել ու նորից սկսել. սա էր նրանց սկզբունքը: Քանդելը քանդեցին, այն էլ ինչպես, իսկ կառուցելը թողեցին սերունդներին:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply