Վրաստանին սահմանագիծ գյուղերն անհայտ կարգավիճակում են. գյուղացիները բողոքում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 16:41

քարտեզում Լոռվա հյուսիսային հատվածն էՕրեր առաջ Լոռու մարզի հյուսիսային հատվածում գտնվող Խոժոռնի գյուղի 5 երիտասարդ անտառապահների վրացի սահմանապահները ձերբակալել են` սահմանը խախտելու պատճառաբանությամբ. այս մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Նա 2 օր առաջ է  վերադարձել 10-15 հազար բնակչություն ունեցող Քվեմո-Քարթլիից` հյուսիսային Լոռվա սահմանամերձ 6 գյուղերից` Բրդաձոր (3 կողմից շրջափակված է հայկական սահմանով), Խոժոռնի, Ծոփք (կիսով չափ հայկական է, կիսով չափ` հունական), Խոխմել (ամբողջովին հայաբնակ է), Օկրետ (կիսով չափ հայաբնակ), Ախքյորփի և Չանախչի (հայկական գյուղեր են):
«Քաղաքական ադմինիստրատիվ քարտեզով 6 գյուղերը մտնում են Քվեմո-Քարթլիի (նախկին հյուսիսային Լոռին է) շրջանի մեջ, բայց աշխարհագրորեն կտրված են այդ շրջանից`ոչ բարվոք ճանապարհի պատճառով,- ասում է Աբրահամյանը,- Գյուղերը շատ մոտ են Հայաստանի սահմանին, սակայն ոչ մի բնական սահմանային գիծ չկա: Սահմանն այնքան մեծ բարդություններ է ստեղծում տեղի հայության համար, որի արդյունքում տարիներ հետո տեղի հայերը կլքեն գյուղերը»:

Չանախչիի ու Խոժոռնի գյուղերի միջով է անցնում հայ-վրացական սահմանը և սահմանապահների հենակետերը գյուղերի մեջ են: Իսկ մյուս 4 գյուղերը անկլավային են` 3 կողմից շրջապատված  Հայաստանով, բայց Վրաստանի կազմում են:

«Մի օր գյուղացին կարող է հանգիստ գնալ հարևանի տուն, իսկ մեկ ուրիշ օր նրան կձերբակալեն` ասելով, որ նա սահմանը խախտել է,- ասաց նա,-Քանի որ Հայաստանն ակտիվորեն խստացնում է սահմանը, Վրաստանը նույնպես սկսում է խստացնել: Արդյունքում, տուժում է տեղի հայ բնակչությունը, հույներն էլ իրենց հերթին սկսել են իրենց բնակարանները վաճառել ադրբեջանցնիներին, արդյունքում Ադրբեջանը սկսում է վերաբնակվել այստեղ»:

Այս 6 գյուղերը 1920-35թթ եղել են Հայաստանի կազմում, հետո Հայաստանին միանալու ճանապարհ չունենալու պատճառաբանությամբ տրվել են Վրաստանի խորհրդային միությանը. փոխարենը Հայաստանի դրա դիմաց ոչինչ չի տրվել:

Աբրահամյանն «Անկախ»-ին ասաց, որ վրացիները որքան էլ փորձեր անեն փաստաթուղթ ներկայացնելու, թե գյուղերն իրենցն են, միևնույն է, մենք կարող ենք հերքել` պնդելով, որ հիմա գյուղերն ունեն Հայաստանին միացող ճանապարհ, և դեռ խորհրդային տարիներին(1935-1940թթ.) հրապարակված քարտեզներում գյուղերը Հայաստանի տարածքում էին:

6 գյուղերի բնակիչները պատրաստվում են նամակների ձևով դիմել ՀՀ պետական կառույցներին`գյուղերը  Հայաստանին միավորելու ցանկութամբ: Իսկ Աբրահամյանն ասում է, որ գյուղացիների ձայնն ավելի լսելի դարձնելու համար առաջիկայում  կկազմակերպվեն կլոր-սեղան քննարկումներ:

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply