Երևանի ավագանու առաջին նիստը. ՀԱԿ-ը չմասնակցեց, Գագիկ Բեգլարյանը դարձավ քաղաքապետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 8, 2009 16:36

mhm42130-copy-1Այսօր ավագանիների առաջին նիստին, ինչպես նախատեսվում էր, ՀԱԿ-ը չմասնակցեց. ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ հունիսի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իրենք մանդատները չեն վերցնելու և մայրաքաղաքի ավագանու աշխատանքներում չեն ներգրավվելու:

Համաձայն հունիսի 6-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների` ՀՀԿ-ն ստացել է 35 մանդատ, ԲՀԿ-ն` 17, ՀԱԿ-ը` 13: Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 771.477 երևանցիներից կեսից ավելին` 404.634-ը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը չեն ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երևանի ավագանու ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը:
«Ես պնդում եմ, որ եղել են զանգվածային կեղծիքներ, դրա համար էլ չեմ ստորագրել»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

mhm42131-copy-1Ավագանիների անդրանիկ նիստը վարել է ՀՀԿ անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: ՀՀԿ 35 և ԲՀԿ 17 ներկայացուցիչներից բացակայել են 2-ը:

Ելնելով «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածից, որ «եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ», հրապարակվել է նորընտիր քաղաքապետի անունը` Գագիկ Բեգլարի Բեգլարյան:

Երեւանի ավագանու ընդունած առաջին որոշումը քաղաքապետի երդման արարողության կազմակերպման մասին էր, որը տեղի կունենա հունիսի 11-ին, իսկ ավագանու առաջին նստաշրջանը կգումարվի հունիսի 23-ին:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply