Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համերգ Ռումինիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2011 18:44

Սեպտեմբերի 28-ին Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման (Atheneul Roman) ֆիլհարմոնիկ սրահում տեղի ունեցավ մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության եւ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին: Լեփլեցուն դահլիճում ելույթ ունեցան օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաեւ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

 

Հայաստանի Ազգային տոնին նվիրված երեկոյին ներկա էին Ռումինիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, հոգեւոր պետեր, գործարար միջավայրի, մտավորական եւ ստեղծագործական շրջանակների դեմքեր, ինչպես նաեւ բազմաթիվ ռումինահայեր` Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի գլխավորությամբ:

 

Համերգից առաջ ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան, ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

 

Երեկոյին Բարսեղ Թումանյանի կատարմամբ հնչեցին եվրոպացի եւ ռուս կոմպոզիտորների հանրահայտ օպերային արիաներ, ինչպես նաեւ Կոմիտասի «Հայաստանը» եւ Տիգրան Չուխաջյանի «Արշակի արիան»: Երիտասարդ դաշնակարուհի Լուսինե Խաչատրյանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «Դաշնամուրային պատկերները» եւ Էդվարդ Միրզոյանի «Պոեմը»: Հայկական ավանդական եւ հոգեւոր երաժշտության թեմաների վարպետ մեկնաբանություններով երեկոն փակեց հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

 

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ Ռումինիայի Խորհրդարանի ղեկավարության, նախարարների, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների եւ անհատների անունից:

 

 

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply