ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի արձագանքը Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2011 21:52

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ավարտվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) հիմնական քննարկումները: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Մամեդյարովի ելույթում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին հղումները նրա երեւակայության արդյունք են, ով դեռեւս կարծում է, թե սառը պատերազմի շրջանի քարոզչությունն ու ՄԱԿ-ում հակահայկական հայտարարությունները կարող են արդյունավետ գործիք հանդիսանալ իր երկրի դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ամրապնդելու համար. բանակցություններ, որոնք նպատակաուղղված են ԼՂ հիմնահարցի համապարփակ, այլ ոչ թե քայլ առ քայլ կարգավորմանը, ինչպես որ նշում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հերքելով ՄԱԿ-ի բանաձեւերում Հայաստանի «ագրեսիայի», ՀՀ զինված ուժերի դուրս բերման պահանջների, ինչպես նաեւ 20 տոկոս տարածքների զավթման արդյունքում 1 մլն. փախստականների մասին ձեւակերպումների առկայությունը` դեսպան Նազարյանը ընդգծել է, որ նախարարի ելույթում հնչած մեղադրանքներն ու փաստերի նմանօրինակ աղավաղումներն անհիմն են, անարդյունավետ ու վնասում են բանակցությունների ընթացքին, միջազգային կազմակերպությունների աշխատանքին` արհեստականորեն ձգձգելով կառուցողական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ ժողովորդի պահանջները բավարարելու համար: Նշվել է նաեւ, որ Ադրբեջանն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները ԼՂ նկատմամբ` ի պատասխան վերջինիս ժողովրդի կողմից ինքնորոշման իր իրավունքի կիրառման:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ եթե Ադրբեջանն աղավաղված փաստերի միջոցով մոլորության մեջ է գցում իր ժողովրդին, ապա դա դեռեւս չի նշանակում, որ նույն բանը կարող անել նաեւ միջազգային հանրության հետ:

Եզրափակելով հիմնական քննարկումները` ԳԱ նախագահը (Կատար) դրանք որակել է պատմական` նշելով, որ այս տարի համաշխարհային ղեկավարները եկան Նյու Յորք «ներկայացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու կարիքները»,  «ողջունելով երկրագնդի շուրջ ազատության, ժողովրդավարության ու արժանապատվության համար պայքարողների քաջությունը»:

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply