Ընդունելության քննություններից համատարած դժգոհում են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2009 13:55

գլուխկոտրուկներ լուծելու կարողությունը` քննական նոր չափանիշ

mhm42069-copy-1Երևանաբնակ շուրջ 40 շրջանավարտի ծնողներ այսօր բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին` բողոքելով միասնական քննությունների ընթացքից:

«Հունիսի 5-ին կայացած հայոց լեզվի և գրականության միասնական քննությունները և դրանց արդյունքները չափազանց տագնապահարույց են…Մեր երեխաների պատրաստվածության, գիտելիքների ունակությունների համեմատ` քննության արդյունքները չափազանց ցածր են, հիասթափեցնող ու հուսալքող. գնահատականների հիմնական մասը տատանվում է 8-13-ի սահմաններում, շատ են անբավարար արդյունքները». նշում են ծնողները:

Բողոքում են, որ քննասենյակում չեն գործել հեռախոսի ազդակները խլացնող սարքերը, որոշ քննական կենտրոններում անբարյացկամ վերաբերմունք է դրսևորվել քննություն հանձնողների նկատմամբ: Նաև նշում են, որ թեստերն իրենց բովանդակությամբ ու բարդությամբ չեն համապատասխանում ԳԹԿ-ի հրատարակած «Հայոց լեզու և գրականություն. պետական ավարտական և միասնական քննություն ուղեցույց»-ին, շատ են դժվարըմբռնելի, նաև գրականության դասընթացի ծրագրում չընդգրկված ստեղծագործություններից հարցադրումները: «Փորձել են ստուգել ոչ թե երեխաների գիտելիքները, այլ գլուխկոտրուկներ լուծելու հմտությունը»,-նշվում է բաց նամակում:

Ծնողներն առաջարկում են տարվա ընթացքում հրատարակվող և սխալներով լի տասնյակ գրքերի փոխարեն ստեղծել մեկ շտեմարան-ուղեցույց, որով առաջնորդվելով` աշակերտը կկարողանա դպրոցում ստացած իր գիտելիքներով և առանց ավելորդ ծախսերի (առանց դասախոսի մոտ պարապելու) դիմել իր նախընտրած բուհ:

Նամակը ստորագրած ծնողներից Էվելինա Բաղդասարյանն ասում է` ակնկալում են, որ մյուս քննությունների աշխատանքները գնահատելիս ավելի մեղմ չափանիշեր կկիրառվեն:

Նամակի պատճեններն ուղարկել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանին, Նախագահին առընթեր հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply