20 տարի անց. արդյունքներ ու հեռանկարներ կամ ո՞վ է Հայաստանը

ԷՍՍԵ | | September 21, 2011 16:59

Հայաստանի  երրորդ Հանրապետությունը 20 տարեկան է:

Սա համախմբման ամենագեղեցիկ տոնն է, երբ մեծ է գայթակղությունը մոռանալու բոլոր խնդիրների ու դժվարությունների, հակասությունների մասին և ուրախ սրտով տոնելու անկախ պետականության տարեդարձը: Անկախության գաղափարը չի կարող անթաքույց հպարտություն չառաջացնել հայրենիքի զգացողություն ունեցող յուրաքանչյուր հայի սրտում: Ռազմական շքերթը, համերգները, ստեղծագործական մրցույթները, շուոները, բազմակողմանի հանդիպումները, ելույթները, շնորհավորանքներն ու պարգևները կոչված են ընդգծելու օրվա տոնականությունը: Ոգևորության հաճելի զգացողություն է արթնանում անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից, կյանքի մասին պատկերացումներից, առօրյա հոգսերից: Սակայն օրվա կարևորության իրական գնահատականը սեպտեմբերի մի քանի օրերին տեղի ունեցող միջոցառումներով չի որոշվում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կենսակերպով պիտի զգա, որ «Հայաստանն ինքն է», համոզված լինի, որ երկու տասնամյակ առաջ իր վերագտած անկախ պետականությունն իր հողում ապրելու, այն շենացնելու, զարգացնելու, իրեն ազատ ու պաշտպանված զգալու իրավունք ունենալու արդարացված պայքար է եղել: Իսկ այս ամենը վերամբարձ ուղերձներով հնարավոր չէ ապացուցել:

Տե՞րն է քաղաքացին պետության կամ պետությունը` քաղաքացու

Գեղեցիկ ձևակերպումները ոչինչ չեն տալիս քաղաքացուն, որ անընդհատ բախվում է կենսական դժվարությունների, քանի որ իրեն սոցիալապես պաշտպանված չի զգում իր իսկ երկրում, չի զգում, պետության «շնչառությունը» իր մեջքին և, որ ամենավտանգավորն է, չի հավատում, որ պետության ընդունած որոշումներն իր օգտին են, արդեն չի զարմանում հերթական կուլիսային անակնկալ որոշումներից, որոնք իր բարեկեցությանը նպաստելու փոխարեն նրան նոր ֆինանսական խնդիրների առաջ են կանգնեցնում և բնակչության մի ստվար հատվածի ստիպում ապրել օրվա հացը վաստակելու մասին մշտական մտահոգություններով:

Անկախությունից 20 տարի անց մենք փաստացի ունենք մի վիճակ, երբ բացակայում է հանրությունիշխանություն երկխոսությունն ու ուղիղ կապը: Սրանք երկու առանձին համակարգեր են, որոնք միմյանց հետ շատ քիչ ընդհանրություններ ունեն. հասարակությունը ապրում է իր կյանքով, քաղաքական դաշտը` իր: Քաղաքական ուժերը երկխոսում են, պորտֆելներ բաժանում, մեղադրում իրար` հանրանպաստ քաղաքականության բացակայության վակուումը լցնելով իրավիճակային ինտրիգներով, որոնք մեծ հաշվով բնավ չեն հետաքրքրում քաղաքացուն: Իրենց քայլերի ու խոստումների համար նրանք բացարձակ պատասխանատվություն չեն կրում հանրության առջև:  Իշխանություններն իրենց կախված չեն զգում հանրությունից, այն աստիճան, որ երկրի վարչապետը, խոսելով հանրության բողոքավոր զանգվածի հարկադրված արտագաղթի մասին, բաց տեքստով հայտարարում է. «Իսկ ինչ, թողնենք` մնան երկրում հեղափոխությո՞ւն անեն»: Այս մի իբրև թե կատակով ասված արտահայտության մեջ խտացված է իշխանության գործունեության ողջ կոնցեպցիան, սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ բացարձակ անտարբերությունը:

Ահա անկախությունից 20 տարի անց, երբ թվում էր, թե երկու տասնամյակը բավարար ժամանակահատված է, որ պետությունը մտնի դինամիկ զարգացման մեջ, սեփական քաղաքացիների նկատմամբ վարվում է այնպիսի սոցիալտնտեսական քաղաքականություն, որ մարդիկ ելքերից ռացիոնալը համարում են Հայաստանից արտագաղթելը: Ու արտագաղթի աճող տեմպերը նկատում են բոլորը, բացի իշխանություններից, որոնք արտագաղթի բացասական սալդոն մարդկանց տեղաշարժի բնական միտում են համարում, բայց ոչ մտահոգության պատճառ:

Իշխանության տարբեր մակարդակի պաշտոնյաները սփյուռքի մեր հայրենակիցների  հետ հանդիպումների ժամանակ սիրում են սրտաճմլիկ ելույթներ ունենալ Սփյուռքը Հայաստանին կապելու, սփյուռքահայերի վերադարձը հայրենիք խթանելու համար, բայց փաստացի Հայաստանում վարում են մի քաղաքականություն, որի արդյունքում  ընդամենը համալրվում են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շարքերը, ընդ որում` Հայաստանից խիստ հիասթափված հայերի հաշվին: Եվ այս առումով մեծ նշանակություն ունի ոչ միայն վարվող տնտեսական քաղաքականության սոցիալֆինանսական, այլև հոգեբանական կողմը, երբ բնակչությունը հստակ տեսնում է, որ իշխանություններն իրենց բոլորովին պատասխանատու չեն զգում երկրի ներկայիս սոցիալտնտեսական իրավիճակի համար:

Տնտեսության վատթարացող ցուցանիշների պատճառը իշխանությունները փնտրում են տնտեսական ճգնաժամի, անգամ կլիմայական ոչ բարենպաստ պայմանների, բայց ոչ իրենց անհեռատես տնտեսական քաղաքականության մեջ, որ դրսևորվեց արտաքին պարտքը կրկնապատկելու հաշվին արտասահմանյան վարկեր վերցնելու, գործարարներին ճնշելու, պետական հանքերն անխնա շահագործելու, յուրացնելու ու արտասահմանցիներին վաճառելու, հարկային անտանելի պայմաններ ստեղծելու ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների ձևով: Ինչի հետևանքով ոչ միայն մարդիկ են հեռանում Հայաստանից, այլև բիզնես կապիտալը: Իսկ մեր իշխանություններն այս ամենը չեն նկատում ու փորձում են համոզել, որ պետությունը տնտեսական առաջընթաց է ապրում, Հայաստանը դառնալու է զբոսաշրջության, ֆինանսական կենտրոն տարածաշրջանում: Բայց հայ բնակչությունը ապրում է կենդանի Հայաստանում, ոչ թե վիրտուալ Հայկական աշխարհում և վաղուց լուրջ չի վերաբերվում նման խոստումներին ու ծրագրերին:

Իշխանությունը վերարտադրելու խնդիր, ոչ ավելին

Իշխանությունն արձագանքում է հանրային բողոքին միայն այն դեպքում, երբ դրանում ուղղակի վտանգ է տեսնում իր իշխանության համար: Ու լրիվ անտարբեր է նրա նկատմամբ, որ իր թողտվությամբ Հայաստանում փաստացի կան ուժեր, որոնք ամեն հնարավոր առիթով օգտագործում են բնակչության բողոքական տրամադրություններն ու անընդհատ հարվածում հայ հասարակության հիմնասյուներին` ընտանիքին, բանակին ու եկեղեցուն: Սրան իշխանությունները պատասխանում են միայն խնդիրները հերքելով կամ աղմուկն օգտագործելով մարդկանց ուշադրությունը սեփական քայլերից շեղելու համար: Ավելին` հիմնարար խնդիրներ լուծելու փոխարեն ուղղակի փոխակերպում են խնդրի էությունը, ու ամենևին կարևոր չէ, թե դա ինչ հետևանք կունենա: Օրինակ` կրթական որակը բարձրացնելու փոխարեն ավելի հեշտ է հայտարարել, որ հայոց լեզուն մրցունակ չէ, թեկուզ հետո, անկախության տոնի հետ կապված, ստիպված լինեն հիշեցնել, որ հայոց լեզուն հայ ինքնության գրավականն է:

Մյուս կողմից` նման իրավիճակը զարմանալի չէ մի երկրում, որտեղ չկա հստակ հայեցակարգ, թե ուր ենք շարժվում, որն է հայության զարգացման ուղին, նպատակը: Ամեն որոշում ընդամենը ուղղված է իշխանության վերարտադրմանը կամ զուտ իրավիճակային է, չեն հաշվարկվում վտանգները, հետևանքները, արդյունքները: Նույնը` արտաքին քաղաքականության բնագավառում:

Իշխանությունն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է ոչ թե հայության շահերից ելնելով, այլ ուղղակի համապատասխանեցնելով մեծ տերությունների դիրքորոշմանը, ցանկացած մոտեցում հիմնավորելիս հղում անում միջազգային հանրության կարծիքին, անվերապահորեն ընդունում դրսից ներդրված ցանկացած նախագիծ կամ «բարեփոխման» առաջարկ` առանց հաշվարկելու օգտակարությունը: Որևէ քայլ ռազմավարական նշանակություն չունի: Իշխանությունների պատկերացրած հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնահարցի լուծման անկյունաքարն էլ այն է, որ սրանք խանգարում են Հայաստանի զարգացմանը, ուստի դրանք շատ արագ պետք է հաղթահարել,  բայց թե ինչ գնով, կարևոր չէ, կարևոր է հանրությանը համոզել, որ դրանց շուտափույթ լուծումն անհրաժեշտ է, ու նաև ցույց տալ սեփական քաղաքականության «նախաձեռնողական» բնույթը դրսին սիրաշահելու համար:

Մեր վաղվա օրը

Այսպիսով, Հայաստանի երրորդ Հանրապետության անկախությունը շատ ճոխ նշելը դեռ հիմանվորում չէ, որ կա այն գիտակցությունը, թե ինչ է նշանակում անկախ պետականություն, ինչ արժեք ունի այն և որն  է պետության դինամիկ զարգացման հեռանկարը: Պետության արդյունավետ գործառման հիմքը քաղաքացիհասարակությունիշխանություն եռամիասնության, քաղաքացու պաշտպանվածության և իրեն սեփական երկրի տերը զգալու հնարավորությունն է: Արևմտյան զարգացած ժողովրդավարությունների հիմքը, որոնց ինտեգրվելու անհրաժեշտության մասին այնքան շատ են սիրում խոսել մեր իշխանությունները, քաղաքացու վստահությունն  է պետական կառույցների նկատմամբ, նրա համոզվածությունը, որ պետական ինստիտուտները գործում են հօգուտ իր շահի, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին:

Իսկ Հայաստանում քաղաքացին տեսնում է պետական ինստիտուտների սերտաճումը և գործունեության անարդյունավետությունը, իշխանությունների խոսքի ու գործի ակնհայտ տարբերությունը և ամենևին վստահություն չունի իր բարեկեցիկ ու կայուն ապագայի նկատմամբ: Սա այն չէ, ինչի համար քվեարկում էին մարդիկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին:

Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ Հայաստանի վաղվա օրն էլ այսպիսին է լինելու: Հայաստանի Հանրապետության անկախությունն արդեն 20 տարեկան է: Հետևաբար, Հայաստանում արդեն իսկ կա անկախության ժամանակ ծնված չափահաս սերունդ, որ վստահաբար կարողանալու է Հայաստանի լճացած քաղաքական դաշտին նոր լիցքեր տալ, փոխարինել խորհրդային շրջանի հարմարվողական և հրահանգներ կատարողի չինովնիկական մտածողությամբ, ինչպես նաև սեփական գրպանը իշխանության միջոցով հարստացնելու սովոր քաղաքական գործիչներին ու Հայաստանը տանել իրական զարգացման:

20 տարին բավարար ժամանակահատված էր անկախության փորձաշրջան անցնելու համար:


Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply