Մայրաքաղաքը պատրաստ է տոնական միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2011 16:54

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախապես շնորհավորելով ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ, ամփոփել է տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:  Քաղաքապետին զեկուցվել է, որ կազմակերպչական աշխատանքներն ավարտված են եւ մայրաքաղաքը պատրաստ է հավուր պատշաճի դիմավորել տոնը:  Միջոցառումները մեկնարկելու են վաղ առավոտից  եւ շարունակվելու են մինչեւ կեսգիշեր:

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացված կանաչապատման աշխատանքաների ծավալներին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախապատրաստվել աշնանային ծառատունկին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 40 հազար ծառ եւ թուփ, այդ թվում մշտադալարներ, ինչպես նաեւ ամբողջությամբ կանաչապատել եւ ոռոգման ցանցով ապահովել Սարալանջի ճանապարհի թեք հատվածները, Եռաբլրի տարածքներն ու Արգավանդի ուղետար կամրջի աջ եւ ձախ հատվածները:

«Մենք պետք է վստահ լինենք, որ տնկելուց հետո այդ ծառերն անտարբերության չեն մատնվի: Դրա համար էլ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր երեւանցի տնկի իր ծառը»,-նշել է քաղաքապետն ու նաեւ առաջարկել, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ծառերն ու թփերը, ըստ անհրաժեշտության, ապահովեն լուսային ձեւավորմամբ:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի մուտքերին՝  հատկապես հետևողական լինել օդանավակայանից Երեւան մտնող մայրուղու կանաչապատման և բարեկարգման աշխատանքներում:

Հիմք ընդունելով պարտադիր բարեկարգման մասին պայմանագրային պարտավորությունները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն կազմակերպել մասնավոր ընկերություններին ուղարկվող ծանուցումների գործընթացը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել թերացողների նկատմամբ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին է մոտենում մայրաքաղաքի  3 վերգետնյա անցումների շինարարությունը եւ առաջարկություն է ներկայացվել  2012-ին ևս 12  վերգետնյա անցումներ կառուցելու վերաբերյալ:

Գնահատելով քաղաքացիների դրական վերաբերմունքը մայրաքաղաքի շենքերի կամարակապ մուտքերի մաքրման, նկարազարդման եւ լուսավորության անցկացման աշխատանքների նկատմամբ՝ քաղաքապետն ընդգծել է, որ ծրագիրը պետք է դառնա ավելի լայնածավալ եւ ընդգրկի նաեւ վարչական մյուս շրջանների համապատասխան տարածքները: Երեւանի գլխավոր դիզայների կողմից զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգվել և նկարազարդվել  է  15 կամարակապ մուտք:

Մայրաքաղաքի տրասպորտային բեռնաթափման նպատակով Կարեն Կարապետյանի հանձնարարականով մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները Ավան-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող` Աղբյուր Սերոբի փողոցի ճանապարհահատվածում եւ Հալաբյան-Աբելյան փողոցներում: Ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ հիմնանորոգվել եւ ավարտական տեսքի են բերվել Էրեբունի, Խաչիկ Դաշտենց եւ Խաղաղ Դոնի փողոցները:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ հասարակական տրասպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին եւ առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրասպորտում, հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ եւ օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ առաջիկայում անցկացնել տրասպորտի հերթական մոնիտորինգ, իսկ քաղաքապետարանի աշխատակազմը մեկ օր օգտվի հասարակական տրասպորտից եւ ներկայացնի իր դիտարկումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply