Իրանի թերթերը 3 տուփ լուցկու գնի են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 20:37

Իրանում այսօր լույս է տեսնում  3000 պարբերական, որոնցից 76-ը նվիրված են կանանց հուզող խնդիրներին, 34-ը մանկապատանեկան են:
Իսկ 125 տարի առաջ այս օրը լույս է տեսել 450 տպաքանակ ունեցող իրանական առաջին պարբերականը՝ «Լրագիր»-ը։  Այս առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան այսօր հանդիպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին։
«Իրանական թերթերը սպառման խնդիր չունեն, քանի որ դրանք շատ մատչելի են ընթերցողի համար• վաճառվում են ինքնարժեքից 10 անգամ ցածր գնով, քանի որ պարբերականները սուբսիդավորվում են պետության կողմից»,-ասում է Մոհամմադ Շաքիբան: Իրանի օրաթերթերի գինը 30 դրամի չափ է, մասնագիտական հանդեսներինը` 100-200 դրամի (Իրանում միջին աշխատավարձը մոտ 600 դոլար է): 
 Մամուլի դատարանը գրաքննում է բոլոր պարբերականները և ոչ ցանկալի հրապարակումների դեպքում կարող է դադարեցնել նյութը տպագրած  լրատվամիջոցի  հրատարակությունը:
Կա՞ արդյոք Իրանում ազատ մամուլ հարցին Շաքիբան պատասխանեց, որ կա ընդդիմադիր մամուլ, սակայն այն պետական սուբսիդավորում չի ստանում. գոյատևում է վաճառքից և գովազդներից ստացված միջոցներով:
Շաքիբան պատմեց, որ Իրանում 1-ին ժուռնալիստական դպրոցը ստեղծվել է 90 տարի առաջ: Այս դպրոցում պատրաստում էին չորս տիպի լրագրողներ` օրվա լուրերի, մշակութային և գրական, միջազգային և կրոնական-հոգևոր թեմաներով գրող։
Այսօր Իրանի տարբեր համալսարաններում 16 ժուռնալիստիկայի ֆակուլտետներ են գործում: 
«Իրանական մամուլի կայացման գործում հայերն ակտիվ դերակատարում են ունեցել: Այսօր էլ Իրանում տպագրվող բոլոր պարբերականների խմբագրություններում բազմաթիվ իրանահայ աշխատողներ կան»,-ասաց Շաքիբան:  Որպես  ապացույց` նա բացեց իրանական «Մշակույթ և արվեստ» ամսագիրը, որում երեք հայ հեղինակների նյութեր կային։
Իրանական առաջին պարբերականից ընդամենը տասը տարի անց` 1894-ին, սկսում է լույս տեսնել հայալեզու «Շավիղ» պարբերականը: 19-20-րդ դարերի ընթացքում Իրանում տպագրվել է 45 հայկական պարբերական, իսկ 1931 թվականից հրատարակվող «Ալիք»  պարբերականը տպագրվում է մինչ օրս:
Շաքիբան տեղեկացրեց, որ  աշխարհի ամենահայտնի և ամենամեծ եկամուտներ ունեցող լրագրողներից մեկը իրանահայ է` CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրը:

Դիտվել է 1740 անգամ:
Print Friendly

Leave a Reply