Վիրտուալ պատերազմ. Ադրբեջանը գրավում է հայկական տարածքները

Շաբաթվա լուր | | September 4, 2009 10:00

xaker1Չորս օր առաջ ադրբեջանցի հակերները կոտրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը (www.ff.am ): Իսկ 7 օր առաջ կոտրել էին ՀՀ պետական եկամուտների կայքը (www.taxservice.am): Կոմիտեի պաշտոնական կայք մտնելիս՝ հայտնվում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի լուսանկարը: Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ կոտրվել էր «Արմինկո» ընկերության սերվերը, որից օգտվում էին նաև պետական մի քանի կայքէջեր, այդ թվում ՝ Կառավարության կայքէջը (www.gov.am):

Հուլիսի 28-ից մինչ հիմա ադրբեջանցի հակերները գրոհում են հայկական կայքերի վրա ու հարյուրից ավել կայքէջ են կոտրել: Այս ընթացքում Հայաստանը 0 ադրբեջանական կայք է կոտրել: Հարձակման են ենթարկվում ոչ միայն հայկական դոմենում (am-ում) գտնվող կայքերը, այլև սոցիալական ցանցերում գործող հայկական խմբերը. օրինակ` Odnoklassniki.ru-ում ադրբեջանցի հակերները վրացի հակերների հետ միասին վերացրել են 28 մեծ հայկական սոցիալական խմբեր` «Армения для всех» խումբը, որում գրանցված էին մոտ 14 հազար օգտվողներ, «Геноцид армян» (9 հազ. օգտվողներ), «Армянские национальные права» (7300 օգտվողներ), ինչպես նաև 7 խումբ` նվիրված Ջավախքի խնդիրներին, 4 խումբ` նվիրված «ASALA-ին» (հայկական ազատագրական գաղտնի բանակ) և «Գարեգին Նժդեհ» խումբը:

Կայքեր կոտրելու տարածված երկու եղանակ կա. առաջինի դեպքում կայքի մեջ հատուկ վիրուսներ են տեղադրվում (այսպես կոչված malware), որը կարող է միանգամից տեսանելի չլինել, փոխարենը` սերվերի մեջ պարունակվող ողջ ինֆորմացիան կվերանա և 2-րդ տարբերակը` հակերները փոխում են կայքի որևէ էջ (այսպես կոչված defacement): Այս դեպքում կայքը բացելիս անմիջապես տեսանելի է, որ նրա նախկին արտաքին տեսքն աղավաղված է կամ ընդհանրապես չկա: Որպես defacementի օրինակ` կարելի է նշել նախորդ շաբաթ կոտրված http: //www.persons.am//-ը, որի գլխավոր էջը թեև աշխատում էր, սակայն ներսում պարունակում էր կոտրված էջեր:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը (Բլոգեր Kornelij Glas-ը) ասում է, որ ադրբեջանցի հակերների զանգվածային հարձակումները սեզոնային են (ապրիլի 24, Խոջալուի դեպքեր, Սումգայիթ և այլն): Նա չի բացառում, որ վերջին հարձակումների պատճառը Մադրիդյան սկզբունքների բացահայտումն է:

«Եղել է դեպք, երբ ադրբեջանցի հակերներն իմ բլոգում բացահայտ տեղեկացրել են, որ կայքեր կոտրելու պատճառը հայկական բլոգերում ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական, հրեական, վրացական գերեզմանները քանդելու դեմ բարձրացված աղմուկն է», – ասում է Մարտիրոսյանը:

Ըստ նրա` մարտական գործողությունների տեղափոխումն ինտերնետ օրինաչափ է, քանի որ այսօր հենց այդ հատվածն է հայկական և ադրբեջանական կողմերի տեղեկատվական պատերազմի հիմնական դաշտը և հնարավոր է` հենց ինտերնետ դաշտում էլ լուծվի ղարաբաղյան հակամարտության ճակատագիրը: Ինտերնետպատերազմների մեջ առաջին և խոշորագույն ճակատամարտը 2000թ. հունվարին Հայաստանի և Ադրբեջանի հակերական խմբերի բախումն էր:

Այդ ժամանակ Ադրբեջանական «Green Revenge և Hijack Team 187» հակերական խմբերը հաջողացրեցին 3 օրով վերահսկման տակ պահել հայաստանյան խոշորագույն պորտալների մոտ 25 կայք` ԶԼՄների, հայերի ցեղասպանությանը նվիրված և այլն: Ի պատասխան` հայկական «Liazor group» խումբը փետրվարին հսկողության տակ առավ ինտերնետի ադրբեջանական գրեթե ողջ հատվածը: Հայ հակերները, կոտրելով ադրբեջանական հեղինակավոր հրատարակություններից մեկի կայքը, ապատեղեկատվություն տեղադրեցին այն մասին, թե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում պատրաստ է զիջումների գնալ: Ադրբեջանական մյուս լրատվամիջոցներն այս ինֆորմացիան տարածեցին ամբողջ աշխարհում` առանց հասկանալու, որ ապատեղեկատվություն է: Այս իրադարձությունը նույնիսկ ազդեց ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա:

Հայերի վերահսկման տակ ընկան նաև ադրբեջանական դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կայքերը: Արդյունքում, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ, որ հսկողության տակ է առել ադրբեջանական հակերներին, որից հետո հայկական կողմը դադարեցրեց «ռազմական գործողությունները»:

«Smart Systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն ասում է, որ ադրբեջանցի հակերների մեծ մասը հայտնի դեմքեր են և գործում են բացահայտ:

«Ադրբեջանցիները կոտրում են ոչ միայն հայկական կայքեր, այլև այլ պետությունների, ուղղակի հիմնական գրոհը հայերի դեմ է ուղղված, – ասում է Ասլանյանը, – երբեմն մենք էլ ենք հարվածում, բայց սա լուրջ պատասխան չէ, պետք է անվտանգության խնդիրը բարձրացնել, ոչ թե միայն կայքի որակը»:

Ասլանյանն ասաց, որ հակերների վերջին գրոհից հետո` երկու օրվա ընթացքում, ձևավորվել է 72 հոգանոց «Հայակական կայքերի անվտանգության խումբը», որը նախատեսում է մշակել կայքերն ավելի անվտանգ կառուցելու ու պահպանելու ծրագիր:

Համակարգչային անվտանգության խնդրով զբաղվում են ՀՀ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), հսկողություն են սահմանում, որ այլ պետության ներկայացուցիչներն անթույլատրելի կերպով չթափանցեն հայկական տեղեկատվական համակարգ: Պետական կայքերի անվտանգությունն ապահովում է ԱԱԾն: Այն փաստը, որ ադրբեջանցի հակերների կոտրած կայքերի մեծ մասը պետական կայքերն են, կասկած չի թողնում, որ ԱԱԾն լավ չի կատարում իր պարտականությունները: Ըստ «Անկախի» ունեցած տեղեկությունների` ԱԱԾն հակերների հարձակումներից մեկ շաբաթ առաջ էր պետական կայքերի անվտանգությունը «թարմացնող» գործողություններ ծավալել:

«Արմինկոյի» տեխնիկական գծով գլխավոր տնօրեն Գրիշա Սաղյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը 2 ուղղությամբ է իրականացնում անվտանգությունը` տեխնիկական և իրենց աշխատակիցների որակավորումը բարձրացնելով: «Օգտագործում ենք համապատասխան բարդություն ունեցող գաղտնաբառեր, նույնիսկ աշխատակիցները մեկը մյուսի դրած գաղտնաբառը չեն իմանում. «բերանբացություն չենք անում», – ասում է Սաղյանը:

Նրա խոսքով` իրենք պատասխանատվություն չեն կրում այն կազմակերպության համար, որը տարածք է գնում իրենցից, բայց չի ապահովում համապատասխան անվտանգություն: Սակայն, եթե նույն ձևով կոտրում են իրենց մոտ տեղադրված ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպությունների կայքեր, ապա պատասխանատվութունը կրում է «Արմինկոն»:

Կայքի կոտրվելու դեպքում փրովայդերն առաջարկում են հետևյալ լուծումը. «Մենք ունենք տեղեկատվությունը պահեստային կրիչների վրա պահպանելու համակարգ: Կա 2 մակարդակ` ամեն օր պահեստային պատճեններ ենք անում, և պատճեն, որի վրա ինֆորմացիայի պահպանման ժամկետը 1 ամիս է: Կոտրվելու դեպքում առաջարկում ենք դնել 1 ամիս առաջվանը` մինչև վերանորոգելը»:

Հայաստանում գործում է Համակարգչային անվտանգության հետ կապված միջադեպերին արձագանքելու կենտրոն: Այն հիմնադրել է Ինտերնետ միությունը, Գիտությունների ազգային ակադեմիան և Ամերիկյան համալսարանը: Կենտրոնի տնօրեն Իգոր Մկրտումյանի հավաստմամբ`իրենց նպատակն է միավորել ինտերնետ համայքները և մշակել գրանտային ծրագրեր:

«CERT AM» կազմակերպությանն աջակցում է Նատոն, – ասաց Մկրտումյանը, – այն իրենից ներկայացնում է ազգային CERT (Computer Emergency Response Team), որը կառավարում են Հայկական ինտերնետ դոմենների ներկայացուցիչները:

«AM NREN CSIRT» (Computer Security Incident Response Team)-ը զբաղվում է հայկական գիտակրթական ցանցում կոմպյուտերային պատահարների փաստերի անալիզով: «Grant Thornton Amyot» կազմակերպության աշխատակից, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Վլադիսլավ Մուրադյանն ասում է, որ իրենք բացի աուդիտորական կազմակերպություն լինելուց, զբաղվում են նաև հակավիրուսային ծրագրերի խորհրդատվությամբ: Սակայն կազմակերպությունն աշխատում է կոմերցիոն սկզբունքով` խորհրդատուն վճարում է, իսկ գումարի չափը կախված է հակավիրուսային ծրագրի որակից: Եթե հակերները կոտրեն պատվիրատուի համակարգչային ցանցը, պատասխանատվությունը կրում է խորհրդատու կազմակերպությունը:

Համակարգչային անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը կարծում է, որ ծրագրավորումից գաղափար ունեցող ցանկացած մարդ կարող է հակեր դառնալ.

«ԱԱԾ դիմելիս ոչ մի օգուտ էլ չես ստանա, քանի որ ոչինչ չի փոխվի, նույն իրավիճակը ոստիկանության հետ է, քանի որ հակերությունն ապացուցելը շատ դժվար է, – ասում է Մուրադյանը, – ընդամենը հարկավոր է հետևել նոր մշակված ծրագրերին, որոնք պարտադիր չէ` հայկական լինեն, և բարձրացնել ինտերնետի որակը»:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply