Առավոտյան ժամերին մայրաքաղաքում զգալիորեն նվազել են տրանսպորտային կուտակումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2011 14:52

Սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի սկսման նոր ժամային գրաֆիկների փոփոխությունը իր դրական ազդեցությունն է ունեցել երթևեկության բեռնաթափման առումով և կենտրոնական խաչմերուկներում զգալիորեն նվազել են  տրանսպորտային կուտակումները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել ուսումնասիրությունները և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:

Անդրադառնալով մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերին, քաղաքապետը հանձնարարել է հետևել աշխատանքների ժամանակացույցին և  խիստ պահանջ դնել մրցույթները շահած բոլոր թերացող ընկերությունների առջև. «Եթե մենք կառուցապատողներին հայտարարում ենք շինարարության նոր մշակույթ ձևավորելու մասին, ապա առաջին հերթին այն պետք է պահանջենք և ապահովենք քաղաքապետարանի պատվերով իրականացվող շինբարեկարգման աշխատանքներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը հանձնարարելով հետևողական և խիստ վերահսկողություն իրականացնել շինհրապարակներում աշխատանքների պատշաճ կազմակերպման, աշխատաժամերի, աշխատանքային անվտանգության նորմերի պահպանման ուղղությամբ: Այս նպատակով հանձնարարվել է պարբերաբար ստուգայցեր իրականացնել շինհրապարակներում:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս հանձնարարել է 2012թ.-ի ծրագրերը կազմելիս առաջնորդվել աշխատանքների ավարտի համար նախատեսվող տրամաբանական ժամանակացույցով: Կոնկրետ շինբարեկարգման ծրագրերի մասով հանձնարարվել է աշխատանքների զգալի մասը նախատեսել ամռան համեմատաբար պասիվ ամիսներին:

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկած շենքերի կամարակապ անցումների բարեկարգման աշխատանքներին ներգրավվել են նաև մայրաքաղաքի ԲՈՒՀ-երի ուսանողներ: Քաղաքապետը հանձնարարել է ընդլայնել ծրագիրը և հնարավորին շատ կամարակապ անցումներ ընդգրկել բարեկարգման աշխատանքներում:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի զեկուցվել է, որ «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները հիմնականում ավարտել են ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում և գազաբաշխիչ կետերում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման և բարեկարգման ուղղությամբ աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել միասնական բազա ստեղծելու նպատակով գույքահարկի և հողի հարկի բազային տվյալների ճշգրտման և գնահատման գործընթացը:

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գրեթե ավարտվել է աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը և մայրաքաղաքի սուբյեկտները բերվել են պայմանագրային դաշտ: Սեպտեմբերի 1-ի դրությամբ կնքվել է 10530 պայմանագիր:

Անդրադառնալով սեպտեմբերի 3-ի համաքաղաքային շաբաթօրյակին, քաղաքապետն ընդգծել է, որ մաքրման և բարեկարգման աշխատանքները պետք է առավել կազմակերպված և հասցեական լինեն. «Միայն համակարգված և միասնական աշխատանքի դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի»,- նշել է Կարեն Կարապետյանը, հանձնարարելով հաջորդ երկու շաբաթօրյակներն առավել ակտիվ և հասցեագրված կազմակերպել:

 

 

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply