Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օր

ԷՍՍԵ | | September 1, 2011 13:42

Ավանդաբար գրապաշտ մեր ազգի համար կրթությունը շարունակում է պաշտամունք մնալ: Օրվա ապրուստը հազիվ հասցնող հայ ծնողներն իրենց զավակի բուհական վարձավճարի խնդիրը լուծելու միջոց ու հնար, ամեն դեպքում, գտնում են:

Ուսանող զավակն ինքն էլ, ուսմանը զուգահեռ սրճարաններում, ռեստորաններում սպասարկելով կամ ամռանը մեկնելով օվկիանոսից անդին, փորձում է վաստակել իր ուսման վճարը կամ գոնե դրա կեսը:

Ցավոք, կրթությունն այսօր հիշատակվում է կաշառասուն ասպարեզների առաջին շարքում: Հետաքրքիր է, որ թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում պատկերը գրեթե նույնն է: Բուհը, որ համարվում է մասնագիտական ուսման դարբնոց, մեղմ ասած, այսօր այնքան էլ որակյալ կադրեր չի տալիս: Ե՛վ սովորողը, և՛ ուսման հետ գլուխ չունեցողը հայտնվում են նույն հարթության վրա` քննաշրջանը ոսկե երակի վերածած դասախոսի կամավոր կամ հարկադիր զոհը դառնալով: Երևի ոչ մի ոլորտ այնքան խնդիրներ չունի, որքան այսօր կուտակվել է կրթական համակարգում:

Հանրակրթական դպրոցն էլ կորցրել է գիտելիքի գլխավոր մատակարարի իր առաքելությունը: Դպրոցն ընդամենը ձևական օղակ է դարձել դեպի բուհ ճանապարհին: Դպրոցի վարկի անկմանը զուգընթաց` ամրապնդվում է կրկնուսույցների ինստիտուտը, որը գրեթե զանգվածաբար անցնում են մասնավոր ու պետական բուհերի դիմորդները:

Իսկ  մնացած հարցերում մեր կրթությունը պարտաճանաչ նմանակում է զարգացած աշխարհի կրթական չափորոշիչները` բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա, 12-ամյա դպրոց… Նորոգվում ու հիմնանորոգվում են դպրոցները, ջեռուցման նախնադարյան համակարգից անցնում ենք լոկալ համակարգի: Համակարգիչները փոխարինել ու շարունակում են փոխարինել գրքերին:

Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ մեր երեխաները հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունն ամենից վատ գիտեն: Ազգային ու քաղաքացիական մտածողությունն այս երեք առարկաներն են սերմանում:

Ուսումնական ծրագրերում ու պլաններում այս առարկաների տարածքն ու նշանակությունն աններելի նվազել է: Նրանց տեղն այսօր գրավել են անգլերենն ու համակարգիչը: Բայց ի՞նչ պետական դպրոց` առանց գրականության ու պատմության, կասենք բոլորս: Կրթական ոլորտը պարզապես չընդհատվող փորձարարությունների շրջան է ապրում: Անցումային շրջան է. այսպես ենք արդարացնում մեր վրիպումներն ու դժվարությունները նաև այս ասպարեզում:

Բայց գալիս է սեպտեմբերի 1-ը, ամենագեղեցիկ օրերից մեկը հայ մարդու ու նրա զավակի համար: Հայ մարդու, որի համար դեռ մեծագույն արժեք է կրթությունը: Կամենանք, որ այն անփոփոխ անցնի նաև իր զավակին, որին, ցավոք, բաժին ընկան կրթական արժեքների խեղաթյուրման ժամանակները:

Կարևորը կրթության բովանդակությունն է

Չգիտես ինչու, սեպտեմբերի 1-ը մեզանում վերածվել է սոսկ շինարարական, կահավորման, դասագրքերով ապահովելու, աշակերտների հագուստի մասին հոգալու, ինչ խոսք, կարևոր, բայց փաստորեն կրթության բուն բովանդակությանը չվերաբերող հարցերի լուծման մի յուրահատուկ ստուգատեսի: Մինչդեռ դպրոցի և ընդհանրապես կրթական ողջ համակարգի բուն խնդիրը ոչ միայն տեխնիկական բնույթ ունեցող նման հարցերի համալիրն է, այլև կրթահամակարգի տարբեր օղակների միջոցով աշակերտին, ուսանողին, ասպիրանտին տրվող գիտելիքների բովանդակության վերականգնումը, հարստացումը և խորացումը:

Առաջին հայացքից կարծես թե բոլորը գոհ են. ավարտական վկայականների, դիպլոմների, գիտական կոչումների պակաս մեզանում այսօր չի նկատվում, բայց ահա աշակերտը դպրոցից դուրս է գալիս գիտելիք չստացած, ուսանողը բուհն ավարտում է զանազան չհամակարգված ու կցկտուր տեղեկությունների՝ 99,99 տոկոսով որևէ կիրառական նշանակություն չունեցող պաշարով, իսկ ասպիրանտուրան ավարտած «գիտնականները» սոսկ որևէ առաջատար երկրում վաղուց արդեն բացահայտված գիտական հիմնահարցի «տեղայնացնողներ» են դարձել:

Այս դաժան ճշմարտությունը հետևանք է այն իրողության, որ մեզանում այսօր բացակայում են կրթության բովանդակության սահմանման ու ստուգման չափորոշիչներն ու մեխանիզմները: Ուստի բնական է, որ վերջերս կիրառվող բարձրագոչ «օպտիմալացումը» դարձել է ոչ թե դպրոցը որակյալ կադրերով ապահովելու, այլ պարզապես ուսուցիչների մի մասից ազատվելու, իսկ մյուսների աշխատավարձը բարձրացնելու եղանակ, այսինքն՝ ոչ թե կրթական բարեփոխում, այլ մարդկանց որոշակի խմբերի սոցիալական վիճակի վատացում կամ բարելավում:

Ներկա դպրոցական և բուհական տարեշրջանի սկիզբը պետք է դառնա որոշ խնդիրների լուծման՝ կրթության բովանդակության վերականգնման սկիզբը: Իսկ դրա համար այսուհետև անհրաժեշտ է կրթահամակարգին նայել ոչ թե դրսից, ոչ թե պաշտոնյայի, ղեկավարի կամ ծնողի ակնոցով, այլ ներսից՝ աշակերտի, ուսուցչի, դասախոսի և ըստ այդմ սահմանել, որ, առաջին` գիտելիքը, որը տրվում է կրթության ողջ համակարգի միջոցով, իր բովանդակությամբ պետք է համապատասխանի պետության ներկա պահանջներին, երկրորդ՝ ուսուցչի կամ դասախոսի կողմից աշակերտին կամ ուսանողին մատուցված գիտելիքների մակարդակը պետք է պարբերաբար և բծախնդրորեն ստուգվի պատվիրատուի, տվյալ պարագայում՝ պետության կողմից, երրորդ՝ պետք է վերացվի ուսուցիչների և դասախոսների ատեստավորման ներկա խիստ ձևական համակարգը՝ այն դարձնելով իսկապես մրցութային, իսկ մրցույթը՝ հրապարակային:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 


Դիտվել է 5162 անգամ:
Print Friendly

Leave a Reply