«Աշխարհը ողջունել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունը»,-ասում է ՀՀ արտգործնախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2009 19:43

«Ամբողջ աշխարհից դրական գնահատականներ են հնչել վերջին իրադարձության կապակցությամբ: Դրական կարծիք է հայտնել նաև սփյուռքը». այսպիսի գնահատական է տվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով օգոստոսի 31-ին Երևանի և Անկարայի միջև նախաստորագրված արձանագրությունների փաստը: Ըստ նախարարի` արձանագրությունները նոր փուլ արձանագրեցին հայ-թուրքական հարաբերություններում` շնորհիվ 2 կողմերի դրսևորած ամուր կամքի և միասնական ցանկությամբ առաջ շարժվելու պատրաստակամության:

«Ղարաբաղյան հարցը ոչ մի կապակցվածություն չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, այս մասին բազմիցս հայտարարել ենք թե’ մենք, թե’ եռանախագահները: Իսկ երբ ամբողջ աշխարհը տրամադրված է մեկ ուղղությամբ շարժվելու, ուրեմն հակառակվող ցանկացած պետություն կհակառակվի աշխարհին»,- մեկնաբանեց նախարարը` ընդգծելով, որ արձանագրված փաստաթղթում էլ Կարսի պայմանագրի (որով սահմանվում է Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը) մասին որևէ հիշատակում չկա,  և «պետք չէ եզան տակ հորթ փնտրել»:

Նալբանդյանը հերքեց շրջանառվող վարկածը, թե մինչև արձանագրության նախաստորագրումը եղել է փաստաթղթի նախնական տարբերակ, որի մեջ նշված չի եղել միջկառավարական հանձնաժողով (հայ և թուրք պատմաբաններից կազմված) բառակապակցությունը, և թե այն ավելացել է Թուրքիայի պարտադրմամբ:

Արտգործնախարարի խոսքով` մեկնաբանությունները, թե արձանագրությունը չի կարող վավերացվել ու հիմք դառնալ պայմանագիր կնքմանը, իրականությանը չեն համապատասխանում:

«Միջազգային պրակտիկայում կա այդպիսի նախադեպ, որ արձանագրությունը վավերացվել է ու կնքվել պայմանագիր. մեր օրենսդրությունում էլ չկա հստակ ամրագրված կետ, որով կարող է սահմանափակվել արձանագրության վավերացումը,- ասաց նա,-Հրապարակված փաստաթղթի մեջ ասվում է, որ եթե պայմանագիրը ստորագրվի և ուժի մեջ մտնի, ապա ստորագրումից 2 ամիս հետո կբացվի սահմանը»:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply