Թուրքիայի սահմանի բացման նոր արձանագրությունը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 2, 2009 17:43

armenia-turkey1Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունը, որով սկիզբ է դրվում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել` ինչպես այս երկու երկրներում, այնպես էլ միջազգային ասպարեզում, և հատկապես Ադրբեջանում:

Օգոստոսի 31-ի երեկոյան Շվեցարիայի միջնորդութությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրության ժամանակացույցով նախատեսվում է սահմանի բացում` ստորագրման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար, որին էլ կհաջորդի սահմանի բացումը:

Փաստատթղերի ստորագրումից հետո Թուրքիայի ԱԳՆն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Թուրքիայի և Հայաստանի հանրապետությունները տրամադրված են համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ Շվեյցարիայի օգնությամբ»:

Միևնույն ժամանակ, սակայն, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան գործընթացի ներկա փուլում չի նախատեսում Հայաստանի հետ սահմանի բացումը:

«Թուրքիայի նպատակն է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ և Կովկասում կայունության պահպանումը»,- հայտարարել է Դավութօղլուն` նշելով, որ գործընթացի յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի կառնի Ադրբեջանի շահերը: «Թուրքիան խաղաղության օրինակ է ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում և չի կարող իր հարևանների հետ սահմանային խնդիրներ ունենալ»,- ասել է Դավութօղլուն:

«Ռեգնում» գործակալությունը, մեկնաբանելով արձանագրության կնքման փաստը, գրում է, որ դա տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշումների ազդեցությամբ:

Հուլիսի 10-ին ամերիկացի 4 կոնգրեսականներ` Ֆրանկ Փալոնեն, Մարկ Քըրքը, Ադամ Շիֆթը և Ջորջ Ռադանովիչը, նախագահ Օբամային դիմում ուղղարկեցին, և նամակի ներքո 81 կոնգրեսականներ դրեցին իրենց ստորագրությունը: Նամակում կոնգրեսականներն իրենց մտահոգությունն էին հայտնել, որ Թուրքիան կասեցրել է ապրիլին ընդունված «Ճանապարհային քարտեզի» իրագործումը:

Նամակում ասվում էր, որ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելուն, սակայն Թուրքիայի գործողությունները և հայտարարությունները հակասում են հարաբերությունների կարգավորման պատրաստակամությանը:

«Ռեգնում»ի մեկնաբանությամբ` ճնշումներից հետո Թուրքիան ձեռնարկեց հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հաջորդ քայլը, և ստորագրվեց արձանագրությունը: Երեկ երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել` ողջունելով 2 երկրների ձեռնարկած քայլերը, որտեղ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները պետք Է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի և խելամիտ ժամկետում: «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային արագացնել աշխատանքն այդ ուղղությամբ և հիմնվել պայմանավորվածություններում առկա սկզբունքների վրա»,-ասված Է պետքարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտը նաև հայտարարել Է, որ ԱՄՆը նախկինի պես պատրաստ Է երկու երկրների կառավարությունների հետ սերտորեն համագործակցել հակամարտության լուծման գործում:

Ադրբեջանի ԱԳՆն տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված է. «Հայթուրքական սահմանի բացումը, առանց Ղարաբաղյան հակամարտության լուծման, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլոխովը հիշեցրել է, որ այս տարվա մայիսի 14-ին Ադրբեջանի Միլի մեջլիսում ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն ասել էր, որ հայթուրքական սահմանը կարող է բացվել միայն «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարից հետո»:

Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «day·az»-ին ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլը միջոց է, որ Հայաստանի նախագահ Սարգսյանը կարողանա ներկա գտնվել Թուրքիայում տեղի ունենալիք ՀայաստանԹուրքիա ֆուտբոլային խաղին. այս համաձայնագրի ստորագրմամբ տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները սահմանների բացման նախաշեմին են, ինչը համապատասխանում է պայմաններին, որ Սարգսյանն առաջադրել էր Թուրքիա այցելելու համար:

Նաման կարծիք է հայտնել 7or.am-ին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը. «Այդ պրոտոկոլն ապրիլի 22-ի համատեղ հայտարարության տրամաբանական շարունակությունն է, որն առաջ եկավ զուտ այն պատճառով, որպեսզի որևէ շանս չթողնի, որ Սերժ Սարգսյանը չկարողանա մանևրել Թուրքիա գնալչգնալու հարցում»:

Նա ասում է, որ սա շատ անորոշ մի փաստաթուղթ է և Թուրքիայի արտգործնախարարի մեկնաբանությունը նույնպես ապացուցում է, որ Թուրքիան որպես նախապայման զուգահեռ դնում է ԼՂՀի հարցի լուծումը. «Թուրքերը փորձելու են երկարաձգել այս գործընթացն այնքան ժամանակ, որպեսզի զուգահեռաբար ճնշումներ լինեն` ԼՂՀի հակամարտության լուծումն ի նպաստ Ադրբեջանի արագացնելու համար»:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply