Ինչպե՞ս է կարգավորվում ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | August 16, 2011 7:00

Հավանաբար անհեթեթություն կլիներ պատկերացնել, որ մարդ անընդհատ աշխատի և այդ ընթացքում լիցքաթափվելու, ուժերը վերականգնելու, առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն չունենա: Այսպիսի հանգամանքների հաշվառմամբ էլ սահմանադրորեն և օրենսդրորեն կարգավորվում է մարդու հանգստի իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածում սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ գլուխը նվիրված է հանգստի ժամանակին, որի 158-րդ հոդվածը տալիս է ամենամյա արձակուրդի բնորոշումը, ըստ որի. «Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը»: Ընդ որում, ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Երկարացված, այսինքն` 25 աշխատանքային օր տևողությամբ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 30 աշխատանքային օր 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 42 աշխատանքային օր` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել`

1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.

2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ: Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`

1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.

2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:

Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

Ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը:

Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը, իրենց ցանկությամբ, տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է նրա նախընտրած ժամանակ:

 

Ավետիք Հարությունյան

 

 

Դիտվել է 5561 անգամ:
Print Friendly

Leave a Reply