Հայ ավանդական խոհանոցի մոռացված կերակրատեսակները վերհանվում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 29, 2011 15:00

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր հիմնական առաքելությունը’ հայ ավանդական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումը: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը, այդ ամենը կազմակերպությունն իրականացնում է բազմապիսի կազմակերպվող միջոցառումների եւ փառատոների շնորհիվ: «Այս առումով կազմակերպոթյունն ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում, Արցախում, Ջավախքում, հայկական սփյուռքում»,- ասաց նա’ հավելելով, որ այդ տարածաշրջաններում արդեն իսկ բանահավաքչություն է իրականացվել’ մոռացված բաղադրատոմսեր եւ կերակրատեսակներ վերհանելու նպատակով: «Արդյունքները տպավորիչ են. յուրաքանչյուր մարզում ընդգրկելով երկու բնակավայր’ մենք արդեն իսկ տասնյակ մոռացված կերակրատեսակներ ենք վերհանել»,- ասաց նա:

Վ. Անթանեսյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ իրենց կողմից կազմակերպված փառատոները մեծ հնչեղություն են սկսել վայելել: «Արձագանքներ կան ոչ միայն Հայաստանից, այլեւ եվրոպական մի շարք երկրներից»,- ասաց նա:

Հասարակական կազմակերպության կողմից վերջերս կազմակերպված Տոլմայի համահայկական առաջին փառատոնի հովանավորները եւ փառատոնը լավագույնս լուսաբանած լրատվամիջոցներն արժանացան պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Նշենք, որ կազմակերպությունը զբաղվում է նաեւ հայոց ազգային ծեսերի, տոների մասսայականացմամբ: Այս առումով յուրաքանչյուր տարի նշվում են հայոց ազգային տոները, կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ:

 

Դիտվել է 2399 անգամ:
Print Friendly

Leave a Reply