«Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վավերացումը կապ չունի նախաստորագրված արձանագրության հետ»,- ասում է նախկին արտգործնախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 15:13

Ալեքսանդր Արզումանյան«Ես ինքս ջատագով եմ հայ-թուրքական հարաբերությունների քաղաքակիրթ ձևով հաստատմանը, բայց մտահոգիչ է, թե ինչի հաշվին է լինելու այդ կարգավորումը»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով երեկ գիշեր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությանը` Արզումանյանը հիշեցրեց ընդդիմության դիրքորոշումը, թե չի կարելի հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել ԼՂ հիմնախնդրով, և Թուրքիան ու Հայաստանը պետք է բանակցեին առանց նախապայմանների, սակայն երկու կողմն էլ նախապայմաններ են առաջ քաշում:

«Արձանագրությունը ժամանակային առումով սահմանը բացելու և հոկտեմբերին նախագահին Թուրքիա մեկնելու հնարավորություն է տալիս, բայց միևնույն ժամանակ պատանդի մեջ է պահում երկու գործընթացները` սահմանի բացման ձգձգումն ու ԼՂ հարցի կարգավորումը»,- ասաց Արզումանյանը:

Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վավերացումը կապ չունի նախաստորագրված արձանագրության հետ, որը դեռ չի վավերացվել ու  հնարավոր է` չվավերացվի. «Հայաստանն այսօր մոտ 146 պետությունների հետ ունի ստորագրած արձանագրություններ, որոնք մնացել են միայն  որպես արձանագրություններ»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով`հավանականությունը մեծ է, որ սահմանը կբացվի: Նա նշում է, որ նախաստորագրված արձանագրությունն արդյունք էր ֆուտբոլային դիվանագիտության, որը վերջին ժամանակներին  կարծես թե կանգ էր առել, սակայն ընթացող պրոցեսները տանում էին դրան, և այն սպասելի էր: «Պարզապես, իմ կարծիքով, շատ ոգևորվել  պետք չէ այս հարցում. պետք է ավելի զգոն լինել մեր խնդիրները պաշտպանելու հարցում»,-«Անկախ»-ին ասաց Մելքոնյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով`արձանագրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, որին պետք է լուրջ վերաբերվել:

«Թուրքական դիվանագիտությունը հրաժարվեց Հայաստանի հետ հարաբերությունները Ղարաբաղի խնդրի հետ կապելու իր մոտեցումից, քանզի փաստաթղթերում ոչ մի հիշատակում չկա հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ կապելու մասին»- ասաց  Սաֆրաստյանը:

Սակայն նա կարծում է, որ երևույթը չի նշանակում, թե Թուրքիան կարճ ժամանակահատվածում կկատարի իր վրա վերցրած պարտավորությունները:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply