Ո՞վ է աշխարհի մեծագույն նկարիչը». Սալվադոր Դալիի օֆորտները Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 1, 2011 15:05

Հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին բացվել ու մինչև հոկտեմբերի 15-ը կգործի Սալվադոր Դալիի օֆորտների ցուցահանդեսը, սակայն քչերն են երևի տեղյակ, որ ցուցահանդեսի շրջանակներում  ցուցադրվում է Արշիլ Գորկու գրաֆիկայի մեկ բնօրինակ: Նկարը պատկերասրահին տրամադրել է մասնավոր կոլեկցիոներ: Ազգային պատկերասրահի ֆոնդերում Գորկի առհասարակ չկա, ինչպես նաև չկան սյուրռեալիզմի ու իմպրեսիոնիզմի ուղղությունները ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մի քանի տարի է, ինչ գործում է Արշիլ Գորկու թանգարան, որտեղ առայժմ ցուցադրվում են Գորկու աշխատանքների վերատպություններ. դրանցից երկուսը ցուցադրված էին այս շարքում:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, որից 120-ը Դալիի օֆորտների հավաքածուն են: Կան նաև մի քանի Կանդինսկի, Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինին և Ջորջո դե Կիրիկո: Ցուցահանդեսը կրում է «Սյուրռեալիզմը և հայ նկարիչները» խորագիրը. մշակույթի նախարարությունը որոշել է սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչների համատեքստում ցուցադրել նաև սյուրռեալիզմի ազդեցությունը կրող հայ նկարիչներին: Առանձին սրահով ներկայացված են  Քոչար, Թութունջյան, Հակոբյան, Փարաջանով և այլք:

Սյուրռեալիզմը արվեստի ուղղություն է, որը ձևավորվել է 1920-ականներին Ֆրանսիայում: Հիմնադիրը համարվում է գրող, բանաստեղծ Անդրե Բրետոնը: Այս ուղղության հիմքում ընկած է ռեալիզմի և աբսուրդի համադրությունը: Գեղանկարչության մեջ այն զարգացրել են Սալվադոր Դալին, Մաքս Էռնստը և Ռենե Մարգրիտը:

Բացի հայ նկարիչների աշխատանքներից, որոնք բերված են Հայաստանի տարբեր թանգարաններից, ողջ հավաքածուն պատկերասրահին տրամադրել է Լոս Անջելեսում բնակվող Քրիստին Արժիլեն, որի ամուսինը հայ է: Նրանք մի քանի անգամ եղել են Հայաստանում, և Քրիստինը միտք է հայտնել, թե լավ կլիներ, որ Հայաստանում ևս բացվեր Դալիի ցուցահանդես:

Ցուցահանդեսը  արվեստասեր հանրության շրջանում մեծ ուշադրության է արժանացել. այցելուների մեծ հոսք կա: Պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնի  վարիչ Անի Ավագյանն «Անկախին» ասաց, որ սովորաբար պատկերասրահի այցելությունները չեն գերազանցում 100 մարդը, և հիմնականում լինում են խմբային այցելություններ: Սակայն ցուցահանդեսի բացումից մինչ օրս պատկերասրահն ունեցել է շուրջ 5000 այցելու, որը ռեկորդային թիվ է:

«Ամենաշատ այցելու եղել է բացման օրը` մոտ 500,- ասաց նա,- դրանից հետո հոսքն աստիճանաբար պակասեց` մոտ 400, իսկ հիմա, եթե հաշվի առնենք, որ մոտենում է օգոստոսը, և  մարդիկ արձակուրդ են գնում, օրական միջինը 300-350 այցելություն է լինում»:

Արժիլեների ընտանիքին է պատկանում Դալիի պղնձափորագրությունների ամենամեծ հավաքածուն: Աշխատանքների մեծ մասն արվել է 1934-1973 թթ.: Քրիստինի հայրը` Պիեռ Արժիլեն, Փարիզում հայտնի նկարահավաք ու հրատարակիչ էր:  Դալին և Արժիլեն հանդիպում են 1934 թ., որից հետո նա աստիճանաբար գնում է Դալիի տարբեր տարիների ստեղծագործություններ: Նա ստեղծում է շատ մեծ հավաքածու, որում, Դալիից բացի, կա Կանդինսկի, Հանս Արպի, Տրիստան Տցարա, Ջորջո դե Կիրիկո: 1980 թ. Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող Վո-լը-Պենիլ դղյակում Պիեռ Արժիլեն բացում է սյուրռեալիզմին նվիրված թանգարան: Նրա մահվանից հետո գործը շարունակում է դուստրը` Քրիստինը, որ ղեկավարում է  Արժիլե պատկերասրահը:

Սալվադոր Դալին իսպանացի արվեստագետ է. նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող: Ծնվել է 1904 թ. Իսպանիայի Ժերոն պրովինցիայում: Փոքր տարիքում եղել է չափազանց քմահաճ, սիրել է ամեն ինչում աչքի ընկնել և հայտնվել ուշադրության կենտրոնում: Հայտնի է արտասովոր վարքով: Նրա հավակնություններն առավել քան երևում են այն «անեկդոտի» վերածված դիպվածում, երբ Դալիին հարցրել են, թե ով է Իսպանիայի ամենամեծ նկարիչը: Նա պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ միայն Իսպանիայի և ոչ աշխարհի»:

Դալին ստեղծել է մոտ 1500 գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում կտավներ, գրաֆիկա, գրքերի նկարազարդում, օֆորտ, քանդակ: Առավել հայտնի ստեղծագործություններից են «Հիշողության հաստատունությունը» (1931թ., Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարան), «Մեծ մաստուրբատորը»` (1929 թ., Մադրիդի Սոֆիա թագուհու արվեստների կենտրոն),  «Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից» ` (1958 թ., Ֆլորիդա, Սալվադոր Դալիի թանգարան) և այլն: Դալին մեծապես ազդվել է հոգեբան Զիգմունդ Ֆրոյդից և գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեից:

Ցուցահանդեսն ապահովագրել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը:

 

Դիտվել է 2291 անգամ:
Print Friendly

Leave a Reply