Սերգեյ Շակուրով. «…Ամենակարևորը` իմ կյանքի երկորդ կեսն է կապում ինձ Հայաստանի հետ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 1, 2011 7:00

Սերգեյ Շակուրովի այցը Հայաստան անկասկած կարելի է իրադարձություն համարել: Շակուրովը ռուս հայտնի դերասաններից է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Սիրում է հաճախ կատակներ անել, չի սիրում այն լրագրողներին, ովքեր փորձում են փորփրել իր անցած ճանապարհը: Ասում է, որ իրեն կարելի է երջանիկ մարդ համարել:

Մեր զրույցն էլ հանրաճանաչ ու կատակասեր Շակուրովի հետ երևանամերձ ակումբներից մեկում էր:

Պարոն Շակուրով, ասում են` աղջկա սիրտը տանող ճանապարհը հաղթահարել եք բռունցքների գնով

-Ջահել ժամանակ շատ էի սիրահարվում (ծիծաղում է): Ռուսաստանում ուղղակի չես կարող չսիրահարվել: Բունցքներին, անկեղծ ասած, շատ տեմպ ու ռիթմ չեմ հաղորդել, նախընտրել եմ սիրո մասին խոսել լուռ, առանց կատակի: Աղջիկներն ինձ  առանձնապես չէին մերժում, իսկ այդ ժամանակ ես դեռ սովորական Յոժան էի, որ հաճույքով անցկացրեց ու անմոռաց պահեց իր կյանքի անչափ կարևոր ժամանակահատվածը` մանկությունն ու պատանեկությունը: Երիտասարդության տարիներն էլ, պետք է ասեմ, ինձ համար խոստումնալից էին: Ես արդեն 70 տարեկան եմ ու վայելում եմ` ապրելով նախկին երիտասարդությունս: Ինձ հիմա ծեր չեմ զգում, ճիշտ է, նույն 20 տարեկանը չեմ, բայց դե բիձուկ էլ չեմ: Կարծում եմ` ամեն տարիք իր գրավչությունն ունի:

Իսկ ամեն տարիքի հետ փոխվե՞լ է Ձեր մտածողությունը:

Դերասան լինելը դժվար բան է: Մտածողությունն ինձ համար առաջին հերթին փիլիսոփայություն է, գաղափարը գուցե ավելի տանում է դեպի հայրենասիրություն, քաղաքականություն: Բայց ես երբեք այսքան տարիների ընթացքում չեմ փորձել միջամտել, կարծիք հայտնել քաղաքական որոշումների, քննարկումների ժամանակ: Միշտ կամ գրեթե միշտ ինձ համար կարևոր է եղել արվեստը: Ես երևի այն հատուկենտ արվեստագետներից եմ, ովքեր մի ամբողջ կյանք նվիրել են կինոյին ու թատրոնին, բայց չեն հոգնել: Ես, անկեղծ ասած, չեմ հոգնել, որովհետև շատ, շատ-շատ եմ սիրում իմ գործը:

Պատահե՞լ են դեպքեր, երբ դերընտրության ժամանակ մենամարտել եք ռեժիսորի հետ: Ասենք, Ձեր խաղընկերը կյանքում ձեր իսկական թշնամին է եղել

– Իրականում շատ բան է պատահել: Ո՞նց կարող ես նման դեպքերից խուսափել: Ընդհանրապես դերասանները մի քիչ կոնֆլիկտային բնավորություն են ունենում, հաճախ գուցե մեծամտանում են: Բայց ինձ ոչինչ չկարողացավ մեծամտացնել, մինչև հիմա էլ, երբ ինչ-որ դեր եմ մարմնավորում, մտածում եմ, որ այն իմ առաջին դերն է, իմ հաջողությունը երևի այս տրամաբանության հետ է կապվում: Շատ հաճախ կոնֆլիկտներ տեղի են ունենում կապված գլխավոր դերերի կամ էլ դերերի կերպարանափոխությունների հետ: Մարդիկ այսօր պատրաստ են ներդրումներ անել, լուրջ ներդրումներ: Արագ-արագ ընտրվում է կազմը, ու արդյունքը լինում է գոհացնող թե՛ ստեղծագործական անձնակազմի համար, թե՛ նրա համար, ով ներդրումներ է կատարել: Դերերի համար հիմա չեմ մենամարտում, այլ պրոդյուսերիների հետ շատ երկար բանակցություններ եմ վարում: Երբ ամեն ինչ մի ձեռքսեղմումով ու եվրոպացու նման ժպտերես հայացքով կյանքի է կոչվում, հիմնականում համաձայնում եմ մասնակցել առաջարկվող նախագծերին: Իսկ թատրոնն իմ կյանքն է, չեմ կարող հրաժարվել նրանից:

Այսինքն` Դուք առաջնորդվում եք այն տրամաբանությամբ, որ փո՞ղն է որոշում ամեն ինչ:

– Բայց ի՞նչ անել, որ դարը փողի հետ է զուգորդվում: Երբ երիտասարդ էի, հոնորարների մասին չէի էլ մտածում, առաջնայինն ինձ համար այն էր, որ իմ արած գործից, մարմնավորած կերպարից հաճույք ստանամ: Այս գործում կայունությունը զրոյական է, աննշան: Մենք` դերասաններս, բանկի աշխատող չենք, որ առավոտյան գնանք աշխատանքի ու ճիշտ ժամանակին վերադառնանք տուն: Պատահում են դեպքեր, երբ ստիպված ես մի քանի գիշեր անցկացնել նկարահանման հրապարակում:

Համեմատած 60-70-ական թվականների հետ` այսօր արվեստագետները սարսափելի ագահ են դարձել: Չեն վարանում, գնում են այնտեղ, ուր լավ վճարում են: Դա արվեստի նշաձողն իջեցնում է: Ինձ էլ է այս խնդիրը մտահոգում, բայց ես էլ համարյա նույն տրամաբանությամբ եմ առաջնորդվում. այլ տարբերակ չկա: Մյուս կողմից էլ լավ եմ հասկանում գործընկերներիս: Աշխատանքային պայմանները երբեմն անտանելի են դառնում: Դա մշտական ու ծայրահեղ անորոշություն է, դու չգիտես, թե վաղը քեզ հետ ինչ կլինի, արդյոք պրոդյուսերները փող կգտնե՞ն աշխատանքի դիմաց վարձատրելու համար:

-Ասում են` թատերական գործիչները, բովանդակությունը թարմացնելով, հնարավոր են դարձնում ավելի մեծ շահույթը…

– Դա միշտ էլ եղել է: Օրինակ` խորհրդային ժամանակահատվածում կինոնկարահանումները գնացին այն ճանապարհով, որ եկամուտ, շահույթ հետապնդեն: Նկարահանվում ես մի կինոյում, և ավտոսրահի մի շքեղ մեքենան քոնն է: Կարծես ամեն ինչ գայթակղիչ է, բայց բոլորը չէ, որ այն տարիներին կարող էին մեծ էկրան մտնել: Դա միայն ռեժիսորի որոշելու հարցը չէր, թաքնված գործում էին հատուկ ստեղծված հանձնաժողովներ: Ըստ էության, հենց նրանք էին համակարգում կինոյի ու թատրոնի աշխատանքները: Այս ամենը թատրոնում ավելի մեղմ նոտաներով է հնչել: Թատրոնն իր տեսակի մեջ միշտ էլ հատուկ է եղել, այն զբաղեցրել է ամբողջ հոգևոր տեղը: Թատրոնի աշխատավարձը միշտ էլ թշվառ է եղել, նույնիսկ կամաչեմ բարձրաձայն ասել, ցանկալի չէ ուղղակի: Եվ ես չգիտեմ, համոզված չեմ` արդյոք կգա՞ն ժամանակներ, երբ արվեստն իսկապես կգնահատվի:  Ի վերջո, դա դժվար աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեծարել հոլիվուդյան  միջակություններին, բայց անտեսել մեր իրական աստղերին, այն մարդկանց, որոնք իրենց կյանքն արվեստին են նվիրել:

Այս գործընթացն ինչի՞ կհանգեցնի:

– Չեմ սիրում ապագայի մասին կանխատեսումներ անել կամ գնահատականներ տալ: Դա թող անեն թատրոնի ու կինոյի այն քննադատները, որոնք մինչև հիմա էլ դժգոհում են ներկայացումներից, շատերը մտածում են, որ խորհրդային ժամանակահատվածից մինչև հիմա ոչ մի էական փոփոխություն չի եղել: Պատճառներից մեկը երևի այն է, որ դերասանական կազմը` լավագույնը այդ ժամանակներից ի վեր, մինչև հիմա էլ արդարացնում է իրեն:

-Ասում են` Գուրչենկոն իմպրովիզացիայի մեծ վարպետ էր…

-(Ծիծաղում է): Ինքն իրենով նա արդեն եզակի էր: Օրինակ` կարող էր շատ հանգիստ, մեղմ տոնով ասել. «Ձեր ինքնաթիռի դուռը բաց է, փակե՛ք»: Եվ հետո առանց դադարի կարող էր շարունակել հեղինակային տեքստը: Անշուշտ, թատրոնում հայտնվում են մարդիկ, ովքեր տաղանդավոր են: Նա տաղանդավոր էր: Ես կցանկանայի, որ խոշոր աստղագետներից մեկը երկնքի աստղերից մեկի անունը Լյուդմիլա դներ:

-Հետաքրքիր է` ինչպիսի՞ հանդիսատես է հենց Սերգեյ Շակուրովը:

-Ասել, որ շատ հաճախ եմ գնում կինո կամ թատրոն, չեմ կարող: Եթե գնում էլ եմ, ապա ինչ-որ մեկի խորհրդով, խնդրանքով, հրավերով: Հիմնականում չեմ կարողանում մերժել: Թեև պատահում են դեպքեր, որ խորը հիասթափություն եմ ապրում: Ես չեմ կարող լինել այդ դժոխային խառնաշփոթի մեջ: Կինոյի իմ պրեմիերաներին էլ, պետք է ասեմ, շատ քիչ եմ գնում, հիմնականում խուսափում եմ: Իսկ երբ ներկայացումն ինձ ընդհանրապես դուր չի գալիս,  վեր եմ կենում ու դահլիճից դուրս գալիս: Երևի որոշ մարդիկ ինձնից նեղանում են, բայց ես այն տարիքում չեմ, որ ինձ ապուշի տեղ դնեն:

-Պարոն Շակուրով, չխոսեցինք Հայաստանից, ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան:

-«DED-005» ֆիլմն է ինձ ձեր երկիր բերել: Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է` Ֆրունզիկ Մկրտչյանի եղբոր որդին: Ասեմ, որ հենց սկզբից ֆիլմի սյուժեն ինձ անչափ դուր եկավ: Այս ֆիլմը, ըստ էության, սիրո մասին է, երկու երիտասարդների, ավելի ճիշտ` իմ թոռան, որ տաղանդավոր է և արդեն դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Պապը, այսինքն` ես, օգնում է նրան գտնել իր իսկ երջանկությունը: Թոռը սխալ է գործել, իսկ պապը  նախկին «ֆեեսբեեշնիկ» է և փորձում է հարթել բոլոր սխալները: Չնայած ֆիլմում թոշակի եմ անցնում, արյունս եռում է, ուզում եմ շատ աշխատել: Թոռանս ընկերուհին անհավատարիմ է, իսկ տղան սիրահարված է ու չի նկատում դա: Ես նրան ծանոթացնում եմ մի աղջկա հետ, որը, իմ կարծիքով, պետք է նրան, հենց նրա համար է: Իսկ Վախթանգ Կիկաբիձեն իմ խաղընկերն է` որպես ընկեր: Սա սիրային պատմություն է` մի փոքր դետեկտիվ մասով:

-Լա՞վ են ընթանում նկարահանումները:

-Լավ, իհարկե: Ուղղակի Սևանա լճում, որտեղ օրերս նկարահանումներ էինք անում, շատ շոգ էր: Համարյա չէինք դիմանում: Բախտս բերեց, որ ֆիլմի մյուս տեսարանները նկարահանվում էին Երևանում, հիմնականում փողոցի տեսարաններ չկային, շենքի ներսում էինք նկարահանում. այնտեղ շատ հով էր: Հետո էլ Տաթև գնացինք, մի քանի տեսարաններ էլ այնտեղ էին ծրագրված: Իսկ Կիկաբիձեի արձանի բացմանը ես էլ էի մասնակցում: Դիլիջանը սիրում եմ:

-Լսել եմ, որ Ձեր կյանքի երկրորդ կեսը Ձեզ «բերեց» Հայաստան…

-Այո, ճիշտ եք, կինս հայ է: Ծանոթացանք, սիրահարվեցինք ու ամուսնացանք: Ասեմ, որ շատ հայ ընկերներ ու մտերիմներ ունենք: Ես հայերեն մի քանի արտահայտություն գիտեմ, կինս, իհարկե,  վարժ խոսում ու գրում է: Մենք միմյանց հետ շփվում ենք, բնականաբար, ռուսերենով: Երբ նա երբեմն հայկական հաղորդումներ է նայում, մի քիչ նյարդայնանում եմ, քանի որ հայերեն չեմ հասկանում, իսկ նա մեկ-մեկ քահ-քահ ծիծաղում է: Հաճախ է ինձ ասում. «Մի օր քեզ հայերեն եմ սովորեցնելու»: Ու մինչև հիմա սովորեցնում է: Երևի լավ  աշակերտ չեմ, մի քիչ ծույլ եմ (ծիծաղում է): Ի դեպ, այս տարի հայաստանյան նկարահանումների ժամանակ ինձ ուղեկցում է տղաս, որ առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ շատ է հավանել Հայաստանը: Երեկոյան, երբ նկարահանումներ չեն լինում, աշխատում ենք հյուրանոցում չլինել, միասին դուրս ենք գալիս, ինչ-որ սրճարան ենք գնում, քայլում ենք փողոցներով: Երևանը հիմա խորհրդային ժամանակների Երևանը չէ, շատ է փոխվել:

-Ասում են` սիրող ամուսին եք, բառեր չեք շռայլում, բայց չարած խոստումը կատարում եք…

-Անակնկալներ, ինչ խոսք, սիրում եմ մատուցել: Կանանց դա դուր է գալիս: Կինս հայի տիպիկ կերպար է. անկեղծ է, նուրբ հոգի ունի, միշտ իմ կողքին է, անչափ ուշադիր: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մեզ միավորեց մեծ սերը: Մենք հեշտությամբ կարողացանք միմյանց լրացնել: Դե, ինչպես բոլոր դերասանները, երևի ես էլ մի քիչ խենթություններ ունեմ, բայց նրա համար դա սովորական է: Մի հայացք ընդամենը, ու մենք միմյանց հասկանում ենք:

-Հայերեն չգիտեք, բայց վստահ եմ, որ հայկական խոհանոցին լավ ծանոթ եք…

– Ես չէի կարող հայկական խոհանոցին ծանոթ չլինել: Ձեր խոհանոցում շատ համով ուտեստներ կան: Կինս մեկ-մեկ պատրաստում է: Մի 20 տարի առաջ ավելի շատ էր պատրաստում, բայց վերջին ժամանակներս հիմնականում նախըտրում ենք դրսում` սրճարաններում կամ էլ ռեստորաններում ճաշել: Սիրում եմ հայկական տոլման, այն ինձ շատ է դուր գալիս: Դարչինի նուրբ բույրով թաթախված փախլավան, որ ամեն անգամ ճաշակելիս հիշում եմ Անրի Վերնոյի «Մայրիկ» վավերագրական ֆիլմը: Այն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Նկարագրություններում ռեժիսորը նուրբ է, կադրերը խոսուն են, էլ չեմ ասում դերասանական կազմի մասին:

-Հետաքրքիր է` ընտանեկան ավանդույթներ, սովորություններ ունե՞ք:

-Ըստ էության, բոլորս ընտանիքում ազատ ենք, յուրաքանչյուրս մեր օբյեկտիվ կարծիքն ունենք, այդպես ավելի հեշտ է համերաշխություն պահպանել ու երջանիկ լինել: Էդպես օրենքով, որևէ ավանդույթ կամ սովորություն չունենք: Երևի ավելի շատ սիրում ենք դրսում լինել, որպես զբոսաշրջիկ շրջել երկրից երկիր: Հիմնականում, իհարկե, ուղևորությունները կապվում են իմ նկարահանումների հետ, բայց երբ ազատ ժամանակ գտնում ենք, սիրում ենք հանգստանալ որևէ երկրում: Իսկ այս տարի դեռ ոչինչ չենք ծրագրել:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply