Ինչպիսի՞ իրավասությամբ է օժտված նոտարը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 28, 2011 7:00

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի (ընդունված 2001 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ կողմից) 3-րդ հոդվածը տալիս է նոտարի բնորոշումը, ըստ որի` «նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ»:

Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով: Նա, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:

Նոտարը նաև ծառայություններ մատուցելու, ընդ որում` իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում, իրավական եզրակացություն տալու, գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր կազմելու, իրավական այլ ծառայություններ իրականացնելու, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթների իրավունք ունի:

Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ ունի:

Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նա պարտավոր է գաղտնի պահել իր կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերից իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի աշխատանքից ազատվելուց հետո:

Հիշյալ օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են նոտարի իրավունքները:

Իր իրավասության իրականացման համար նոտարը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ունի, կարող է վարձել և ազատել նոտարական գրասենյակի աշխատակիցներին, տնօրինել իր կողմից այլ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, դատարանում հանդես գալ իր անունից որպես հայցվոր կամ պատասխանող կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ:

Նոտարը սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու կամ սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված ծառայություններ մատուցելու, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու  մասին հարցերին պարզաբանումներ տալու իրավունք ունի:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը կազմակերպություններից, պետական կամ համայնքային հիմնարկներից անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջելու իրավունք ունի: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգ օրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկար ժամկետ չի կարող պահանջվել: Սույն կետի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար սահմանված կարգով:

Նոտարը 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդի իրավունք ունի: Առանձին դեպքերում, անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով, արդարադատության նախարարը նոտարին կարող է թույլ տալ օգտվելու լրացուցիչ արձակուրդից` տարեկան մինչև 30 օրացուցային օր տևողությամբ:

Նոտարի աշխատանքային ռեժիմը սահմանում է նոտարը, որը վերահսկում է արդարադատության նախարարը:

Նոտարը սահմանված կարգով ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք ունի: Նոտարն օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ ունի:

 

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply